Tuesday, April 26, 2011

Երևանի ամենահին լուսանկարչատանը

Այստեղ մի անկյունում դրված է «Կոդակ» ֆիրմայի 2-րդ սերնդի 180-ամյա ֆոտոապարատը. իսկ նկարներով կարող ես ճամփորդել Երևանի անցյալով. մի նկարում Կարաբալան է ծաղիկ վաճառում, մյուսում այժմյան «Մոսկվա» կինոթատրոնի տեղում կանգնած Պողոս-Պետրոս եկեղեցին, մեկ ուրիշում էլ Հանրապետության հրապարակի նախկին ժամացույցը…

Երևանի ամենահին «Խանոյան» լուսանկարչատունը հիմնադրել է Վանից գաղթած լուսանկարիչ Գաբրիել Խանոյանը 1930թ-ին: Մինչ այդ Երևանում եղել են «անակնկալներ» կոչվող լուսանկարիչներ, որոնք այգիներում շրջել են և լուսանկարել ցանկացողներին:
 
«Պապիկը լուսանկարչություն սովորել է Կիսլովոդսկում հրեա լուսանկարիչ Պրովոդի մոտ: Ես ասում եմ պապիկ, բայց ինքը իմ պապիկը չէ, հորս քեռին է եղել»,- ասում է Արմեն Հարությունյանը, որին բոլորն էլ ճանաչում են որպես Խանոյան:

Նրա հայրը ևս լուսանկարիչ է` Օնիկ Հարությունյան, սակայն նրան ևս դիմում էին Խանոյան: «Երբ հարցնում էի` ինչո՞ւ են այդպես դիմում, ասում էր` կմեծանաս, կհասկանաս: Հիմա էլ ընկերներս են ինձ հաճախ ձեռ առնում, թե ինչու եմ ազգանունս փոխել, ասում եմ` կմեծանաք, կհասկանաք»,- պատմում է Արմենը:
  
Եթե նախկինում հայտնի լուսանկարիչներն ունեին իրենց գաղտնիքները, որոնք թաքցնում էին բոլորից, ապա հիմա լուսանկարչությունը դարձել է ընդլայնված սպառման միջոց. «Ամեն մեկը կարող է ապարատը գցել վզին և համարել, թե ինքը լուսանկարիչ է»,- ցավով ասում է Արմեն Խանոյանը:

Նա թեև միշտ գերադասել է ժապավենային ֆոտոխցիկները, սակայն ստիպված է շարժվել ժամանակին համընթաց. հաճախորդներ չկորցնելու համար ձեռք է բերել թվային ֆոտոխցիկ, բայց դժգոհ է. «Սա թամբալի ապարատ է, ժամանակի հետ պետք է քայլել, բայց ցավն այն է, որ պրոֆեսիոնալիզմը կորչում է»:

Եթե խորհրդային տարիներին լուսանկարչության մրցույթներին հայ լուսանկարիչները միշտ առաջին-երկրորդ տեղերն էին գրավում, ապա այժմ հայ լուսանկարչությունն անկում է ապրում: Համոզված է Արմենը. «Վերջերս մեկը մտավ լուսանկարչատուն, ասաց` ձեր մի հատ չխկոցն ի՞նչ արժե, ասացի, մենք չենք չխկացնում, լուսանկարում ենք ու այդպես էլ չլուսանկարեցի»:
Լուսանկարչատունը երկար տարիներ
գործել է Աբովյան 12 հասցեում

Լուսանկարչատունը մեկ անգամ չէ, որ օգնել է վերականգնել Երևանի կորցրած անցյալը. Երբ 1971թ.-ին Մայր թատրոնը այրվեց, բոլորը կարծում էին, թե արխիվը կորել է: Խանոյանները նվիրաբերեցին մայր թատրոնի իրենց մոտ եղած արխիվը:

Ամենահին նկարներից այստեղ Ավետիք Իսահակյանի 1940թ. արված դիմանկարն է: Հոր լուսանկարներից շատ հոգեհարազատ է Մարշալ Բաղրամյանի դիմանկարը, քանի որ ինքն անձամբ ներկա է եղել: «Ես նրան պատկերացնում էի հաղթանդամ, բայց ներս մտավ միջին հասակի մի մարդ: Երբ հայրս ինձ ներկայացրեց, կարմրեցի: Բաղրամյանը նայեց ինձ ու ասաց. «Երևում է` լավ տղա է, միանգամից կարմրեց»:

