Thursday, July 14, 2011

Նրանք կարողացան հաղթել ինքներն իրենց

Մի շաբաթ անցկացրած աղջիկների ամառային ճամբարը շատ կարծրատիպեր կոտրեց իմ մեջ: Ես հասկացա, որ մեր 13-15 տարեկան աղջիկները ինչքան խելացի են, թեև կան հարցեր, որոնցից շատ չեն տեղեկացված:

Հետաքրքիր դասերից մեկը սեռական դաստիարակությունն էր: Աղջիկները ամաչում էին հարցեր տալ, ինչը բնական էր ցավոք… Սակայն շատ էին զարմանում մեր՝ ջոկատավարներիս հանգստության վրա: «Էդ բանը բոլորի մոտ նույն ձևի՞ է, թե՞ տարբեր»,

Ամենահետաքրքիր հարցերից մեկն այն էր, թե ինչքան սեռական հարաբերություննների հաճախությունն էր. «Ինձ թվում էր՝ տարին մեկ անգամ»,- ասաց աղջիկներից մեկը զարմացած:

Պարզվեց, որ աղջիկներից շատերն այն կարծիքին են, որ տղամարդիկ ավելի հաճախ պետք է սեռական հարաբերություն ունենան, քան կանայք:

Հետաքրքիր էր սեքսապաթոլոգի հետ հանդիպումը: «Սեքսից երեխա՞ է ծնվում», «Բուլկի որ ուտեմ, կարո՞ղ է երեխա չկարողանամ ունենալ», «Ի՞նչ է կարմիր խնձորը» նման միամիտ հարցերի կողքին «Ի՞նչ տեսք ունեն կանացի պահպանակները»:

Նույնիսկ նրանցից մեկը իր ամփոփիչ թղթում նշել էր. «Ես զարմանում եմ, թե ինչպիսի ապշեցուցիչ թեմաների մասին ենք խոսել այստեղ»:

Շատ տպավորիչ էր գենդերային թեման: Թեև աղջիկները տարբեր քաղաքներից, գյուղերից էին, նրանք շատերը կարծում էին, թե Հայաստանում գենդերային հավասարություն է, քանի որ «կանայք ավելի ցածր են, քան տղամարդիկ», «Տղամարդիկ ավելի խելացի են, քան կանայք»:

«Ընտանեկան բռնություն» թեմայի շրջանակներում քննարկման արդյունքում պարզվեց, որ շատ շատերն են ընտանիքում ականատես լինում նման իրավիճակի. երեխա չունենալու պատճառով ծեծում են կնոջը, տանը ավելի մեծ ուշադրություն են դարձնում որդուն, քան աղջկան և այլ դեպքեր…

Աղջիկների համար թեև այդ 7 օրը դժվար էին, բայց ավելի դժվար է լինելու հիմա, երբ արդեն գնացել են իրենց համայնքներ, որտեղ ամեն ինչ նույնն է մնացել, բայց փոխվել են իրենք և ցանկանում են փոխել համայնքը…

No comments:

Post a Comment