Friday, November 20, 2015

Հորանջող քաղաք

Հորանջող մարդիկ, քնաթաթախ ոտքեր, հորանջող պատուհաններ, հորանջող մեքենաներ, կիսափակ դռներ, հորանջող արև, կիսաքնած շենքեր... քաղաքս արթանանում է:
Գնացի քնելու...

Wednesday, November 4, 2015

Քաղցր սուտը


-Ես էլ,- ասաց աղջիկը, քանի որ գիտեր, թե ինչպես է դատարկվում հոգին, երբ «սիրում եմ քեզ»-ին արձագանքում է միայն լռությունը:
«Սիրում եմ քեզ»-ը անողոք հանդիմանանքով նայում էր տղային: Պարզապես գիշեր էր, պարզապես պետք էր ասել «սիրում եմ քեզ», երբ քո գրկում պառկած է աղջիկը:
«Սիրում եմ քեզ»-ը դեռ թափառում էր սենյակում և անխռով խաղում լուսնի հետ, ով անամոթաբար ներխուժել էր սենյակ և փորձում էր տեղավորվել անկողնում:
...Բայց դա հաջողվեց արևին, երբ աղջիկն արդեն մենակ էր:

Sunday, November 1, 2015

ԱՆԿՅԱԼ ՀՐԵՇՏԱԿ

Զարմանում ես՝ ինձ հետ
Ի՞նչ կատարվեց հանկարծ,
Ինչե՞ր եղան հետո, երբ մերժված իմ հոգին
Քո երկնքից մի օր գլորվեց ցած
Ու զարնվեց կոպիտ եղելության պատին։
Ես չմեռա... սե՛րը, հավատն ինքը մեռավ,
Ու բեկորներն անթիվ ցրիվ եղան չորս կողմ,
Դու չիմացար՝ հետո ինչե՜ր-ինչե՜ր եղան,
Ինչե՜ր տարավ իր հետ
Մոլեգնաշանթ մի հողմ։
Ես չմեռա,
Հանգիստ կյանքն իր գործը արեց,
Ժամանակը դանդաղ, իմաստնությամբ իր չոր,
Նախ՝ դատարկված հոգուս իր մրուրը քամեց,
Հետո սովորեցրեց՝ ինչպես դառնալ հզոր...
Դու չիմացար ոչինչ։ Ու չգիտես հիմա՝
Ինչեր, ինչեր կանի
Աստծուց մերժված հոգին։
Ես ծախեցի հոգին իմ մերձիմահ
Եվ ինձ գտա հանկարծ աստվածների կողքին։
... Ու մարգարե դարձած, դարձած հրաշագործ,
Ես արվեստով դևի ու Աստծո պես՝
Այրված հոգիներին դնում եմ պաղ թրջոց
Եվ աղոթքով նրանց հայհոյում քեզ։
Շռայլում եմ բառեր, պատվիրաններ հիմար,
Հրապուրում ստի ծուղակներում խոհեմ
Ու քրքջում նաև այդ խեղճերի վրա,
Նրանք, ամեն մեկը՝ քեզնից մի մաս ունեն...
Գիտե՞ս՝ ինչեր կանի Աստծուց մերժված հոգին,
Ես այն հիմա մա՜ս-մա՜ս աճուրդի եմ հանել
Ու քո մերժված սիրո մահարձանի կողքին
Ես կարող եմ հիմա քանի՜ խաչեր շարել։
Ու կուրորեն պաշտած ուրվականիդ առաջ
Սրտեր դնել քանի՜ ցավից դեռ ծխացող...
Գիտե՞ս՝ ինչեր կանի Աստծուց մերժված հոգին,
Գիտե՞ս՝ ինչեր կանի դևը աստվածացող։
Սամվել Զուլոյան
Վանաձոր



Saturday, October 3, 2015

Ամպի չափ սիրում եմ քեզ, Վանաձոր

Ոսկեղենիկ Հոկտեմբեր, ոսկեղենիկ մանկություն, հոկտեմբերի առաջին շաբաթը օրը նշվում է  Վանաձորի օրը
Ամպի չափ սիրում եմ քեզ, Վանաձոր

Հայքի հրապարակը


Հոգատար հայրիկը




Արվեստի քաղաք










Մանկության գույներ,
 մանկության համ


Այս աղջնակի` ինչ-որ անհայտ բան պահանջող հայացքը ես դեռ երկար կհիշեմ)

մուկիկները






մանկապարտեզցիներ, առա՜ջ...