Բազում լուսանկարների մեջ Արմենի համար իր յուրահատուկ տեղն ունի 25 տարեկանում կատարած առաջին լուսանկարը առանց հոր օգնության: Երիտասարդ աղջկա լուսանկարը դրված է աշխատասեղանին մյուս հայտնի և անհայտ լուսանկարների հետ: «Պարզապես հաճախորդ էր, անունը Քրիստինե»,- հիշում է Արմենը:

Արմենը, թեև դեռ չի գտել իր կյանքի ուղեկցին, բայց համոզված է, որ դեռ ամեն ինչ առջևում է. պարզապես չի գտնում կին լուսանկարիչ կամ գոնե արվեստի մարդ: «Կամուսնանամ, երեխաներ կունենամ, նրանք էլ կշարունակվեն իմ գործը»,- համոզված է 48-ամյա լուսանկարիչը, ով 21 տարի է` մենակ է աշխատում այստեղ:

Տարիների ընթացքում Արմենը համոզվել է. հայրը ճիշտ էր ասում. լուսանկարչությունով կարելի է միայն յոլա գնալ: «Երբ ասում էի` ինչո՞ւ չես փոխում մասնագիտությունդ, ասում էր` բա անո՞ւնը: Հիմա նույնը ես եմ ասում»:

Sunday, April 24, 2011

Հիշելով Մեծ Եղեռնը


«1915թ.-ին հայրս 10տ. է եղել: Լավ եմ հիշում հորս պատմածները»,- պատմում է 85-ամյա Սարգիս Իզմիրյանը, որն արդեն 60 տարուց ավել է բնակվում է Վանաձորում:
Սարգիսի հոր՝ Մանուկի ընտանիքը Թուրքիայում է ապրել Բուրսայի շրջանի Ենիջե գյուղում, զբաղվել է գյուղատնտեսությամբ:
Մանուկը երկու եղբոր և երկու քրոջ հետ տեղահանվել է, դժվարին ճանապարհի վերջում մնացել են երկու եղբորով… 
Օրական մի ոսկով քրդերից ավանակ վերցրին մինչև փողերը վերջացան, դրանից հետո ոտքով շարունակեցին Դեր Զորի անապատներով: 
Մեծ քույրն ամուսնացած էր. կրծքի երեխա ուներ: Ամուսնուն իբր բանակ էին տարել, այդպես էլ չվերադաձավ: Ճանապարհի կեսին քույրն այլևս չկարողացավ շարունակել և խնդրեց, որ առանց իրեն շարունակել: Մի քանի օր գնալուց հետո հետ վերադարձան քրոջը գտնելոը և տեսան գազանաբար սպանված քրոջն ու երեխային:
Փոքր քույրն էլ երկար չդիմացավ, նա էլ սովից մահացավ: 
10-ամյա Մանուկի հիշողության մեջ մեկնընդմիշտ մեխվել էր Եփրատ գետը, որի մեջ դիակներ էին, մանավանդ երեխաների. Մայրերը ջուրն էին գցում իրենց զավականերին, որ գոնե այդպես փրկեն նրանց չարչարանքներից:
Մեծ եղբայրը՝ Գևորգը, Մանուկին մի կտոր հացով ծախել է մի արաբի, որ գոնե այդպես փրկի նրան: Մանուկն ուղտեր էր պահում, արածեցնում, երբ որոշ ժամանակ անց այդտեղի հայ աշխատող հայտնել է, որ հաջորդ կիրակի Մանուկին մուսուլման են սարքելու: Այդ ժամանակ նա ընդամենը 11տ. էր:
Մի քանի օր իրեն տված հացի մի մասը պահում էր: Եվ մի օր էլ փախավ, հասավ Հալեպ: Այնտեղ փողոցներում հազարավոր որբեր էին, սնվում էին ինչով պատահի, կաղամբի տերևներով, ձմերուկի կեղևներով, քնում էին կամրջի տակ: Արդեն նկատվում էին հիվանդության նշաններ:
Բայց ճակատագիրն այլ կերպ էր որոշել տնօրինել տղայի կյանքի ուղին. Մի օր նա շուկայում տեսավ եղբորը և դեռ հեռվի գոռաց. Ախպար (արևմտահայերեն՝ եղբայր): Մեծ եղբայրը ձեռքին ուներ թաշկինակով պահած կոպեկներ: Լսելով եղբոր ձայնը, ում համարում էր կորած՝ անակնկալի եկած գցեց ձեռքից թաշկինակը, և կոպեկները թափվեցին ցեխոտ փողոցին: Առաջինը, որ արեց Գևորգը, Մանուկին տարավ բաղնիք, մի լավ լողացրեց:
Այդ օրից 2 եղբայրներով այլևս չբաժանվեցին: Հաստատվեցին Բուլղարիայում: Իսկ 1946թ.-ին վերադարձան Հայաստան:

