Saturday, January 23, 2016

Ձյունե հեքիաթ

Ու ձյուն է գալիս, ինչ-որ ջերմ մի ձյուն… քո աչքերը փաթիլ առ փաթիլ կտրում-անցնում են ձյունը և մոտենում իմ շնչին, որի ջերմության կրքից փաթիլ առ փաթիլ այրվում է ձյունը: 
Դու ինձ վերցնում ես քո ափի մեջ, ձյունը փաթիլ առ փաթիլ խեղդամահ է լինում ու կաթիլ առ կաթիլ համբուրում մեզ…
Հանկարծ դու ինձ հետ ես հրում, ես զարմանքով նայում եմ քո աչքերին, փորձում կարդալ քո լուռ շուրթերը, որոնց այժմ համբուրում է միայն ձյունը: 
Դու վերցնում ես ձեռքս ու սկսում ես վազել… ես սայթաքելով ճեղքում եմ ձյունը, բայց դու ամուր բռնել ես ձեռքս և տանում ես դեպի անհայտ մութ:
…Մենք պառկում ենք ձյան վրա և նայում ձյանը: Ձյունն ամենուր է, ես մի պահ վախենում եմ ձյան ամենուրությունից, ինձ մի պահ թվում է, թե ես մենակ եմ ձյան հետ, ու նա ինձ հիմա կկլանի իր ամենազոր գրկում:
…Բայց դու գրկում ես ինձ, և ես մոռանում եմ վախը, ձյունը, ամբողջ աշխարհը:


No comments:

Post a Comment