սիրո քաղաք...


Իմ Վանաձոր
Ապագայի կամ հաջողության ջենթլմենները

Սերենադներ Վանաձորի համար


Իմ Վանաձորը, իմ Կիրովականը, իմ Ղարաքիլիսան...

Փորձեցի համախմբել քեզ նվիրված երգերը... շնորհավոր տոնդ, քաղաք ջան


























Կարող եք ամբողջ երգացանկը լսել այստեղ

Monday, September 28, 2015

Աթոռի սերը

-Դու ո՞վ ես:
Աթոռը ցնցվեց, ինչպես թե ինքը ո՞վ է, ինքը՝ նորին մեծություն ԱԹՈՌ-ը, որ միշտ բոլորի կենտրոնում է, նա, ում ձգտում են հասնել բոլորը, ով սիրում է հպարտանալ, թե քանիսն են իր պատճառով պայքարել, անգամ զոհվել...Եվ հիմա ինչ-որ կահույք, փայտի մի կտոր իրեն հարցնում է՝ ո՞վ է:
Աթոռը արհամարհում էր սեղանին:
Բայց աթոռն այնպես էր կարկամել, որ չէր կարողանում պատասխանել, մտքերը խառնվել էին և խառնել իրեն, հիմա նրա գլխում միայն մի մեծ «Դու ո՞վ ես» էր պտտվում, և այդ գլխապտույտից սրտխառնոց էր առաջացել: Նա ուզում էր փախչել, բայց չորացել էին ոտքերը, նա ուզում էր պատասխանել, բայց մեխված էր լեզուն...
Աթոռը տանել չէր կարողանում նույնիսկ չնչին մրցակցությունը, իր սառը հայացքով վերացնում էր ցանկացածին, ով կփորձեր ոտք ձգել իր տեղին... իսկ հիմա այս խղճուկ փայտի կտորը, այս սեղանի հեգնանքով լի աչքերը նրան ստիպում էին լռել:
Աթոռը ատում էր սեղանին:
Եկան մարդիկ, խառնեցին աթոռի նենգադավ ծրագրերը՝ ինչպես ոչնչացնել իր նորելուկ մրցակցին, այդ սեղանին: Նրանք հարմարեցրին ամեն ինչ իրենց ուզածով. նստեցին աթոռին, առաջ քաշեցին սեղանը... Աթոռը, ծանրության տակ ճկռելով, հպարտությամբ ցույց էր տալիս սեղանին. տես՝ ես ինչքան անհրաժեշտ եմ, իսկ դու...  իսկ սեղանը փայլում էր, նրա ապակեպատ երեսը արտացոլում էր նրա անթափանց սիրտը և դարձնում նրան էլ ավելի զմայլելի:
Աթոռը, մոռացած ճկռված ծանրությունը, հմայված նայում էր նրա՝ ամուր գրկի կարոտ ոլորապտույտ ոտքերին, որոնց փարվելը այնքան անհասանելի էր թվում աթոռին: Նա փորձեց ձգվել դեպի սեղանը, ահա, ահա, հիմա կդիպչի, մի փոքր էլ... փլվեց ծնկաչոք աթոռը, փշրվեց սեղանի՝ ամուր գրկի կարոտ ոլորապտույտ ոտքերի առջև...
Աթոռը սիրում էր սեղանին:

Հ.Գ. Սեղանը լռում էր. նա սովոր չէր խոսելու աթոռների հետ:

Sunday, September 27, 2015

Հուշարձանը, որին հիշում են տարին մեկ օր

Վանաձորի Հուշարձանը (Հայրենական Մեծ Պատերազմի հիշատակին կառուցված) քաղաքի խորհրդանիշներից մեկն է, որի մասին հիշում են տարին մեկ անգամ...