Wednesday, April 20, 2011

Հայաստանում վերելակը էքստրիմ սպորտաձև է


Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակները կարելի է դասել էսքտրիմ սպորտի տեսակների շարքում: Լսեցի վերջերս մի խոսակցության ժամանակ: Հարցումները ևս մեկ անգամ հաստատեցին դա:

«Շատ վատ, անմխիթար վիճակում են, օրինակ` Կիևյան փողոցի վրա գտնվող շենքի վերելակը անընդհատ ճռռում էր, այնպիսի ձայներ էր հանում… մինչև հիմա էլ այդպես է»,- ավելացնում է մեկ այլ քաղաքացի:

Ա.Թամանյանի արձանի հարևանությամբ բնակվող քաղաքացիներից մեկը հավաստեց, որ թեև իրենց շենքի վերելակը կարգին վիճակում է, բայց և այնպես ընդհանուր առմամբ վերելակների վիճակը լավ չէ, տեսքը հաճելի չէ, պոկոտած և կեղտոտ է:

Իսկ անցորդներից մեկն էլ վատատեսորեն կանխատեսեց. «Պետք է մի հատ վերելակ ընկնի ջարդվի, որ նոր սարքեն, էն էլ հենց այդ վերելակը. սա Հայաստանն է»:

Ինչպես հայտնեց Արտակարգ իրավիճակների Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների և ճոպանուղիների տեխանվտանգության փորձաքննության բաժնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը, վերելակների փորձաքննության ժամանակ մասնագետները զիջողաբար են վերաբերվում վերելակների արտաքին տեսքին` խցիկին, հորանի դռներին, լուսավորությանը, աշխատելիս առաջացած թույլատրելի աղմուկին, ավելի մեծ ուշադրություն է դարձվում անվտանգությանը:

Այնուամենայնիվ Երևանում ապրիլի 1-ի դրությամբ գրանցված 3796 վերելակներից ամենամյա պարտադիր տեխզննության ենթարկվել են մոտ 500 վերելակներից 40-ն արդեն ստացել է տեխանվտանգության բացասական եզրակացություն:

«Այսօրվա դրությամբ Երևան քաղաքի վերելակների ընդհանուր վիճակը կարելի է համարել բավարար, սակայն տեխնիկական սպասարկման վիճակը`ոչ բավարար»,- ասում է Լուսինե Հովհաննիսյանը:

Այսօր առաջնային խնդիր է նաև այն, որ գիշերային ժամերին վերելակների սպասարկում չի իրականացվում: Եվ երբ մարդը մնում է վերելակում, մինչ փրկարարների գալը, նա կամ ինքնուրույն է դուրս գալիս, կամ նրան օգնում են հարևան-բարեկամները:

Կենտրոն համայնքային վերելակների սպասարկման հերթապահ Ծաղիկ Սարգսյանը հայտնեց, որ իրոք չկա գիշերային սպասարկում, սակայն երբ մարդ մնում վերելակում, ապա ինքն է օգնում, որ դուրս գա:

«Ավելի լավ է մարդը մնա վերելակում մի ժամ, մինչև էլեկտրամեխանիկը գա, քան ինքնուրույն քայլեր ձեռնարկի: Հենց այդպիսի դեպքերում են լինում դժբախտ պատահարները»,- ասում է գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը:

Վերջին 5 տարիների ընթացքում գրանցվել է ընդամենը վերելակի վթարի 9 և ամբարձիչի 18 դեպք: 2010թ.-ին ամբարձիչների 7 արտադրական պատահար, իսկ այս տարի արդեն 5 տեխնածին վթարի դեպք է արձանագրվել, մինչդեռ վերելակների  արտադրական պատահարներ անցած տարվանից տեղի չի ունեցել:

