Monday, January 19, 2015

Մոմավառություն Վանաձորի Հայքի հրապարակում


Այն բանից հետո, երբ ֆեյսբուքով տարածվեց, որ Երևանում ոստիկանները արգելում են մոմավառություն իրականացնել, վանաձորցիները ժամը 20.00-ի սահմաններում դուրս եկան Հայքի հրապարակ՝ կազմակերպելով մոմավառություն: Մարդիկ անընդհատ գալիս են, վառում մոմեր, իրենց հարգանք տուրքը մատուցում և լուռ հեռանում...


Փոքրիկ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ով միակն էր կենդանի մնացել Գյումրիի ընտանիքի սպանությունից հետո, այսօր մահացավ: Մեկ շաբաթ շարունակ բժիշկները պայքարում էին փոքրիկ կյանքի համար, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց Ավետիսյանների ընտանիքի միակ ողջ մնացած փոքրիկին հետ բերել մահվան ճիրաններից:


This year started in very tragedic for Armenians especially for Gyumri. In January 12 russian soldier killed Armenian familiy- 6 people include 2 years old girl. Only 6-months Serioja Avetisyan survived. One week doctors struggled for babie's life but nothing helped. he died today. 
Many Armenians went out for candle light memorial n the centers of Armenian cities. These photos from Vanadzor's square, but people in Yerevan are very angry as police didn't allow people to gather in Freedom Square to light candles...




Monday, January 12, 2015

Մեկ օր Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում

Այո, Բրյուսելի և ամբողջ Բելգիայի ամենանշանավոր վայրն ինձ համար «Գարեջրի մոլորակն» էր, որտեղ վաճառողը ՀԱՅ էր, հասկանո՞ւմ եք՝ հայ:))) դա միանգամից երևաց նրա վերաբերմունքից, երբ մենք ցանկանում էինք ընտրել հազարավոր գարեջուրներից մի հատ, որ փորձենք: ախ, ոնց էի ես կարոտեեեել հայկական մուննաթը, թե ինչ է նշանակում, որն է ամենալավը, բոլորն էլ լավն են, նայած ճաշակ: Ախր սիրտս քաշում էր էլի... ու ես ընտրեցի ծիրանի գարեջուրը: Դե արդեն մնացածը գիտեք, հայ ես, հայ եմ վիճակները: 

Խանութի՝ շշերով գրված անունը, լիքը տարբեր կրեատիվ բաներ,
ախր ոնց կարող է հայինը չլինի, չէ՞)))
Հաջորդ Լյավ բանը Բրուսելում շոկոլադն է: Իսկական բելգիական շոկոլադ, դու երևի իրոք շատ լավն ես, չի կարող այդքան թանկ շոկոլադը համով չլինել: Վերջում որոշեցին քեզ փորձել Հոլանդիայում, այնտեղ դու ավելի մատչելի ես:




Շարունակելով ուտելիքի թեման... Բացօթյա ռեստորանները չափազանց մեծ քանակը ստիպում է դիմել տարբեր մարքետինգային հնարքների, որպեսզի գրավեն հաճախորդների: Ծովամթերքի պատրաստի ուտեստներին մի հայացք նետելուց հետո դուք գերի եք ընկնում բավականին շատախոս և հմայիչ երիտասարդների մոտ, որոնք ամեն կերպ համոզում են ներս մտնել ընդհուպ մինչև սիրո խոստովանությունը (էհ, ականջդ կանչի, միամիտ Գիքոր):


Հա, բացի ուտելիքից, Բրյուսելի հրապարակում կային նման հրաշք կառույցներ, որը շատ տիպիկ է Եվրոպական կենտրոններին:


հա, մեկ էլ լիքը Եվրամիության հետ կապված գրասենյակներ...


Մինի Եվրոպան շատ տուրիստներին է գրավում:Շատերն են այստեղ գտնում իրենց երազած վայրերը և նկարվում Պիզայի աշտարակի հետ կամ դիտում գրեթե իսկական ցլամարտ:


 Իսկ հիմա հերթը ձերն է: Հը՞ կարող եք գուշակել, որն է իսկականը: Ո՞րն է ոգեշնչել Ռեմարկին գրել իր հանճարեղ վեպը...


Ո՞ւմ մոտ են հազարավոր տուրիստներ ամբողջ աշխարհից հավաքվում, ժամերով հերթ կանգնում, որ բարձրանան աշտարակի վերևից դիտեն ամբողջ Փարիզը: 
Հը՞, գուշակեցիք:


 Իսկ այս աղջիկը, արհամարհելով ամբողջ աշխարհը, իր համար պատրաստում է այս հրաշք ...ըըը... չգիտեմ՝ ինչը: Բայց դրանով գրավել էր մի աշխարհ մարդկանց, որոնք զարմացած նայում էին՝ փորձելով հասկանալ, թե ինչու է նա դա անում շատրվանի ցայտումների ներքո:

Ըհըըըը, վերջապես հասանք ամենահայտնի վայրին Բրյուսելի: Մի զարմացեք, որ այսքան ուշ հասանք, իրականում էլ իրեն հասնելն այդքան հեշտ չէ, նա գտնվում է Բրյուսելի ամենածայրում: Բայց նա դեպի իրեն է ձգում շատ ու շատ զբոսաշրջիկների, նույնիսկ այնպիսիններին, որոնք ոչ անունը գիտեն, ոչ էլ տեղը: Երբ արդեն վերադառնում էինք հետ, մեզ մի տղա կանգնեցրեց՝ խնդրելով բացատրել, թե որտեղ է ՆԱ: Հինգ րոպե մեզ իր անբացատրելի անգլերենով հասկացնելով, թե ով է ՆԱ-ն, սկսեց այլ կերպ՝ Փարիզ- Էյֆել, Լոնդոն-Բիգ Բեն, Բրյուսել-???? Ատոմիում?? հարցրինք մենք: Նա կրկին ու կրկին թվարկում էր օրինակները: Ստիպված քարտեզի վրա ցույց տվեցի Ատոմիումի նկարը, ասելով՝ հը՞, սա ես փնտրում: Պետք է տեսնեիք նրա ուրախությունը: Դե խեղճ տղան որտեղից իմանար Ատոմիում անունը: Բայց պետք է տեսնեիք նրա ուրախությունը, երբ տվեցի իմ բազմաչարչար քարտեզը, որն ինձ այդքան օգնել էր այդ մեկ օրում:

Եվրոպացիները շատ են սիրում մեծ տառերով գրությունները- դա կլինի Ամստերդամ, թե Welcome: Բայց... մեղքս ինչ թաքցնեմ, մարդիկ էլ շատ են սիրում նկարվել, մանավանդ երբ հարազատ ինչ-որ բան են գտնում:)


Գալուստը ես գտա, իսկ «գալուստ բարին» դուք կարո՞ղ եք գտնել


5մ/վ արագությամբ բարձրանում ենք Եվրոպայի վեր ամենարագ (գոնե իրենք այդպես հպարտանում էին) վերելակով Եվրոպայի ամենատարօրինակ կառույցի գագաթը՝ Ատոմիում: 
Ալյումինումի ատոմի օրինակով կառուցված 100մ-ոց կառույց, որի պրոտոններից կարող ես դիտել ամբողջ Բրյուսելը, կամ ինչպես Վարդգես Պետրոսյանն է գրել իր վիպակներից մեկում. կարող ես պարծենալ, որ այդ օրը ընթրել ես պրոտոնի ներսում:
Այդպես էլ չկարողացա համոզել, որ գա Հայաստան))


դե այսքան խառը օրից հետո... միայն հանգստանալ:)

Thursday, January 8, 2015

Առաջին ձյուն- first snow

Ես միշտ հպարտանում եմ, որ Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ կարելի է տեսնել տարվա 4 եղանակները: Ապրելով այս չորս եղանակների երկրում՝ չես կարողանում լիովին գիտակցել, որ կան երկրներ, որտեղ չկա ամառ կամ ձմեռ, և այդ երկրների մարդիկ երազանքով նայում են քեզ, երբ դու պատմում ես, թե ինչպես քո երկրում ամռանը շոգից խեղդվելով իրար վրա ջուր եք լցնում, իսկ ձմռանը ձյան փաթիլների ներքո ձնագնդիկ շպրտում... Հա, դժվար է բացատրել, ավելի լավ է ցույց տալ:
իմ առաջին ձնագնդիկը, ո՞վ է զոհը..
Նա սիրո նման միշտ էլ գալիս է «ճամփաներով անհայտ, չքարտեզագրված», խառնում քո բոլոր պլանները, և ոչ միայն քո: Ինչպես հմուտ դիզայներ, նա գիտի, թե որ ցանկապատն ինչ զգեստ պետք է հագնի այս անգամ, որ արձանն այս անգամ ինչ նոր ձյունե հմայք կստանա, որ ծառին ինչ զգեստ է սազում...






 Իսկ ծառերը, այդ սեթևեթողները, մոդայիկ հագուստի համար հերթ են կանգնում ու լուռ սպասում են, թե այս անգամ ինչ յուրօրինակ զգեստ է մտածել իրենց համար տարվա դիզայներ Ձյունը:




Իսկ մարդիկ մաքրում են հետքերը իրենց կորած հոգու...


Ձյունը քարացնում է ամեն ինչ, մարդիկ, մեքենաները, կենդանիները... բոլորը սկսում է զգույշ քայլել՝ կարծես վախենալով այդ անմեղ աչուկներով ամեն ինչ խառնող ճերմակությանը... իրականում պարզապես անհնար է արագ քայլել կամ մեքենա վարել մեր քաղաքի՝ ընդհանրապես չմաքրվող փողոցներով:



Եվ միայն ձյան փաթիլներն են օրորում կարուսելները



Ախր Ամանորն առանց ձյան... այդպես չի լինում, այդպես ինչ-որ բան հաստատ սխալ է լինում:


Վանաձորի գլխավոր տոնածառը
այժմ իր ամբողջ հմայքով...
Ձյունը տոնածառի ամենալավ զարդարանքն է 
Ձյունը երեխաների տոնն է...
և մեկ էլ նրանց, ով հոգով մանուկ է)))
 Ձյունը ստիպում է գեղեցկանալ նույնիսկ այս ժանգոտ դռանը, որն անմիջապես աչքի է ընկնում ճերմակածառաստանում:

Աշխարհի ամենահետաքրքիր անտառը- The most interesting forest in the world

Աշխարհի ամենահետաքրքիր անտառը ես, բնականաբար, գտա Նիդեռլանդներում: Այստեղ չկային թռչող գետաձիներ կամ խոսացող ընձուղտներ, ոչ, այն ամենասովորական վայրի անտառն էր, բայց միայն առաջին հայացքից: Ամեն անգամ անտառով քայլելիս (այն գտնվում էր մեր աշխատանքի և բնակվելու վայրերի մեջտեղում, ես կասեի՝ այն կլանել էր ամբողջ շրջապատը) ես հիանում էի վայրի բնության հիանալի պահպանությամբ. ծառի արմատախիլ բներ, վայրի հատապտուղների թփեր, ծառասնկեր, եղնիկներ, որոնց տեսնելու համար պետք էր շաաատ բախտավոր լիներ (դե մենք բախտավորներից էինք:)):  Բայց... մի օր մի բնիկ հոլանդացի մեզ պատմեց այդ բնական գեղեցկության հիմքում ընկած ամբողջ ճշմարտությունը...

Սա ամենաթանկ կամուրջն է Նիդեռլանդներում,
այն հատուկ պատրաստված է կենդանիների համար

Անտառի մուտքի ցանցը պաշտպանում է եղնիկներին,
որ նրանք դուրս չգան փողոց

Անտառում կարելի է տեսնել միայն հեծանվորդների,
 հա, մեկ էլ մեզ՝ հետիոտներիս

Արմատախիլ ծառերը հատուկ են տեղադրված այստեղ, որ
կենդանիների համար ստեղծեն իրենց հարազատ միջավայրը
Կոճղերը թողած են հատուկ ծառասնկերի համար



Նստարանը մարդկանց համար է)

Հիշո՞ւմ եք ամենաթանկ կամուրջը: Սա էլ իր մուտքն է
Կամուրջի վրա կենդանիները չեն զգում
 բարձրությունն ու մեքենաների աղմուկը
հատուկ տնկված վայրի հատապտուղների թփերի պատճառով

Իսկ սա գետնանցում,, ըըը,,, գորտնանցում է,
որպեսզի գորտերը մեքենաների տակ չընկնեն

Սարդերի խրախճանքը կարելի է տեսնել միայն վաղ առավոտյան,
գրեթե լուսաբացին...


... երբ հասկանում ես, որ այս անտառում, մեկ է, դու հյուր ես...