Friday, July 29, 2011

Ո՞ւմն է Հյուսիսային պողոտան

Հյուսիսային պողոտայի թիվ 3 հասցեի նորակառույց շենքի պատերի քանդվելը և մայթի իջեցումը խիստ մտահոգում է բնակիչներին:
Շենքը կառուցող «Հորիզոն 95» ընկերության տնօրեն Գագիկ Գալստյանը մտահոգությունը համարում է անհիմն և վստահեցնում, թե դա շենքի հիմքի հետ բացարձակ կապ չունի:
«Դրսի բարեկարգման աշխատանքները մեր կազմակերպությունը չի կատարել, Հյուսիսային պողոտայի շինարարությունն արագ ավարտելու հետ կապված հնարավոր է մի փոքր լավ չեն տոփ արել և դրա համար էլ նստվածք է եղել»,- հայտնեց «Հորիզոն 95» ՍՊԸ-ի տնօրեն, Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը:
Այս կարծիքը կիսում է նաև ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը. «Ես չեմ կարծում, թե շենքից է խնդիրը, դա հանրային տարածք հանդիսացող մայթի վատ շինարարական աշխատանքների արդյունք է»: Սակայն ճարտարապետը դժվարանում է գնահատական տալ, քանի դեռ խորը վերլուծություն չի արվել:
Յուրաքանչյուր նորակառույց ունենում է իր նստեցման աստիճանը. հավաստում է երկրաբան Մարսել Նալբանդյանը: Իսկ ինչ վերաբերում է շինրարարության ժամանակ տուֆի շերտի քանդմանը, ապա երկրաբանը համոզված է. «Տուֆի շերտի տակ ջրի մեջ ամրացած գրունտեր են, որոնք սեյսմակայուն են»:
Հյուսիսային պողոտայի տակ հոսող ստորերկրյա ջրերը ևս խնդիրներ են ստեղծել շինարարների համար, համոզված է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը. «Հողային շերտը քանդելուց տակից խփեցին գետի ջրերը: Եվ շինարարները մի կողմից պոմպով հանում էին ջուրը, մյուս կողմից էլ ցեմենտ էին լցնում»:
Սակայն Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի երկրաբան Մարսել Նալբանդյանը չի կիսում այդ կարծիքը. «Երևանի կենտրոնում կան վայրեր, որտեղ ստորերկրյա ջրերը խնդիրներ են առաջացնում, սակայն Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ նման խնդիր չի եղել»:
Այս հարցը պարզաբանեց Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը. «Քաղաքապետարանը ոչ մի պարտավորություն չունի Հյուսիսային պողոտայի կառուցապատման հետ»:

No comments:

Post a Comment