Friday, March 7, 2014

Եռապատկված ուրախություն և եռապատկված խնդիրներ


«Եվան հանգիստ է, խոշոր մարմնով և մեծ աչքերով. առաջինն ինքն է ծնվել: Գաբրիելան ավելի սպիտակամորթ է, բնավորությամբ շատ մռթմռթան և դժգոհ: Իսկ Մարիամը՝ ամենափոքրը, սովին չի դիմանում»,- ծիծաղելով նկարագրում է իր մեկ ամսական եռյակ աղջիկներին երջանիկ մայրիկը՝ 32-ամյա Անուշ Սահակյանը, ով Վանաձորի կայազորային հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր է:

Ամբողջ ընտանիքը շոկի մեջ էր, երբ իմացան, որ միանգամից երեքով է համալրվելու ընտանիքը. հազարից մեկի մոտ է հղիությունը մինչև վերջ ձգվում, և երեքն էլ նորմալ, առողջ ծնվում են: 

Այս ընտանիքում զույգ երեխաների ծնվելը զարմանալի չէ. «Ես զույգի թայ եմ, սակայն չէի մտածում, որ եռյակ թոռներ կունենամ: Հիմա շատ ուրախ եմ. չէի պատկերացնում, որ կարող եմ մեծ թոռիցս շատ սիրեմ աղջիկներին»,- ոգևորությամբ ասում է Անուշի սկեսուր տիկին Մանուշը:

Ծննդաբերությունը եղել է Երևանում, քանի որ սովորաբար եռյակները փոքր քաշով են ծնվում, և ծնվելուց անմիջապես հետո անհրաժեշտ է համապատասխան օգնություն: «Կեսարյան հատում էր, բայց ես ամբողջ ընթացքում գիտակցության մեջ էի. միակ միտքն այն էր, որ առողջ լինեն»,- հիշում է Անուշը:

Երեք քույրիկներն ունեն մեծ եղբայր՝ 3-ամյա Վահագնը, ում համար ևս զարմանք էր միանգամից երեք փոքր երեխա տեսնել իրենց տանը: «Վահագնն անընդհատ ուշադրություն է պահանջում, դրա համար ուզում է նմանվել աղջիկներին: Սիրում է երեխաներին, բայց դե միաժամանակ շատ խանդում»,- ասում է 4 երեխաների մայրիկը:

Եթե ուրախությունը եռապատկվել է, ապա նույն կերպ եռապատկվել են հոգսերը: «Ծննդաբերությունից հետո խնդիրներ ունեցա. բժիշկներն արգելեցին կրծքով կերակրել: Սնունդն այժմ արհեստական է, և դա իր հետ բերում է ֆինանսական մեծ խնդիրների: Ամենամեծ խնդիրը երեխաների սնունդն ապահովելն է: Երբ երեխան սոված է, էլ ոչնչի չես նայում»:

No comments:

Post a Comment