Tuesday, November 15, 2011

Անհատակ դատարկություն


Միացնե՞մ երաժշտություն, թե՞ միասին լսենք համակարգչի անվերջ ապացույցը, որ ինքը միացված է, աշխատում է, իսկ ես կարծես փչացել եմ, ավելի շատ հոգնել...
Հիմա կասես` ինչքա՞ն կարելի է հոգնել կյանքից, ինչքան կարելի է չուզենալ ապրել, իսկ ես...
Ես պարզապես կլռեմ, և ինչքան էլ մայրս ասի, որ ավելի լավ է գրել թղթի վրա, ձեռքով, և ինչքան էլ ես կարդամ, որ ինչ-որ տեղ աշխարհում երեխաները այլևս չեն կարողանում ձեռքով գրել թելադրություն, ես պարզապես կլռեմ...
Բայց մինչև ե՞րբ, ինչքա՞ն կարող է կյանքն ինձ նետել անկյուն` հուսալով, որ երբևէ ես չեմ դիմանա և կճչամ, բայց ես լուռ կուլ կտամ ճիչը և գուցե նույնիսկ կժպտամ, եթե ճիչը չխլացնի նաև նրան:
Իսկ համակագիչը շարունակում է աղաղակել, որ ինքը կա և որ առանց նրա գուցե ես այդպես էլ չնստեի և չգրեի այս ամեն, որ հնարավորություն չկա այս ամենը գրելուց հետո պատռել, որ հնարավորություն չկա տեսնելու, թե ինչ սխալ ես արել...
Ո՞ւր է, թե կյանքը նման լիներ համակարգչի, ապրեիր, ապրեիր ու մեկ էլ հետ նայեիր, և ոչ մի սխալ, դեռ ավելին՝ մի քանի բան էլ փոխեիր, եթե ուզենայիր... Նկարեիր մի մեծ տուն  կամ մի.. երջանկություն:
Երջանկությունս ժանգոտել է, և նրա համար ավելի տաքուկ է ժանգի մեջ, քան իմ սրտում, իսկ գո՞ւցե այս ամենն ուղղակի պատրվակ է ոչինչ չանելու համար, ուղղակի հորինել եմ, որ չպայքարեմ հանուն իմ երջանկության, ե՞րբ եմ ես պայքարել, ուղղակի տրվել եմ գետի ալիքներին և անգամ ուժ չունեմ քարերին չդիպչել, բայց ցավոք իմ փայտե նավակն այնքան ամուր է, որ ինձ կհասցնի մինչև մահվան ջրվեժը...
Իսկ համակարգիչը դեռ շարունակում է աղաղակել իր գոյությունը՝ փորձելով լցնել այն անհատակ դատարկությունը, որով լցված եմ մինչև կոկորդս, որը չի թողնում շնչել... ես ուզում եմ ընդամենը ազատ շնչել, իսկ անհատակ դատարկություն լցնելու մասին անգամ չեմ ուզում մտածել...

No comments:

Post a Comment