Ինչ վերաբերում է վերելակների աշխատանքի խափանմանը, ապա դա սովորական երևույթ է ցանկացած աշխատող մեխանիզմի համար, նշում են մասնագետները:

Կենտրոն համայնքային վերելակների սպասարկման հերթապահ Ծաղիկ Սարգսյանը հայտնեց, որ իրենք սպասարկում են շուրջ 300 վերելակ, և օրական լինում է վերելակի խափանման մոտ 10-12 դեպք. «Անբարեխիղճ վերաբերմունքը ևս վնասում է աշխատանքը, պատահում է` վառում են կոճակները, գողանում են ճոպանները»:

Ի դեպ, 2007-2008թթ. Երևանի քաղաքապետարանը իրականացրել է 2000-ից ավելի վերելակների վերանորոգում և մոտ 35 վերելակների փոխարինում նորերով; Սակայն ինչպես նշում է Լուսինե Հովհաննիսյանը, այս ծրագիրը թեև բարելավել է իրավիճակը, սակայն նմանատիպ ծրագիր պետք է պարբերաբար անցկացվի:

Tuesday, April 19, 2011

Վարորդական իրավունք ստանալու նոր կարգը (քննության շաբլոնները և թեստերը)


Նոր փոփոխությունների մասին կարող եք կարդալ այստեղ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374-10-430369, ճանապարհային ոստիկանություն, վարորդական իրավունքի հետ կապված խնդիրների պատախանատու բաժին:

Հայաստանում վարորդական իրավունք ունեցողներից շատ քչերը կարող են պարծենալ, որ առանց անօրինական գումար վճարելու են ստացել մեքենա վարելու իրենց իրավունքը:
ՀՀ կառավարությունը շարունակում է տարբեր ոլորտներում կոռուպցիան վերացնելու գործընթացը, և հերթը հասել է վարորդական իրավունք ստանալուն: Ապրիլի 14-ի ընդունած որոշմամբ, արմատական փոփոխություններ են իրականացվելու վարորդական իրավունքների տրամադրման կարգում։
«Վարորդական վկայական ստանալու կարգը հստակեցվում է այն աստիճան, որ գրեթե բացառում է կոռուպցիան»,- հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Վկայական ստանալուց դուրս է մղվում բժշկական տեղեկանք ներկայացնելու խնդիրը: Դրա փոխարեն ամիսը 2 անգամ ոստիկանությունը ՀՀ առողջապահության նախարարության բազայից տվյալներ է ստանալու թմրամիջոցային կախվածություն ունեցող կամ հոգեպես անհավասարակշռված անձանց մասին։
 «Այսինքն «փսիխո» կոչվածը, որը նախկինում մշտապես եղել է, այսուհետև այլևս չի գործելու։ Եթե լինեն բացահայտ նկատելի թերություններ՝ վերջույթի, դաստակի, ոտնաթաթի պակաս, չգիտեմ՝ աչքի տեսողության խնդիր, այդ պարագայում միայն ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից կնշանակվի լրացուցիչ պահանջ համապատասխան հետազոտություն անցնելու և տեղեկանք ներկայացնելու համար»,– ասաց Ալիկ Սարգսյանը։

Մինչդեռ այդ փաստաթուղթը ստանալու համար քաղաքացիներն անօրինական ծախսեր էին կատարում մինչև 20 հազար դրամի չափով։ 
Քննությունները հանձնելու համար քաղաքացին ճանապարհային ոստիկանության տարածքային բաժին պետք է ներկայացնի դիմում, անձը հաստատող փաստաթուղթ եւ վճարի պետական տուրք
Օրինական են միայն հետեւյալ վճարները. յուրաքանչյուր քննության համար պետտուրք՝ 3000 դրամ, ՃՈ արտաբյուջե ծառայության վճար՝ 10 հազար դրամ, վարորդական իրավունքի վկայականի պետտուրք՝ 12 հազար դրամ։
Կոռուպցիոն ռիսկերի առկայության դեպքում կարելի է զանգել 1-77 թեժ համարով։
Իսկ նրանց համար, ովքեր դեռ օգտագործում են խորհրդային ժամանակների վկայական, պետք է փոխանակեն մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը:

