Friday, November 8, 2013

Լռության 2880 րոպեն

Ուզում էի այնպես գրել, որ հենց լրանան այս լռության րոպեները, միանգամից տեղադրեմ, բայց հասկացա. ես բաց կթողնեմ ամենակարևորը պահը, ինչ զգացի, երբ «կարող եմ» կրկին խոսել և որն է իմ շրջապատի վերաբերմունքը...
Այս տողերը գրում եմ իմ լռության 2871-րդ րոպեին... հիմա ես հասկանում եմ բանտարկյալներին: 
Չեմ ցանկանում ոչինչ անել,  թե՞յ եմ ուզում, ոչ, հետո, գնա՞մ կողքի սենյակ, ոչ, հետո... բոլոր գործերը հետաձգել եմ և ինչո՞ւ... լռությա՞ն պատճառով:

Մեր տան անդամներն անգամ լարված են. բոլորը սպասում են այդ պահին, թե երբ եմ խոսելու...(մայրիկս նույնիսկ ասաց, որ ձայնս կարոտել է) նրանք նույնպես հետաձգել են իրենց գործերը, ինչի՞ն են սպասում, լավ, ասենք սկսեցի խոսել... առաջին բառը... որն է լինելու առաջին բառը... չգիտեմ...
...Պարզվեց՝ իմ առաջին բառը իմ քրոջ անունն էր, որը վերջին րոպեներին ամեն գործ թողած սպասում էր, թե երբ եմ խոսելու...


ԵՎ այսպես, երկու օր լռություն...
Հենց առաջին րոպեները փոքր եղբայրս էր կողքիս, անընդհատ ծաղրում էր, խղճում ինձ, ընտանիքիս մյուս անդամներիս կողմից որոշումս ընդունվեց զարմացած ժպիտով՝ ինչո՞ւ: Հետո սկսվեց ինձ փորձարկելու պահերը. «Իսկ ի՞նչ կանես, եթե...», «Բա՞ որ...»:
Դա դեռ տանը, որտեղ սովոր են իմ «տարօրինակ» արարքներին: Իսկ երբ դուրս եկա, առաջինը ուսանողիս պատահեցի, պետք է ասեմ, որ մի քիչ տարօրինակ էր նրա հետ խոսակցությունը, մանավանդ նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու է իր դասախոսը խոսում իր հետ գրելով. «Գրազ եք եկե՞լ»,- եզրակացրեց նա...

Ուրեմն լռել նշանակում է պարտվել, հակառակ դեպքում ինչո՞ւ լռել, խոսել, խոսել, խոսել...
իսկ երբ լռում ես, մարդիկ սկսում են քեզ հետ լռել: Ինչ սկսել եմ խոսել, ամեն անգամ մի միտք հայտնելուց մի պահ մտածում եմ՝ կարո՞ղ եմ խոսել: Ի՞նչ է պետք է երջանկության համար, զրկիր քեզ հասարակից և կսկսես գնահատել այն... 
Նրանք, ովքեր նախկինում չէին խոսում, սկսեցին խոսել. «Ախր դու լռում ես, ստիպված մենք ենք խոսում»:

Այս հետաքրքիր փորձությանը ես միայնակ չէի մասնակցում, ինձ հետ էին իմ ուսանողները, որոնք ևս զվարճալի, նույնիսկ տխուր պատմություններ ունեն: Կային մարդիկ, որ ասում էին՝ բայց կարող եք խաբել և խոսել... այդպես էլ չհասկացա, թե ինչու պետք է խաբեմ, չէ որ ես ուզում եմ փորձել ինքս ինձ, ես չեմ ուզում ոչ մեկին ապացուցեմ, ես կարող եմ դա, թե ոչ, սա էր իմ խնդիրը...

Փորձել եք առևտուր անել՝ մեկնելով թուղթը, որտեղ գրված է, թե ինչ եք ուզում գնել: Վաճառողները միանգամից սկսում են շշուկով խոսել քեզ հետ, ոմանք ընդհանրապես անցնում են ձեռքի շարժումներով բացատրելուն. եթե չես խոսում, ուրեմն չես լսում...
Երկու օրվա ընթացքում ամենից շատ ուզեցի խոսել թրեյնինգի ժամանակ, երբ ես թրեյներներից մեկն էի... ու հասկացա, որ սա հենց այն գործն է, որ ես ուզում եմ շարունակել:
Միակ տեղը, որտեղ ես մոռանում էի, որ չեմ խոսել, այո... համակարգիչն էր, ինտերնետը: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ ինտերնետը մեզ տանում է նրան, որ մենք մոռանանք խոսելը...
Տարբեր մարդիկ պատահեցին, որոնք զարմացած անցան՝ համարելով հիմարություն, որոնք ինձ համարեցին գիժ և մի քիչ նախանձեցին, քանի որ իրենք չեն կարող անել, մարդիկ, որոնք համարեցին դա լավ միտք և որոշեցին փորձել իրենք էլ...
Ասում են՝ երբ ուզում ես ստանալ այն, ինչ չունես, պետք է անես այն, ինչ չես արել... փորձեք դուք էլ...

Monday, November 4, 2013

ճանապարհորդություն անցյալով

Ճանապարհ դեպի անցյալ


Լոռվա ձորի հազարամյա կամուրջը

Լոռվա ձորերից մի պատառիկ


հազարամյա կամարը հազարամյա գետին


Լոռվա բերդը


Աշնան արև

Լոռվա բերդը վերանորոգվում է

մայրամուտից առաջ



Մի արև մասուր 


մի  կում լույս, մի բուռ հավատ




Ծառի ցավը


Ձորը... աշնանը

մի քարի տակ :)
Վարդագույնը աշնանը չի սազում

Հաղարծինը