Tuesday, November 22, 2011

«Կուրախանամ, որ կգնահատին չարչարանքս»


Թեև Գյումրիի այս թաղամասում բոլորը գիտեն Ժամկոչյանների տան տեղը, այնուամենայնիվ, անմիջապես կարելի է հասկանալ, որ մոտենում ես վարպետի տանը, երբ դռան հետևից լսվում է մուրճի հարվածների ձայնը. Հասկանում ես, որ ճիշտ հասցեով ես եկել. սա հայտնի մուշուրբա սարքող վարպետ Էդիկի տունն է: Մուրճի հարվածների ձայնը չի խանգարում կողքի սենյակում քնած թոռանը՝ փոքրիկ Վահեին: «Հետաքրքիր երեխա է. մուրճի ձայնից չի արթնանում, իսկ եթե բարձր խոսինք, կզարթնի»,- շշուկով ասում է պապը՝ շարունակելով թխթխկոցը:


Մուշուրբայի գաղտնիքը
Մուշուրբան պղնձից պատրաստված բաժակ է, որը կլկլան է դարձրել վարպետ Էդիկի հայրը Սուրեն Ժամկոչյանը: «Ներսում այնպես է հարմարեցված, որ երբ ջուրը լցվում է, օդը մեջն է մնում, և խմելիս պղպջակներ է առաջանում ու լսվում է կլկլոցի ձայնը: Կլկլոց չի եղել, էս հայրիկս է հայտնաբերել. քթի ծակ է ունեցել, էսի իրա շնորհքն է: Ես ոչ մի բան չեմ ավելացրել, ոչ մի բան, չկա էլի էդ քթի ծակը»,- գյումրեցուն հատուկ հումորով պատմում է վարպետ Էդիկը:

Գործիքները երկար պատմություն ունեն
Վարպետի արհեստանոցը տան նախաշեմն է, դազգահը սովորական փայտե կոճղը, իսկ գործիքները երկար պատմություն ունեն:
«Պղնձագործությունը եղել է մեր պապական արհեստը, այս մկրատը, այս մուրճերը, բոլորը Էրզրումից բերած են: Միայն այսքանն է ինձ հասել, մնացածը թողել են Էրզրումում, ծանր են եղել: Տարբեր գործիքներ են բերվել, պղնձից տարբեր չափսերի ամաններ են սարքել»,- ցույց տալով հսկայական մետաղյա մկրատը՝ պատմում է վարպետ Էդիկը:
Նրա հայրը երկար տարիներ պղնձից ամանեղեն էր սարքում Գյումրիում, մինչև սկսվեց ալյումինե, էմալե ամանեղենի դարաշրջանը: Եվ քանի որ դրանք ավելի էժան էին, պղնձագործությունը որպես արհեստ մղվեց երկրորդ պլան:
«Մինչև հիմա էլ Մերձավոր արևելքում կա պղնձագործությունը, իսկ հենց այս մուշուրբայից չկա. սա միակն է»,- հպարտորեն պատմում է 66-ամյա Էդուարդ Ժամկոչյանը, ով արդեն 35 տարի սարքում է տարբեր չափերի մուշուրբաներ ամենատարբեր մարդկանց համար:

Առաջին մուշուրբան- առաջին սերը
Այնուամենայնիվ ինչպես առաջին սերը, նա միշտ հիշում է իր առաջին մուշուրբան: 31 տարեկան էր, աշխատում էր Գյումրիի Սառնարանային կոմպրեսորների գործարանում՝ հղկող հաստոցների վրա: «Ես ժամանակ չունեի մուշուրբա սարքելու. Աշխատանքն էր, հետո ընկերական շրջապատը, չէի մտածում արհեստի մասին»,- հիշում է վարպետ Էդիկը:
1976թ. գործարանը երկու ամիս պարապուրդ ունեցավ, իսկ ընտանիքին պահելու համար գումար էր անհրաժեշտ: Հայրն արդեն թոշակի էր գնացել և տնային պայմաններում պատրաստում էր պղնձե իրեր, որոնց թվում նաև մուշուրբան:
«Սկսեցի հորս օգնել: Դե աչքս տեսել էր մինչ այդ, երկու շաբաթից արդեն պատրաստում էի: Առաջինը հիշում եմ. էն չէր, ինչ-որ հիմի, հիմի աչքերս խփած կենեմ… Հորս պատվերն էր, մեկ օրում սարքեցի. հիմա էլ մի հատը 7 ժամում եմ պատրաստում»,- պատմում է վարպետ Էդիկը՝ չդադարելով մուրճել հերթական մուշուրբան: Հետո մի պահ դադարեցրեց՝ կարծես հիշեց այդ ճակատագրական օրը. «Հորս ուրախությանը չափ չկար, ինչ որ ես հիմա էսպես ուրախացել եմ, երբ որ Վահանս պատրաստե գը»:

Պապ-հայր-թոռ
Տղան՝ 29-ամյա Վահանը, այժմ օգնում է հորը, կոկվածքը տալիս է, որից հետո ժամեր շարունակ հայրը սկսում է մուրճով ծեծել մուշուրբան՝ բերելով նրան իդեալական վիճակի: «Մի քանի տարի առաջ շատ ծանր հիվանդացա, հրաշքով եմ կենդանի մնացել, և հիմա որդիս չի թողնում, որ շատ աշխատեմ»,- մի պահ տխրում է վարպետը:
3 տարի առաջ տեղի ունեցավ այդ դժբախտությունը, և հենց դա էլ եղավ ճակատագրական Ժամկոչյանների ընտանիքում և նրանց պապենական արհեստի համար:
«Հայրս առողջական խնդիրներով հիվանդանոցում պառկած էր, ես էի մնացել տանը, ես պետք է հարց լուծեի, այլ տարբերակ չկար, չէի աշխատում... Նստա, սկսեցի սարքել, սարքում էի, զանգում հորս, հարցնում էի, թե ինչըղ էնեմ, ինչըղ չենեմ, հիվանդանոցում պառկած պապան ուղղություն տվեց, սարքի: Էդ օրը տարա հիվանդանոց, նայեց, ըսավ՝ լավ է,- հիշում է Վահան Ժամկոչյանը՝ վարպետ Էդիկի որդին:- Մինչև էդ շատ երկար տարիներ օգնել եմ փոքր հասակից 11-12տ.-ից: Ծնվել-չեմ ծնվել ես այս արհեստի ամեն ինչը տեսել եմ, հարազատ է ինձ համար:
Կարելի է ասել, որ իմ կյանքի ամենակարևոր պահերից մեկն է, շրջադարձային»:
Վահանը համոզված է. պետք է շարունակի հոր գործը մինչև վերջ, իսկ եթե արդեն նրա որդին չցանկանա շարունակել… «Տխուր փաստ կլինի ինձ համար, բայց չեմ ստիպի, գուցե երկրորդ որդի կունենամ, ով կշարունակի…,- համոզված է Վահանը, ով տան երկրորդ որդին է: -Մեր պապական արհեստն է, հասել է ինձի, ես որ թողեմ, էդիկ ամոթ է, ճիշտ չէ լինի: Այսօր մեր ընտանիքի գոյատևման աղբյուրն է, հերս ուրախ է, պապս որ կենդանի լիներ, ինքն էլ կուրախանա, այդ ամենը թույլ չի տա չշարունակել. ափսոսանքը շատ է»:

Մեռնող արհեստը
Վարպետ Էդիկը ցավով նշում է, որ մեռնող արհեստ է, սակայն աշակերտների մասին չի էլ մտածում. «Բոլորովին ցանկություն էլ չունեմ: Ինձ շատ են առաջարկել աշակերտներ պահել. էսիգ իմս է, ինչի կվերցնեն…»
Նա չի սիրում նաև վերավաճառությունը. մուշուրբա կարելի է գնել միայն վարպետի տանից. «Չեմ սիրե ինչ-որ տեղ վաճառել. ես քրտինք եմ թափել, դրել եմ 8000 դրամ, նրանք ոչ մի բան չեն ըրե, դրել են 15000: Բան չեղած տեղը փոխ կաշխատեն… սիրուն չէ»:
Մուշուրբաները հիմնականում պատրաստվում են լուտունից է, ինչպես նաև արծաթից, պղնձից: «Երբ մի քիչ իմ ուզածով չի լինում, քիչըմ կտխրիմ, չնայած հաճախորդը չի հասկընա, որտեղն է սխալ, բայց իմ տրամադրությունս կընկնի: Արծաթների վրա հատկապես կուրախանամ, սիրուն է»,- ասում է վարպետը:
Ամենահիշվող մուշուրբան պատրաստել է երեխաների՝ մեծ որդու և դստեր համար. «Թնդանոթի արկից եմ պատրաստել. դա սվարկի տեղ չունի, լրիվ կլոր է»:

