Tuesday, February 12, 2013

Դուք երբևէ լսե՞լ եք Ձյան շշնջյունը....

Դուք լսե՞լ եք ձյան շշնջյունը..

Դուք երբևէ լսե՞լ ձյան աղաղակը...
Երբ երկինքը իր ճերմակ համբույր է ուղղում երկրին, այդ պահին բոլորը մի պահ շնչասպառ լռում են` կարծես սպասելով պայթյունի, որ ինչ-որ բանով կնմանեցվի ատոմային կամ ջրածնային ռումբին, սակայն... այս լռությունը շնչահեղձ է անում, ականջներս փակում եմ ձեռքերիս ափերով, որ չլսեմ այս լռությունը, այս անտանելի լռությունը: 
Օգնում է, սկսում եմ լսել օվկիանոսի խշշոցը, իսկ մարդիկ գումարներ են ծախսում բազմատեսակ խեցիների գնելով, որ հետո, շատ հետո լսեն ծովի արձագանքը իրենց ականջում, իրենց հոգում:

Դուք լսե՞լ եք ձյան շշնջյունը...
Մի աղջկա հարցրեցին` օրվա քո սիրած պահը: «Երբ ձյունը սպիտակ չէ»: Ձյունը սկսեց խամրել... կորցրեց իր կուրացուցիչ փայլը, որը նրան դարձնում էր յուրատեսակ, հիասքանչ և միակ... 
Ուզում եմ փրկել ձյանը. վերցնում եմ մի բուռ ոչ ճերմակ ձյուն ու բերում եմ տուն, որ նա ճերմակի... չեմ հասցնում: Արագ դուրս եմ գալիս, կրկին բերում, կրկին չեմ հասցնում: Պատրաստվում եմ կրկին դուրս գալ, բայց դու ինձ գրկում ես, նստեցնում, համբուրում արցունքներս,  ժպտալով ասում, որ երեխայություն չանեմ: Դու ինձ չես հասկանում կամ գուցե ամենալավն ես հասկանում... 
Ես ժպտում եմ, դու հանգստանում ես և վերադառնում ես քո գործերին. իսկ իմ ափի մեջ ձյունն է, ժպտում եմ ձյանը. ես լսել Ձյան շշնջյունը...

Դուք լսե՞լ եք Ձյանը... Դուք Չեք լսել...

No comments:

Post a Comment