Friday, November 25, 2011

Հավերժական ակնթարթ


          -   Ուզում եմ թռչել, ինչպես դու:
-   Թռիր, դրանից էլ հեշտ բա՞ն:
-   Բայց ինչպե՞ս:
-   Ուղղակի շարժիր թևերդ:
-   Նրանք չեն շարժվում:
-   Դա ուղղակի անվարժությունից է: Հապա շարժիր:
-   Ոչինչ չի ստացվում:
-   Ախր դա այնքան հեշտ է: Չէ՞ որ դու թիթեռ ես: Իսկ թիթեռները պետք է թռչել իմանան:
-   Ես թիթեռ եմ. ես պետք է թռչեմ:
-   Այ, ապրես, այդպես կրկնիր և անպայման կթռչես:
-   Ոչինչ չի ստացվում. երևի ես արտասովոր թիթեռ եմ:
-Դու ամենասովորական թիթեռ ես, պարզապես անհրաժեշտ է սովորել: Չէ՞ որ քո հայրն էլ, մայրն էլ թիթեռ են եղել և թռել են:
-   Ոչ, ինձ ստեղծել է մի փոքրիկ աղջիկ իր բազմագույն մատիտներով: Ես քեզ ասում էի, չէ՞. ես արտասովոր եմ:
-   Ուրեմն դու նկարած թիթեռ ես:
-   Իսկ նկարած թիթեռները չեն թռչում:
-   Ես շատ կցանկանայի քեզ հետ միասին թռչել մի ծաղկից մյուսը:
-   Ոչինչ, դու թռի՛ր, իսկ ես կնայեմ:
Այդպես անցավ մի ամբողջ օր: Երբ արդեն արևը մոտեցել էր հորիզոնին, թիթեռը հոգնած, բայց ուրախ նստեց թղթի վրա:
-   Քունս տարավ:
-   Ի՞նչ եղավ,- անհանգստացավ նկարած թիթեռը:
-   Մի՞թե դու չգիտես, որ թիթեռները նաև քնում են:
-   Իսկ դա ինչպե՞ս է լինում:
-   Փակում ես աչքերդ և ընկնում երազների աշխարհ:
-   Հետաքրքիր է՝ ինչ կա երազների աշխարհում:  Ես էլ եմ ուզում քեզ հետ: Փակեմ աչքերս, սակայն այնտեղ միայն մթություն է, մի՞թե դա է երազը: Ես չեմ ուզում այդ աշխարհը. այնտեղ սարսափելի է: Թիթե՛ռ: Թիթե՞ռ... Երևի արդեն քնել է: Ինչ տարօրինակ է. երազների աշխարհում լինելով՝ չես կարողանում անգամ լսել:
            Նկարած թիթեռը սկսեց հաշվել աստղերը, ինչպես ամեն գիշեր: Նա ամեն անգամ սկսում էր հաշվել սկզբից, սակայն չէր կարողանում ավարտել. լույսը բացվում էր:
            Լուսաբացին նա ձայնեց թիթեռին, սակայն թիթեռը լուռ էր: «Երևի երազների աշխարհում այնքան լավ է, որ նա չի ցանկանում ետ գալ»,- մտածեց նկարած թիթեռը: Սակայն անցավ ամբողջ օրը, արևը նորից մոտեցավ հորիզոնին, իսկ թիթեռը չէր ցանկանում վերադառնալ երազների աշխարհից:
            Նկարած թիթեռը սկսեց արտասվել: Թղթե արցունքները թափվում էին նրա նկարած աչքերից: Նա հասկացել էր:
-   Ավելի լավ է թռչել, լինել երազների աշխարհում և ապրել մի օր...