Thursday, June 30, 2011

Մահացել է «լեյտենանտ Կոլոմբոն»


Հանդիսատեսը սիրում է դետեկտիվ, այսպես է սկսում խորհրդային ֆիլմերից մեկը` «Զգուշացեք ավտոմեքենայից»: Ո՞րն է սիրելու պատճառը: Հանդիսատեսը շունչը պահած սպասում է վերջին պահին, որպեսզի տեսնի, թե ով է մեղավորը

 Սակայն դա չի բացատրում «Կոլոմբո» ամերիկյան հեռուստասերիալը, որտեղ հենց առաջին րոպեներին պարզ է դառնում, թե ով է մարդասպանը

Պարզվում է, որ «մեղավորը» շիլաչ, ճմռթված անձրևանոցով և շուրթերից անպակաս սիգարով լեյտենանտ Պիտեր Ֆալկը, որը «միամիտ» հայացքով մտերմանում է հանցագործին, նրան դուրս բերում համբերությունից իր «պարզ ու միամիտ» հարցերով: Ամեն անգամ երբ Կոլոմբոն արդեն հեռանում է նրանից, հանցագործը թեթևացած շունչ է քաշում, բայց մի քանի վայրկանից հայտնվում է Կոլոմբոն. «Եվս մի բան, սըր»:

Պիտեր Ֆալկն ինքն է ստեղծել Կոլոմբոյի կերպարը: Նա է ընտրել ճմռթված անձրևանոցը, հազիվ շարժվող «Պեժո» մեքենան: Իսկ երբ առաջարկել են, որ նաև շուն ունենա, սկզբում հրաժաժվել է: Բայց երբ տեսել է նախատեսված շանը, միանգամից համաձայնվել է` ասելով, որ դա հենց Կոլոմբոյի շունն է: Իսկ շիլ աչքն ու սիգարը հենց Պիտեր Ֆալկի «ներդրումն» են, որոնցով դերասանը սիրում է կատակել:

«Երբ մոտենում են փողոցում, ես հանդիսավոր հանում եմ ատամներիս պրոթեզը, հետո արհեստական աչքս և փորձ եմ անում հանել նաև ոտքս... այդ ժամանակ սարսափահար հեռանում են»,- ծիծաղելով պատմում է Ֆալկը:

Ցավոք, մի քանի օր առաջ 83-ամյա դերասանը մահացել է` իր հետ տանելով լեյտենանտ Կոլոմբոյի անկրկնելի կերպարը:


Wednesday, June 29, 2011

«Չգիտես` կորուստ ունե՞ս, թե՞ ոչ»

Հունիսի 29-ը Հայաստանի անհայտ կորած ազատամարտիկների օրն է


Համլետ Գալստյանը ռումբ ուներ թևի մեջ դրած,
ասում էր` դա իմ կյանքն է
Ուղիղ 19 տարի առաջ հունիսի 29-ին, Համլետ Գալստյանը «Արաբո» ջոկատի հետ մեկնեց պատերազմի դաշտ և այլևս չվերադարձավ: Նրա դուստրը` Լուսինեն, հիշում է, որ հոր մեկնելն այնքան հապճեպ էր, որ անգամ չհասցրեց հրաժեշտ տալ իրենց:

«Նման դեպք էլի էր եղել, երբ հայրս հրաշքով փրկվել էր: Մոտ երկու ամիս լուր չունեինք, ու հանկարծ հեռախոսը զանգում է, վերցնում եմ. իր ձայնն է: Այդ նույն հույսով սպասել եմ և այս անգամ»,-ասում է Լուսինեն:

Տասնյակ տարիներ Լուսինեին հորը փոխարինել է հույսը, որ նա ողջ է և մի օր անպայման տուն կվերադառնա:
«Իրավիճակ է եղել, երբ մտածել եմ գուցե այդ պահին իմանայինք, որ մահացել է, ավելի ճիշտ կլիներ: Չգիտես` կորուստ ունե՞ս, թե՞ ոչ: Հայրս անգամ գերեզման չունի»,- ցավով նշում է Լուսինեն:

Մոտ 3 տարի առաջ Համլետ Գալստյանի ընտանիքին հայտնեցին, որ «Արաբո» ջոկատի
ազատամարտիկների մեծ մասը զոհվել է դեռևս 19 տարի առաջ՝ Արցախի պաշտպանության առաջին մարտերում:

«Իրավիճակ է եղել, երբ մտածել եմ
գուցե այդ պահին իմանայինք, որ մահացել է,
 ավելի ճիշտ կլիներ»
«Ամեն անգամ գնալիս ասում էր` կամ կգամ, կամ կբերեմ: Մի բան հաստատ գիտեինք, որ նա գերի չի ընկնի. ռումբ ուներ թևի մեջ դրած, ասում էր` դա իմ կյանքն է,- հիշում է Լուսինեն, որն անձամբ էր պատրաստում հոր իրերը ճանապարհ դնելիս:

