Thursday, November 3, 2011

Ես ասֆալտի երգիչ եմ, ոչ թե բեմի


«Կցանկանայի ապրել 10 տարի ավել, տեսնեի ինձ ավելի մեծ հասակում»

Մահից երեք ամիս առաջ արված
հարցազրույցը...
Հինգ տարի առաջ կյանքից հեռացավ հայկական հարսանիքների, կնունքների, ծնունդների և, ընդհանրապես, բոլոր ուրախ պահերի անդավաճան ընկեր Արամ Ասատրյանը:
Դեռևս 2003թ. նրան շնորհվեց գուսանի կոչում, սակայն ժողովրդի սերն ավելի թանկ է. նա երկար տարիներ է վայելում մեծ ժողովրդականություն:
Նրա բոլոր երգերը Հայաստան են բարբառում, հայ լինելն են գովերգում: Երգեր, որոնք ծանոթ են բոլորին, որ հնչում են բոլորի շուրթերից` ուրախ, թե տխուր:

-Դուք ժողովրդական երգիչ, այնպիսի երգիչ, որին ճանաչում, սիրում են բոլորը:
-Ես ժողովրդի սերը միշտ տանում եմ ինձ հետ, միշտ անկեղծ եմ: Իմ երգերը պարզ են ու բարի, որովհետև իմ ազգն էությամբ բարի է: Մեր չարության մեջ էլ բարություն կա, մենք չարերի համար էլ աղոթող ժողովուրդ ենք: «Սուրբ Սարգիս» երգը հենց դրա մասին է` քրիստոնեական բարության:
-Երգիչը կարող է մի օր արթնանալ և դառնալ հայտնի, իսկ Դո՞ւք:
-Մինչև 1987թ. ես ունեի 13 ձայնագրություն: Այդ թվականին ծնվեցին «Շողերով, շաղերով», «Պաղ աղբյուր» երգերը, որոնք միանգամից արձագանք ստացան և սիրվեցին:
-Ինչպե՞ս որոշեցիք երգել:
-Քույրերս, եղբայրներս երգում էին, ես էլ սկսեցի, սկսել եմ կոնֆետի թղթերով սարքած ճամբարներում երգելուց: Տարիներ հետո համոզվեցի, որ աստված ինձ փեշակ է պարգևել: Սիրով կատարում եմ ժողովրդի պատվերները. կնունքներ, ծնունդներ, հարսանիքներ, երգել եմ բոլոր գյուղերում, ցեխերի մեջ, պատերազմի տարիներին, Ազատության հրապարակում ասֆալտի վրա եմ երգել: Ես ասֆալտի երգիչ եմ, ես բեմի երգիչ չեմ, թեև եղել եմ նաև աշխարհի ամենաբարձր բեմերում, երգել եմ հանրահայտ երգիչների հետ: Արվեստագետներն իրենց համարում են աստղ, սակայն ես աստղ չեմ: Տարիներ առաջ ես ասել եմ, որ աստղը երկնքում է, ես ինչպե՞ս կարող եմ աստղ լինել:
-2003թ. Ձեզ շնորհվեց գուսանի կոչում, ի՞նչ կասեք այդ մասին:
-Այդ պարգևն իմը չէ, այլ ժողովրդինն է: Ժողովրդի կամքով եմ ես ստացել այդ մրցանակը, ուրեմն դա ապագա սերունդներինն է:
-Այդ դեպքում ի՞նչն է Ձերը:
-Իմը ես եմ, որ ժողովրդինն եմ, իմը իմ հայրենիքն է և իմ լեզուն, երգերս էլ իմը չեն: Ամենակարևորը մենք բոլորս Տիրոջ ծառաներն ենք:
          -Բացի երգից էլ ի՞նչն է տեղ գրավում Ձեր կյանքում:
            -Առաջինը իմ հայ լինելը, երկրորդը` իմ ընտանիքը: Մեր գուսանները ասում էին. «Միլիոն ունենայի, կտայի, որ 10 տարի ջահելանայի», բայց ես` ընդհակառակը, կցանկանայի ապրել 10 տարի ավել, տեսնեի ինձ ավելի մեծ հասակում:
Ժողովրդի մեջ տարածված շատ երգերի հեղինակը ես եմ, բայց այդ ոչ բոլորը գիտեն:
Աստծո կամքով ես գուսան եմ դարձել,
Սիրող սրտերին ճամփա եմ բացել,
Հազարավոր հարսնիք եմ երգել:
Ու մի օր պիտի երգեմ:
Երգը ծնվեց Լոռվա սիրուն սարերում,
Ես Արամն եմ` ապրող հեռու-հեռու ափերում,
Լինի Լոսում, թե Կիրովականում,
Թող միշտ ժպտան հայերը,
Այս կյանքը շատ  գեղեցիկ է,
Ամուր պահեք ձեր սերը:

-Դուք ամեն ինչ պարգևում եք ժողովրդին, ի՞նչ եք ստանում որպես փոխհատուցում:
-Արդեն դեմքիցս պա՞րզ չէ. աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ: Եթե արժանանում եմ ժողովրդի ժպիտին, ծափերին, երանություն եմ ապրում: Այսօր իմ լոռեցիները նորից ապացուցեցին և պարտադրեցին, որ
Արամ, բացիր աչքերդ, նայիր աշխարհին,
Որ գիշերները մնում ես արթուն,
Սակայն երգում ես «Սեր իմ առաջին»:
Կա առաջին սեր, բայց կա նաև Աստծո սեր: Ես այս տարիքում արդեն ապրում եմ հենց այդ սերը: Արամ պապին ժողովրդին է:
-Իսկ Ձմեռ պապի՞ն:
-Ձմեռ պապիկ էլ եմ եղել, վերջերս ԱՄՆ-ում մի ֆիլմ էր նկարահանվել, որ ես Հայաստանից նվերներ պետք է տանեմ Կալիֆորնիա: Բոլոր երկրներում եղա, բացի Իտալիայից: Երբ ասում են` ինչու, ասում եմ` այնտեղ արդեն պապ կա, երկու պապ մի տեղ չի լինի:
 -Ի՞նչ կմաղթեք Ձեր հանդիսատեսին:
-Ես ուզում եմ, որ հայ ժողովուրդը գիտակցի, որ մենք ապրում ենք մեր դարերի ամենալավ օրերը. ամենամեծն այն է, որ մենք ունենք պետականություն, անկախ հայրենիք: Լոռեցիների ցավը տանեմ, լավ լինեն, սիրով, բարի, լոռեցիները միամիտ չեն, այլ պարզ են:
Խղճիս առաջ միշտ մաքուր եմ ես եղել,
Մեր աշխարհում հազար երգեր եմ երգել,
Ճոխ սեղանին չեմ նախանձել ուրիշի,
Ես մի վարդ եմ. ինչո՞ւ նմանվել փշի:
Ծաղիկների բույրը կառնեմ ամեն օր,
Ես գուսան եմ, պիտի շրջեմ Լոռվա սարերով:

Հ.Գ. Քառատողերը գրվել են հարցազրույցի պահին:

No comments:

Post a Comment