Wednesday, March 26, 2014

60 տարվա շոֆեր եմ, ոչ մի անգամ ավարիա չեմ տվել

Մարտի 22-ը տաքսիսիտի օրն է
Մեր կյանքում ապրում են մարդիկ, որոնք մեզ օգնության են հասնում դժվարին պահերի, սակայն  շատ հաճախ մենք նրանց կարևորություն չենք տալիս: Այդպիսին են տաքսիստները, որոնք մեզ հետ գալիս են մեր տուն, սակայն մեր մտքով էլ չի անցնում նրանց ներս հրավիրելը, մեզ հետ գալիս են աշխատանքի, իսկ մենք մի բաժակ սուրճ էլ չենք առաջարկում: Երբեմն նրանց պատմում ենք այն, ինչ չէինք ասի ոչ մեկին, դժգոհում ենք կամ ուրախանում մեր կյանքով՝ մոռանալով նրանցը: Տաքսիստները լուռ կամ էլ հաճախ շատախոս վկաներն են մեր կյանքի:



«60 տարվա շոֆեր եմ, ոչ մի անգամ ավարիա չեմ տվել: Հանգիստ, դանդաղ եմ քշել, իմ շատ ընկերները մոխիր են դարձել, որովհետև արագ են քշել»,- պատմում է 78-ամյա տաքսիստ Էդվարդ Մարտիրոսյանը:

60 տարվա շոֆեր եմ,
ոչ մի անգամ ավարիա չեմ տվել:
Նա 18տ.-ից բանակ է գնացել, որտեղ էլ և սովորել է մեքենա վարել. «Դրանից դենը ինչ տիպի մաշինա ասես, քշել եմ, ավտոբուս էլ եմ քշել: Էն ժամանակ տաքսի կարայիր քշել, մենակ եթե յոթ տարի քաղաքի ավտոբուս ես քշել, բայց քանի որ ես հիվանդացել էի, էլ չէի կարող ավտոբուսը քշել, ինձ տաքսի շուտ տվեցին»:

Բազմամյա փորձ ունեցող վարորդը սիրում է համեմատել Խորհրդային միության և անկախության տարիները:
«Սովետի ժամանակ այսքան մաշինա չկաա˜ար… Մարդիկ էլ աշխատում էին զավոդ-մավոդումը, փող ունեին, շաբաթ-կիրակի գնում էին Վանաձոր, քեֆ էին անում, ուտում-խմում: Տաքսին շատ պետք էր: Սովետի վախտով մի գիշերվա մեջ 4-5 գնացք էր գալիս, հիմա ո˜ւր է գնացք: Էն վախտ մի օրվա մեջ 40 լիտր բենզին էինք ծախսում, 300-350կմ քշում էի, օրական 30-35 ռուբլի մուծում էի հիմնարկին, մի էդքան էլ ինձ էր մնում: Իսկ հիմա առավոտը 9-ից կանգնած եմ, մարդ չկա. երկու օրը մեկ գազ եմ լցնում, մի 100-120կմ կքշեմ»,- ոգևորված շարունակում է համեմատությունների շարանը նա:

Էդվարդը Մարտիրոսյանը հպարտությամբ է հիշում, որ Խորհրդային միության տարիներին նա Վանաձորում ճանաչվել է համար առաջին տաքսիստը. «Սովետի ժամանակ Կիրովականի տաքսամատորնին շահեց առաջին տեղը, ինձ էլ որպես առաջին տեղ գովանասագիր տվեցին մինիստրի կողմից: Մինչև հիմա տանը դրած է»:

Իսկ այժմ տարիքն իրենն ասում է. «Հիմա արդեն սերվիսում չեմ կարող քշել, քիչ եմ քշում, շուտ փախչում եմ, տուն գնում: Կինս էլ ինձ լավ է նայում, ոտքերիս տակ գրելկա է դնում… մեծացել եմ էլի»:

Տաքսիստների մի քանի սերունդ տեսած վարորդը այժմյան տաքսիստներից շատ է դժգոհ. «Հմիկվա ջահելները թավաքյալի քշում են, դրա համար էլ ավարիա են տալիս, Գագիկ Շամշյանն էլ գալիս, նկարում է: Առաջ ծանրակշիռ մարդիկ էին, հո էս լակոտների նման չէին, ջահելների 40%-ը ավազակներ են, իսկ էն ժամանակ խելոք էին»:

Էդվարդ Մարտիրոսյանը հիմնականում կանգնում է Արցախ պուրակի կանգառի մոտ և այսքան տարում բազմաթիվ մարդկանց է հասցրել ճանաչել. «Մանկավարժականումը լիքը մարդ, ռեկտորից սկսած, ինձ չեն մերժի, որովհետև իրենց հետ մարդկային եմ եղել,- հպարտորեն ասում է փորձառու տաքսիստը և հայտնում իր հաջողության բանալին. «Վարորդը պիտի կուլտուրական լինի, չափած-ձևած, նա կլիենտին չպիտի տարբերի իր ընտանիքից, մարդկային պիտի լինի»:

No comments:

Post a Comment