Վերացվում է պարտադիր ավտոդպրոց հաճախելու կարգը
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ուսուցմանը: Վերացվում է պարտադիր ավտոդպրոց հաճախելու կարգը։ Քաղաքացիներն իրենք պետք է որոշեն՝ ցանկանո՞ւմ են օգտվել այդ հաստատությունների ծառայություններից, թե՞ ոչ։ Այստեղ էլ ոստիկանապետը կոռուպցիոն ռիսկեր մատնանշեց, թե շատ հաճախ ավտոդպրոցները ֆիկտիվ տեղեկանքներ են տրամադրում։

«Վարորդական իրավունք ստանալու համար կարող են դիմել բոլոր ցանկացողները, ովքեր գիտեն վարել, նրանք պետք է միայն քննություն հանձնեն: Թույլատրվում է, որ վարորդը ներկայանա վկայի հետ, և քննությունը հանձնի իր ուզած ավտոմեքենայով, որով նա նպատակահարմար է գտնում»,– ասաց Ալիկ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է այսպես կոչված՝ «շաբլոնի» քննությանը, ապա այն ամբողջությամբ տեսագրվելու և ցուցադրվելու է՝ թափանցիկության ապահովման նպատակով։

Քննության թեստեր ն այստեղ են:

Մինչև տարեվերջ կգործի նաև քննությունների և վարորդական իրավունքների տրամադրման մեկ ընդհանուր կենտրոն, կմիացվեն երեք հաշվառման կենտրոնները։
Հայաստանում վարորդական իրավունք ստանալու համար նախկինում պետք էր 2-3 ամիս ավտոդպրոց հաճախել, տեսական գիտելիքների համար վճարել միջինը 50.000 դրամ: Տեսությունը պրակտիկայում կիրառելու համար գործում է ժամավճար` մասնագետի հետ 1 ժամը միջինը 5000 դրամ: Դասընթացից հետո Ճանապարհային ոստիկանությունում պետք է քննություն հանձներ, և միայն քննության հաջող արդյունքի դեպքում կարելի էր համարել, որ լիաժեք վարորդ ես:


Բնականաբար Կառավարության նման որոշումը ոչ դրականորեն է ընդունվել հանրապետության ավտոդպրոցների կողմից, քանի որ դա վաղ թե ուշ կբերի ավտոդպրոցների թվի նվազմանը:
Ավտոդպրոցների ներկայացուցիչներից շատերը վրդովմունքից անգամ չէին ցանկանում պատասխանել հարցերին՝ ասելով միայն. «Մեռնեմ օրենքին. ինչ կարող ենք փոխել: Եթե դուրս է գալիս, որ պետք է փակվենք, կփակվենք»:
Երևանի Գայի անվան ավտոդպրոցի փոխտնօրեն Արմեն Հայրապետյանը նշեց, որ հիմնական ավտովթարները տեղի են ունենում 18-21տ. երիտասարդների պատճառով, և նման որոշումն ավելի կվատթարեցնի իրավիճակը. «B կարգի վարորդական իրավունքը դեռ կարելի է պատկերացնել առանց դասընթացի, սակայն չեմ կարողանում պատկերացնել B, C կարգի վարորդական իրավունքների տրման կարգն ինչպես պետք լինի»:
Որոշմանը բացասաբար է վերաբերվում նաև «Ավտոսիրող» հկ նախագահ Գոհար Գաբրիելյանը. «Մեքենայի ղեկին նստելու համար ուսուցումը պարտադիր է: Մարդը որտեղ կարող է սովորել այդ ամենին, եթե չլինեն ավտոդպրոցները: Վերջին տարիներին երթևեկության նշաններում փոփոխություններ են արվել, իսկ միակ գիրքը, որով կարելի է սովորել կանոնները 2007թ. է: Ճիշտ է՝  իրոք համատարած կոռուպցիա է, սակայն քննության ժամանակ ստուգվում է, թե ինչքանով է տվյալ անձը պատրաստ»:

ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Մարտին Կամենդատյանը հայտնեց, որ վարորդական իրավունքի տրամադրման նման կարգը բերել է նրան, որ հայ վարորդների կեսը պարզապես չգիտեն երթևեկության կանոնները: Վարորդներն իրենք էլ խոստովանում են, որ մոռացել են երթևեկության մի շարք կանոններ:

Friday, April 15, 2011

Չարլի Չապլինի նամակն իր դստերը` Ջերալդինային

Այսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն է: Փորձեք մի քանի րոպե ազատվել ձեր առօրյա հոգսերից և հայտնվել Չապլինյան աշխարհում, ուր հաղթում է հրաշքը...

