Monday, July 18, 2011

Հյուրանոց` Հրապարակի մետրոյի մոտ

«Հանրապետության հրապարակ» մետրոկայանի հարակից տարածքում նախատեսվում է կառուցել հյուրանոց: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը:
Հյուրանոցի շենքը նախագծել է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը դեռևս 3-4 տարի առաջ: Այն պետք է լինի 7-8 հարկանի, 100 տեղանոց շենք, որի բակում են հայտնվելու մետրոյի «ծաղիկը» և շատրվանները, սակայն մետրոյի մուտքերը չեն փակվելու:
Իր պատասխանում քաղաքապետարանը չի տեղեկացրել, թե ում է պատկանում այդ տարածքը, ինչու մինչ այժմ չի կառուցվել հյուրանոց, երբ է այն կառուցվելու: Այժմ այս տարածքը շինհրապարակ է հիշեցնում:
«Հյուրանոցի արտաքին տեսքի և շրջակայքի բարեկարգման նախագծային լուծումները կքննարկվեն Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում».- նշված է քաղաքապետարանի գրավոր պատասխանում: Սակայն քննարկումների ժամկետի մասին ոչինչ չի ասվում:
Մինչդեռ շինարարությունն սկսելու համար անհրաժեշտ է թույլտվություն և հստակ նախագիծ:
«Միակ խնդիրը, որ լուծված չէ և այդ մասին բարձրաձայնվեց ավտոմեքենաների կայանատեղին է, քանի որ այնտեղ ընդամենը 4-5 մեքենա կարող է կայանել»,- նշեց ճարտարապետ Սասուն Քալաշյանը:
Իսկ ինչպես են վերաբերվում այդ փաստին Երևանի քաղաքացիները:

«Եթե տվյալ կառույցը չի խանգարում քաղաքի բնությանը, չի աղտոտելու միջավայրը, ես կարծում եմ գեղեցիկ կլինի, եթե կառուցվի մեր ճարտարապետական ոճով»,- ասաց Սենիկ Վարդանյանը:
Հովհաննես Գևորգյանը համաձայն է նույնիսկ նրան, որ ոչինչ չփոխվի, միայն թե շինություն չկառուցվի. «Փոսը կարող են լցնել, ամեն մի փոս, որ փորել են, պետք է մի բան դնե՞ն»:
«Ինչ կարող ենք անել , մեզնից մեծերն էլ են փորձել, բայց ոչինչ չեն կարողացել...»,- հուսահատորեն ասում է Նիկոլայ Հովհաննիսյանը:
«Երևանը դարձել է բետոնե քաղաք, ոչ մի շինարարություն պետք չէ»,- ասում է Լալա Շանոյանը:
Յուրիկ Պետրոսյանը պարզապես չի հավատում, որ հնարավոր է նման վայրում հյուրանոց կառուցել. «Եթե որոշել են, ուրեմն պետք է մի բան անեն: Կարող է մի օր էլ մետրոյի տեղը փոխեն հյուրանոցի համար ...»:

No comments:

Post a Comment