«Անմար» կրակի փոխարեն պահպանակ

Մայիսյան տոններին բերում են, ինչպես կարգն է, դնում են գազի բալոնը, միացնում են հին գրաբարով ասած «ֆարսոնկան» և համարում, որ ժողովորդի դրած ծաղիկները կծածկեն կիսաքանդ քարերը, որոնք շրջապատում են «անմար կրակը»...
իսկ ոչ տոն օրերին գնալը նշանակում է տեսնել «անպատրաստ» Հուշարձանը, որն այլ հյուրեր է ունենում (գոնե սիրահարները «մենակ» չեն թողնում խեղճին):


Thursday, September 24, 2015

Tuesday, September 22, 2015

Կիսատ մենախոսություն

-Ես չեմ կարողանում քեզ տալ այն, ինչին դու արժանի ես:
-Դու ինձ չես սիրում:
-Ախր դու արժանի ես ավելիին:
-Դու ինձ չես սիրում:
-Մեր մեջ չկա այլևս այն կայծը, որը սկզբում էր...
-Դու ինձ չես սիրում:
-...քեզ համար ավելի լավ կլինի, եթե մենք մնանք ընկերներ:
-Դու ինձ չես սիրում:
-Դե ասում են, չէ՞ երբ սիրտը հիմարություններ չի անում, ուրեմն պետք է հեռանալ:
-Դու ինձ չես սիրում:
-Դու աշխարհի ամենալավ մարդն ես:
-Դու ինձ չես սիրում:
-Ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես:
-Դու ինձ չես սիրում:
- Սառնարանում մոռացված ապուրը չես ուտում, բայց նա դեռ այնքան չի փչացել, որ դեն նետես... ի՞նչ, սպասենք, որ ամբողջությամբ փչանա՞...
-Դու ինձ չես սիրում:
-Կարևորը կանգառն է ճիշտ ժամանակին:
-Դու ինձ չես սիրում:
- Մենք տարբեր աշխարհներում ենք ապրում:
-Դու ինձ չես սիրում:
-Կյանքը ստիպում է որոշ բաներ անել ինքնակամ:
-Դու ինձ չես սիրում:
-Ո՞ւմ է պետք պայքարելը, երբ, միևնույն է, քո փոխարեն արդեն կայացրել են որոշում, և քեզ մնում է միայն համակերպվել:
-Դու ինձ չես սիրում:
-Ախր կյանքը հեքիաթ չէ, հասկացիր, այդպես ավելի հեշտ է ապրել, պարզապես լողալ գետն ի վար:
-Դու ինձ չես սիրում:
-Դու կգտնես նրան, ով քեզ համար կստեղծի հեքիաթ... քո երազած հեքիաթը...
-Դու ինձ չես սիրում:

Monday, September 21, 2015

ՀՀ անկախության օրը Հոլանդիայում

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ես Հայաստանում չէի, բայց դե ինչպես չնշեի..
վերցրի Հայաստանի դրոշը և ճանապարհվեցի Հոլանդիայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը Ռոտերդամը, որը գրեթե ամբողջությամբ քանդվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն նույն կերպ ամբողջությամբ վերակառուցվել է... այստեղ ուղիղ շենքերը մոդայիկ չեն. ձանձրալի է)
քառակուսի տներ, մի քիչ ծռված, մի քիչ կլոր...







Քանի որ կիրակի էր, միակ բաց ռեստորանը, որտեղ ես նշեցի Հայաստանիս անկախության օրը, թուրքականն էր)


աշխարհը մեծ տեսախցիկ է, ժպտա