Friday, July 15, 2011

Աստված սկզբում բաժանեց լույսը խավարից, իսկ այստեղ վերջում խավարը կլանեց լույսը...

Բելա Տար

«Շրջանը փակվեց, սրանից հետո իմ նկարահանած ցանկացած ֆիլմում ես կրկնվեմ»,- համոզված է «Թուրինյան ձի» ֆիլմի ռեժիսոր, հունգարացի Բելա Տարը, որն այն համարում է իր կարիերայի ավարտը:
Այսօր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում այդ սև ու սպիտակ ֆիլմի դիտումից հետո հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հարցեր ուղղելու աշխարհահռչակ ռեժիսորին:
«Ճիշտ է` ես գերադասում եմ սև ու սպիտակը, բայց ես ունեմ նաև գունավոր ֆիլմեր: Պարզապես գունավոր ֆիլմ նկարահանում եմ միայն այն դեպքում, երբ ցանկանում եմ օգտագործել գույները, իսկ տվյալ ֆիլմում դրա կարիքը չկա»,- բացատրում է ռեժիսորը:
«Թուրինյան ձի» ֆիլմը ամբողջությամբ բելատարյան ոճով է. ինչպես և նրա նախորդ ֆիլմերը, այստեղ ևս կարող ես տեսնել մարդկային գորշ, միապաղաղ կյանքը, երբ օրերը սրտխառնոցի չափ միանման են: Այդ ամենը ռեժիսորին հաջողվում է փոխանցել հանդիսատեսին այնպես, որ ոմանք անթարթ նայում են, ոմանք էլ պարզապես չեն կարողանում բացել աչքերը օրերի միատեսակ տաղտուկի բեռից:
«Սա ֆիլմ չէ, սա կյանքն է, սա է մեր կյանքը»,- ասում է ռեժիսորը և համոզված է. այս ֆիլմը բոլորի համար է:
Ֆիլմի սկզբում պատմվում է, թե ինչպես Նիցշեն, տեսնելով, որ կառապանը խփում է շարժվել չցանկացող ձիուն, հարձակվում է նրա վրա` արգելելով այդ: Հետո նա հիասթափված վազում է տուն և ասում. «Մայրիկ, ես հիմար եմ»:
«Մենք գիտենք, թե ինչ եղավ Նիցշեի հետ, սակայն անհայտ էր ձիու ճակատագիրը. Այս ֆիլմը ձիու մասին է»,- ասում է ռեժիսորը:
Ֆիլմը ցույց է տալիս հոր և աղջկա կյանքի վերջին 6 օրերը: «Աստված ստեղծել է այս «անիծված» (shit) աշխարհը 6 օրում, ես էլ այս ֆիլմում ցույց եմ տալիս հակառակը: Սկզբում աստված բաժանեց լույսը խավարից, իսկ այստեղ վերջում խավարը կլանեց լույսը»,- ասաց նա:
Վերջին խորհուրդը, որ տալիս է հայրը աղջկան. «Կեր, մենք պետք է ուտենք»: Եվ Բելա Տարը համաձայն է դրա հետ. մենք պարտավոր ենք ուտել:

Ի դեպ, այժմ նա հանդես է գալիս որպես պրոդյուսեր և օգնում երիտասարդ ռեժիսորներին իրենց ֆիլմերը ասպարեզ հանել:



No comments:

Post a Comment