Լուսինեն շատ է հարցուփորձ արել, թե ինչ հանգամանքներում է հայրը կորել, մահացել եւ իր համար պարզել է. «Դա դավաճանություն է եղել, ջոկատին պարզապես գցել են շրջափակման մեջ»:


Նա հպարտությամբ և հիացմունքով է հիշում, թե ինչպես էին «Արաբո» ջոկատի տղաները ցանկացած իրավիճակից դուրս գալիս հաղթանակով. «Ամեն տեղ աստված նրանց օգնում էր, բայց այս վերջին անգամ… դա ճակատագիր էր»:

Sunday, June 26, 2011

Բոլորն արդարություն են քարոզում, իսկ նա` սեր

«Սեր և ատելություն» ներկայացման վերջում Վարդան Պետրոսյանը պատմեց մի դեպք, որը ստիպել է նրան այս բեմադրությամբ հանդես գալ Հայաստանում. «Ես կորցրել եմ ծնողներիս բավականին վաղ հասակում։ Երկար ժամանակ ինձ անընդհատ տանջում էր մի երազ. ես Երևանում ներկայացումների եմ, և ինձ ասում են, որ մայրս ինձ սպասում է մեր տանը` Խանջյան փողոցի վրա։ Ես գործերով տարված վերջին պահին եմ վազում տուն, սակայն միշտ չէի կարողանում տեսնել մորս. արթնանում էի։ Խղճի խայթն անընդհատ ինձ տանջում էր։ Սակայն երբ գրում էի «Սեր և ատելություն» բեմադրության սցենարը, կրկին տեսա նույն երազը։ Այս անգամ ես վազելով գնացի մեր տան բակ. այնտեղ հանրահավաք էր, և մայրս էլ հարևանների հետ հանրահավաքին էր մասնակցում։ Ես վազեցի նրա մոտ, չոքեցի նրա առջև և սկսեցի գոռալով, լալով ասել, որ սիրում եմ նրան, որ անընդհատ նրա կարիքն եմ զգում... Մի քանի օր հետո երազում տեսա հորս, որը մատնացույց արեց հագուստս և մի լայն գոտի... Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ են նշանակում այս երազներս։ Հետո հասկացա. հայրս ինձ գոտեպնդում էր, որ ես համարձակ գամ Հայաստան և ներկայացնեմ բեմադրությունը հանդիսատեսին, բայց հիշեցնում էր, որ զգույշ լինեմ, քանի որ նրանց մեջ է նաև իմ մայրը...»
-Ինչո՞ւ «Սեր և ատելություն» անդրադարձաք Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին։

-Եթե ես այս վերնագրով բեմադրություն պատրաստեի 20 տարի առաջ, այն բոլորովին այլ տեսքի կլիներ։ Պետք է հաշվի առնել, որ ես ասում եմ այն, ինչ ես եմ մտածում. սա իմ կարծիքն է։ Շատերն են իմ մասին ասում, թե բոլորն արդարության համար են պայքարում, իսկ նա եկել և սեր է քարոզում։

Սոցիալական բոլոր խնդիրները առաջանում են բարոյականության բացակայությունից։ Կա սեր առանց բարոյականության, բայց բարոյականությունն առանց սիրո... իսկ քաղաքականության մեջ սեր չկա, մարդը կամ ընտրում է սեր, կամ քաղաքականություն։

-Ներկայացման ընթացքում դուք ասացիք, որ մենք բոլորս ճակատագրի եղբայրներ ենք, որ ամեն հայ պետք է միշտ իրեն տեսնի ուրիշի մեջ...
-Իմ կյանքի վերջին տարիներին մեծ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք շրջադարձորեն փոխեցին իմ աշխարհայացքը։ Ես բոլորովին այլ կերպ սկսեցի գնահատել սերը, նրա նշանակությունը։ Ես միգուցե ավելի հավատացյալ դարձա, գուցե ավելի մոտիկ ճանաչեցի աստծուն։ Եվ գուցե հենց դա էր պատճառը, որ որոշեցի սեր քարոզել մարդկանց, հայտնել նրանց, որ մենք բոլորս ճակատագրի եղբայրներ ենք` թե՛ ցուցարարները, թե՛ այն ոստիկանները, որոնք կրակում էին նրանց վրա։

-Ո՞րն էր այս և «Վերելք» բեմադրության տարբերությունը։

-Այս անգամ ես ավելի զգույշ էի, քանի որ հնարավոր էր ունքը շինելու փոխարեն աչքը հանեի։ Եղեռնին անդրադառնալիս ես շատ հանդուգն քայլի դիմեցի։ Ես շոու ներառեցի, որ այդքան ծանր թեման հանդիսատեսը կարողանա մարսել։ Նաև այն էր պատճառը, որ ավելի շատ երիտասարդներ գան, որովհետև անտեյակ են։ Ես հասա նպատակիս. տասնյակ հազարավոր երիտասարդներ ուրախացան, տխրեցին, ցնցվեցին ինձ հետ «Վերելքի» ժամանակ։ Բայց այդ ժամանակ հանդիսատեսը պառակտված չէր, ճեղքված չէր. նրանք նույն վերաբերմունք ունեին եղեռնի հարցում։ Իսկ այս անգամ արդեն ուրիշ է. հանդիսատեսը բաժանված է երկու մասի։ Թեև ինձ թվում է, որ ներկայացումը հաջողվել է. 2 ամիս է` բեմադրվում է, և հանդիսատեսն ամեն տեղ հոտնկայս ծափահարում է։ Կարևոր չէ` նա համաձայն է ինձ հետ, թե ոչ, կարևորը` նա ընդունում է իմ ասածը։ Թերթերից մեկում տպվել էր, որ բեմադրությունից հետո հանդիսատեսից մեկն ասել է` էլ Լևոնին չեմ ատում։ Երբ մեկն էլ ասի, որ ինքն էլ Սերժին չի ատում, կասեմ, որ իսկապես միայն այսքանի համար արժեր այս ներկայացումը բեմադրել։

-Ներկայացումից հետո հանդիսատեսից մի քանի հոգի միմյանց ասում էին` այդպես էլ չհասկացանք` Վարդանը լևոնակա՞ն է, թե՞ սերժական։

-Ինչպե՞ս կարող է արվեստի մարդը լինել ինչ-որ մեկի կողմնակիցը։ Ես փորձել եմ լինել ճկուն։ Երբ ասում եմ` Լևոն, հանդիսատեսը անմիջապես մտածում է` բա Սե՞րժը։ Այդ հարցը ես էի տալիս հանդիսատեսի փոխարեն և պատասխանում. դա խորամանկ հաշվարկ էր։ Իսկ ինչ վերաբերում է արվեստին, ապա այն միշտ էլ մի փոքր վերևից է նայում տեղի ունեցող իրադարձություններին, բայց ոչ արհամարհանքով, այլ ուղղակի ամբողջ դաշտը տեսնելու համար։

-Ձեր խոսքերը կարո՞ղ են վիրավորական լինել հանդիսատեսից գոնե մեկի համար։

-Եթե նույնիսկ այդպես լինի, ապա ներկայացման վերջում ամեն ինչ վերանում է, երբ ես պատմում եմ մորս երազը։ Նրանք հասկանում են, որ այստեղ մարդը ուղղակի խոսում է մարդու հետ, ինչի կարիքը նրանք շատ են զգում։

-Ի՞նչ է պետք փոխել մեր հասարակության մեջ։

-Հայերի մեջ կա մի անբացատրելի ատելություն, որի պատճառը տարիներ շարունակ չեն կարողացել հասկանալ պատմիչները։ Մի բանում ես համոզված եմ` հայի հոգին դառնացած է։ Ինչպես Թումանյանն է ասում` մենք տրորված վարունգի թուփ ենք։ Ես հիշում եմ, որ երբ մենք գյուղում խաղում էինք, տատիկս ասում էր` վարունգի թումբը մի տրորեք, կդառնանա։ Հիմա եմ հասկանում Մեծ Լոռեցու ասածի ամբողջ իմաստությունը։ Ինչքան էլ իդեալական դառնա կառավարական կառույցը, արդարություն լինի, ինչպե՞ս կարող է գործել, երբ լցված է ատելությամբ։ Իսկ երբ արդեն արատավորված է մարդը, նա կարող է ցանկացած իդեալական կառույց շրջանցել։ Ու՞մ է պետք  օրենք, համակարգ, երբ չկա սեր, հանդուրժողականություն։ Ինձ համար զարմանալի է, որ կան լրագորողներ, որոնք գրում են` մենք պետք է ատենք հանուն մեր երեխաների։ Ինչպե՞ս կարելի է ատել հանուն երեխաների։ Ատելություն քարոզում էին 17-20թթ. բոլշևիկները, և ինչի՞ հասան նրանք։

Շատերն ասում են` «այս նեղ մաջալին եկել, սեր է քարոզում»։ Ինձ հասկանում է ժողովուրդը, որը հոտնկայս ողջունում է, ցավոք չեն հասկանում երկու կողմերը, որոնց ձեռքին են գրիչները։

Հ.Գ. Թեև հարցազրույցը մի քանի տարվա վաղեմության է, այնուամենայնիվ, իմ կարծիքով, այն չի կորցրել իր արդիականությունը