«Մունդառ Էդիկ»
Վարպետ Էդիկը չորս եղբայրներից ամենափոքրն է. նա է մնացել հոր հետ ապրելու, դրա համար էլ իրեն է փոխանցվել արհեստը:
Իր մասին միշտ ասում է. «Լավով շատ կուրախանամ, վատով կտխրեմ, իմ բնավորությունս էդպես է, երբ մի վատ բան է կըլնե, ամիսներով միջիցս դուրս չի գա: Հեչ մեկին վատ բան չեմ կամեցել, չեմ ըրե, երբեք, կարող է մի հատըմ չատալ (ռագատկա) խոսք ըսեն, շատ շուտ կազդվեմ: Փոքր ժամանակ ընկերներս ինձ կըսեին «մունդառ Էդիկ», վազել եմ մորս մոտ, ասել՝ բա ես մունդառ եմ»:
Բացի արհեստը սիրում է նաև... «Մարդը արվեստից, հումորից, երաժշտությունից հեռու որ եղավ, էդիկ մարդ չէ, կոպիտ, անտաշ բեռ է երկրագնդիս վրա: Ես դասական երաժշտություն եմ լսում, ոչ բոլորը, որովհետև չեմ հասկնա, բայց որը կհասկնամ, շատ դուր կգա»: Վարպետը խոստովանում է. կինը՝ Անահիտը, շատ հարցերում է աջակցում իրեն. «43 տարի իրար հետ ենք ապրել, քիչ չէ, երևի մի քսան տարի էլ կձգենք էլի... Ոչ շատին կուրախանամ, ոչ էլ քչին կտխրեմ: Իմ տունս էս է, շատ չեմ ուզել... լավ է»:

Արհեստը ոսկե ապարանջան է
«Շատ տխուր է Գյումրիի վիճակը, թեև այսքան տարիների ընթացքում շատ բան է փոխվել, քանդված շենքերը վերականգնվել են,- խորհում է վարպետը: -Որպես վարպետաց քաղաք՝ Գյումրին դեռ շարունակում է մնալ. կան ուժեղ վարպետներ, էն որ ավագ սերունդն է: Ենթադրենք՝ էն վարպետը, որ խառատ է աշխատել, երեք աղջիկ ունի, վերջ, իրենից հետո էդ ձևի վարպետ էլ չի կրնա պատրաստի, աշակերտ չի վերցնի, շատ-շատերը չեն վերցնի: Իհարկե չկորելու համար արժե, որ աշակերտ գոնե վերցնեն…»:
Այն երիտասարդներին, ովքեր աշխատանք են փնտրում, վարպետ Էդիկը խորհուրդ է տալիս. «Արհեստը ոսկե ապարանջան է, թող սովորեն, իսկ եթե ունեն իրենց արհեստը, թող շարունակեն: Ինչպես ասում են, որ արհեստավորը մինչև կեսօր է սոված, մինչ այդ դիմանում է»:
 «ԺԷՍ»՝ մուշուրբայի ֆիրմային նշանը
Մուշուրբան դարձել է Գյումրիի խորհրդանիշներից մեկը. մի քանի տարի շարունակ քաղաքում անց է կացվում «Ոսկե մուշուրբա» մրցանակաբաշխություն, որի ժամանակ  ոսկեջրած մուշուրբաներ են տրվում տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած ընկերություններին, մարդկանց: Բոլոր մուշուրբաների վրա կարելի է տեսնել վարպետ Էդիկի «ֆիրմային նշանը»՝ «ԺԷՍ» (Ժամկոչյան Էդիկ Սուրենի):
Նրա համբավը վաղուց դուրս է եկել հարազատ քաղաքից. «Վազգեն Առաջին, Արմեն Ջիգարխանյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, կան էլի...»,- թվարկում է իր պատվիրատուներին վարպետ Էդիկը:
Հասարակության կողմից նման մեծ ուշադրությունը ներքուստ ուրախություն է պարգևում վարպետին. «Կուրախանամ, որ կգնահատին չարչարանքս, մարդու դեմքին կնայեմ, եթե ուրախ ժպիտով կնայե, լավ կզգամ ինձի, որ արածս գործը կգնահատեն»:

No comments:

Post a Comment