Մի կում լույս


ՀՈՔՔՈՒՆԵՐ


Բուսոն
Ծերունու սեր..
Միայն թե «Մոռանամ»,- մտածում է նա:
Աշնան սառը անձրև...

Բասյո

Կտցահարում է ուժգին
Սյունը լքված հյուղակի 
Փայտփորիկն անտուն:
***
Ողջ կյանքս ճամփաների վրա` ետ ու առաջ,
Կարծես թե փոքրիկ,
Իմ դաշտն եմ վարում:
***
Հողը փախչում է ոտքերիս տակ.
Խոտերից եմ կառչում...
Եկել է ժամը բաժանման:
***
Ուշաթափվել է մեղուն ծաղկի բուրմունքից
Հանգիստ թող նրան
Ճնճղուկ, բարեկամ:
***
Այնքան հպարտ է,
Որ չի նկատում բալենուն ծաղկած
Կաղնին մենավոր:


ԹԱՆԿԱՆԵՐ


Իսիկավա Թաքուբոքու


«Թող լինի,
Ինչ լինելու է»-
Այդպիսին եմ 
Դարձել հիմա,
Եվ սարսափում եմ ահա դրանից...
***
Կարող է այդպես տխուր եմ հիմա,
Քանի որ շուրջս
Վառ գույներ չկան:
Մեկին խնդրեցի,
Որպեսզի կարմիր ծաղիկներ գնի:
***
Ինչպես ճամփորդը՝ 
Քամուց դողացող,
Իր հանդիպածին հարցնում է ճամփան,
Այդպես, այդպես եմ 
Խոսել ես քեզ հետ:
***
Անմոռուկներ.
Որքան շատ բան է
Անունը ասում:
Ինձ ծաղիկներն այդ ուղարկել է նա,
Որը... լռում է:
***
Հուսահատորեն
Մայրս ձայն տվեց.
Եվ միայն այդժամ ես նկատեցի,
Որ փայտիկներով գավաթի կոնքին
Հարվածում եմ անմիտ:
***
Ես բարեկամիս
Թշնամու նման ատեցի,
Բայց երկար-երկար
Ձեռքը սեղմից,
Երբ հասավ անջատման րոպեն:
***
Նորատի ծառերի բույրը
Լի 
Ողջ փողոցը…
Ոչ մի ձայն.
Գարնան լռություն…
***
Աշնանային երկինքը
Եզերքից եզերք ամայի…
Այնտեղ չկա մի ստվեր իսկ:
Դու ինչքան մենակ ես, երկինք:
Գոնե մի ագռավ թռչեր:
***
Անտարբեր տեսքով
Ես խոսում էի,
Անտարբեր տեսքով
Լսում էիր դու:
Եվ ուրիշ ոչինչ:
***
Անցել են այն լավ ժամանակները,
Երբ սիրում էի
Ես պատահական
Ինչ-որ դուռ բախել,
Որպեսզի մեկը վազեր ընդառաջ:
***
Գիշերային թախծոտ ձայները
Դանդաղ թափվում են խաղաղության մեջ:
Ես թափառում եմ միայնակ,
Ասես թե դրանք գետնի վրայից
Հավաքում հատ-հատ:
*** 
Քարացան փայտիկները ձեռքիս.
Հանկարծ անցավ մտքովս`
«Այսպես, ուրեմն, ի վերջո
Աշխարհի կարգ ու օրենքին
Ես էլ ակամա ընտելացա:»

Օտոմո Յակամոտի
Ստի մեջ անգամ
Ճշմարտության գեթ մի կաթիլ կա:
Եվ, գուցե, իրոք, չնայած նրան,
Որ չես սիրում ինձ…
Մի քիչ սիրո՞ւմ ես…


Հոսոյա Գենձի
Կնոջս երբեք, երբեք չեմ լքի:
Թեկուզ նա լապշան ուտում է անդուր մի չփչփոցով...
Մեկ է, չեմ լքի...



Իմմա
Իմ հայրենի երկրում
Բալենու պես ծաղկում են, ախ,
Վայրի խոտերը նույնպես:
*** 
Ծառը պիտի կտրեն…
Իսկ թռչունները անհոգ
Բույն են հյուսել այնտեղ:

Իձիմի Սիկիբու
Այնքան հաճախ եմ ես համեմատել
Հանդերձիդ բույրը
Ծաղկած սալորենու ճյուղի հոտի հետ,
Որ կարող եմ հիմա կանխատեսել
Նրա ծաղկումը:

Օկումա Կատոմիտի
Ծերունին,
Ծերուկն հարյուրամյա,
Ջահելներից լսելով,
Որ աշխարհում էլի
Ինչ-որ բան է կատարվել,
Լոկ ծիծաղում է ի պատասխան:


Սիբասի Տակաձյո
Առափնյա խոտեր.
Օ. ձկան համար դուք երբեք, երբեք
Լավը չեք դառնա: