Wednesday, March 26, 2014

Կյանքը կուլիսներում. «Անտեսանելիների» հետքերով 1

Մարտի 27-ին թատրոնի օրն է

Հանդիսատեսը բեմում տեսնում է այն վերջնական արդյունքը, որը մի քանի տասնյակ «անտեսանելի» մարդկանց ջանքերի արդյունք է: Եկեք բարձրացնենք վարագույրը և տեսնենք, թե ինչ է կատարվում Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կուլիսներում:


ԻՄ ԵՐԵԽԵՔԻ ՊԵՍ 
ԲՈԼՈՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԳԻՏԵՄ
Մանիկ Նահապետյանը 40 տարի աշխատում է թատրոնում՝ որպես մոդելյոր:
-Ի՞նչն է Ձեզ բերել թատրոն:
-Ես ինքնուս եմ, դեռ մանկապարտեզից եմ սիրել շորեր կարել իմ տիկնիկների համար: 10 տարի խաղացել եմ բեմում՝ որպես դերասանուհի, հետո սկսել եմ զբաղվել բեմական զգեստներ կարելով:
-Բեմական զգեստ կարելու ամենամեծ դժվարությունը ո՞րն է:
-Շատ են դեպքերը, երբ անհրաժեշտ է մի քանի օրում կարել մեծ քանակությամբ հագուստներ, և ստիպված ենք աշխատել գիշեր-ցերեկ: Յուրաքանչյուր դերասանի համար կարվում է իրեն համապատասխան զգեստ, որը դերասանի փոխվելու հետ ձևափոխվում է: Ոչ բոլոր դերձակները կարող են լինել թատրոնի մոդելյոր լինել. ռեժիսորները, դերասան-դերասանուհիներն ունեն իրենց պահանջները: Ինձ հետ քմահաճ չեն կարող լինել, իմ երեխեքի պես բոլորի պահանջները գիտեմ ու սիրում եմ բոլորին, իրենք էլ ինձ են սիրում:
-Աշխատել առանց էսքիզի, միայն ռեժիսորի պատկերացմամբ, դժվար է պատկերացնել:
-«Լիր արքա» ներկայացման ժամանակ ես վատառողջ էի, և կանչել էին այլ դերձակների, որ օգնեն: Երբ մտա Վահե Շահվերդյանի մոտ, նա բացատրում էր դերձակների, թե ինչպիսի զգեստ է պետք կարել, բայց քանի որ չկար էսքիզ, դերձակը դժվար էր պատկերացնում: Այդ ժամանակ Վահեն Շահվերդյանը շրջվեց ինձ ու ասաց՝ Մանիկ, կարո՞ղ ես կարել: Ես ասացի՝ արդեն հասկացա, թե ինչ եք ուզում: Երեք օրում երկու զգեստ էլ կարեցի:


ՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԵՋ 4-5 ԱՆԳԱՄ ՀԱԳՈՒՍՏ ԵՆՔ ՓՈԽՈՒՄ

Սուսաննա Բաղդասարյանը 20 տարի է աշխատում թատրոնում՝ որպես հանդերձարանի վարիչ:
-Ո՞րն է Ձեր հիմնական աշխատանքը:
-Ներկայացումից առաջ բոլոր դերասան-դերասանուհիների զգեստները պետք է կարգի բերված լինեն, ոչ մի թերություն չունենան, դրված լինեն գրիմանոցում, որ դերասանը մտնի և հագնի:
-Իսկ ներկայացմա՞ն ժամանակ:
-Կան ծանր ներկայացումներ, որտեղ մենք պարտադիր լինում ենք կուլիսներում, օրինակ՝ «Լիր արքան» հանդերձապահների համար ամենածանրաբեռնված ներկայացումն է, քանի որ մոտ 30 անձ է ներգրավված, և գլխավոր դերակատարներն էլ ընթացքում 4-5 անգամ փոխում են իրենց զգեստները Ներկայացման ժամանակ լինում են պահեր, երբ ընդամենը մի քանի րոպե ունես փոխելու դերասանի հագուստը:
-Դերասանները հայտնի են իրենց քմահաճությամբ, ինչպե՞ս են Ձեզ վերաբերվում:
-Այլ թատրոններում հնարավոր է տեսնել, որ դերասանները վերևից նայեն սպասարկող անձնակազմի հետ, բայց մեր թատրոնում նման բան չկա: Հաճախ են կիսվում մեզ հետ իրենց խնդիրներով և հաջողություններով:




No comments:

Post a Comment