Դստրիկս,
 Հիմա գիշեր է: Ծննդյան գիշերԻմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:
Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը, թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ, հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից: Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին:
Ես քո հայրն եմ, Ջերալդինա:
Ես`Չարլին, Չարլի Չապլինը:
Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասինԻսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. «Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են»:  Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի, ինչպես մարդիկ ասում են. «Տեսնու՞մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու՞մ եք ինչ էր նրա անունը` Չարլի»:
Այսօր հերթը քոնն է: Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտված անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա: Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր` օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Ես նայում էի քո դեմքին, լսում էի քո սրտի զարկերը և ինձ հարց էի տալիս. «Չարլի, միթե՞ այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ»: Դու ինձ չես ճանաչում, Ջերալդինաես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, իմ հեքիաթը` չեմ պատմել: Իսկ դա նույնպես հետաքրքիր է: հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապաողորմածություն հայցում
Ահա նա իմ, հեքիաթը: Ես գիտեմ` ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին` ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում է հպարտության մի ամբողջ օվկիանոս և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամներըև չնայած այդ ամենին ես ապրում եմ, իսկ ապրողների մասին սովորաբար քիչ է խոսվում:
Ավելի լավ է խոսենք քո մասին:
Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը` Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա, այն աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյություն ունենԿեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուս երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասինԵվ եթե նա հղի է, եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: Իսկ ինչ մնում է մյուսներին, դու նրանց վճարիր ճիշտ հաշվով: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ, «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»: Այո, դու հենց այդպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիսկ ավելի պակաս: Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եվ, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները: Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերը այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:
Նայի՛ր, ուշադի՛ր նայիր: Չի՞ թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից ավելի լավ են պարում: Խոստովանի՛ր, խոստովանի՛ր, աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշիր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին:
Ես պիտի մեռնեմ, բայց դու պիտի ապրեսԵս ուզում եմ, որ դու երբեք չիմանայիր` ինչ բան է աղքատությունը:
Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Ես քեզ հետ խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ, աղջիկս, ասեմ մի ճշմարտություն. Մարդիկ գետնի վրա ավելիանհաստատ են, քան լարախաղացները` երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել այս երեկո քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը, հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է: Կարող է պատահել մի գեղեցիկ օր գերվես ինչ-որ արքայազնի գեղեցկությամբ, այդ պահին դու կդառնաս մի անփորձ լարախաղաց, իսկ անփորձները միշտ ընկնում են: Մի վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցիր, որ ամենամեծ ադամանդը արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարվես մեկն ու մեկին, ապա նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որպեսզի նա այդ մասին գրի քեզ: Նա սերը ավելի լավ գիտի, քան ես, նրան ավելի վայել է խոսել այդ մասին
Քո աշխատանքը շատ ծանր է, ես գիտեմ, քո մարմինը ծածկված է մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի է հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վերադառնալ հագնված և մաքրված: Ոչինչ և ոչ ոք այս աշխարհում արժանի չէ այն բանին, որպեսզի տեսնի աղջկա նույնիսկ ոտքերի եղունգները: Մերկությունը մեր ժամանակի ախտն է: Ես ծեր եմ, և իմ խոսքերը, հնարավոր է, ծիծաղելի են հնչում: Բայց, իմ կարծիքով, քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին: Սարսափելի ոչինչ չկա, եթե քո համոզմունքները այս հարցում տասնյակ տարիների վաղեմություն ունենան, եթե այն պատկանի անցած ժամանակին: Մ՛ի վախեցիր, այդ տասնյակ տարիները չեն ծերացնի քեզ, բայց ինչ էլ ուզում է լինի, ես ցանկանում եմ , որ դու լինես վերջինը նրանցից, ովքեր կդառնան տկլորների կղզու հպատակը:
Ես գիտեմ, որ հայրերի և որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքեր հետ կռվիր, աղջիկս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել այս տողերի վրա, ուզում եմ հավատալ, ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որպեսզի հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ:
Չարլին արդեն ծերացել է Ջերալդինա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքսի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում, ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ` Չարլիին:
Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ:
Փորձիր և դու:
Համբուրում եմ քեզ: Չարլի: