Monday, June 20, 2011

«Սաղ թողել եմ, եկել, 40 տարվա ստեղծածս...»

Հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է, այսօր Հայաստանում հաշվարկված են 360 հազար ադրբեջանահայեր, այսինքն յուրաքանչյուր 10-րդը իր անցյալի «գրքում» ունի մի այսպիսի պատմություն...


«Վեց օր ոտքով անձրևին եկել ենք, հասել Հայաստան, գետերով, ջրերով, թրջվել ենք, խարույկ ենք վառել, որ տաքանանք, ով ինչ ուտելիք ուներ, կիսվել ենք»,- 77-ամյա Նորա Բաբայանը արցունքն աչքերին հիշում է, ինչպես է 19 տարի առաջ իր երեխաների հետ փախել է Ադրբեջանի Շահումյան շրջանից:


Նորա տատիկի պատմելով` այնտեղ ունեցել են երկու հարկանի տուն, մեծ այգիներ, որ նա մինչև հիմա էլ մանրամասն հիշում է. «Սաղ թողել եմ, եկել, 40 տարվա ստեղծածս...»:


Այժմ երեխաները Ռուսաստանում են, իսկ ինքը թոռան և 1.5 տարեկան ծոռի հետ բնակվում է Երևանի ծայրամասում` Էրեբունի համայնքում տեղակայված հանրակացարանում: Շենքը մի քանի ամիս առաջ 4-րդ կարգի վթարային է ճանաչվել: Տան պատերին արդեն նկատվում են հսկայական ճեղքեր:


«Այստեղ հնարավոր չէ ապրելը, օրեցօր պայմաններն ավելի են վատանում: Անձրևային եղանակին ներս ու դուրսը չի տարբերվում»,- պատմում է թոռը` 31-ամյա Ռուզաննա Մովսիսյանը, ով այստեղ ապրում է արդեն 15 տարի:


Ռուզաննայի ամուսինը մեկ տարի առաջ մահացել է, և նա այժմ տան միակ աշխատողն է, սակայն առայժմ արձակուրդում է, քանի որ աղջիկը փոքր է:


Շենքային վթարային վիճակին գումարվում են նաև կոմունալ պայմանները. գազ, քաղաքային հեռախոս չկա, իսկ ջուրը 3 օրը մեկ է լինում:


Այս շենքում բնակվող 60 ադրբեջանահայ ընտանիքներին պետությունն առաջարկել է տեղափոխվել Մասիսի շրջանի Դարբնի գյուղ: «Ճիշտ է` այնտեղ շենքային պայմանները լավ են, բայց մոտակայքում մանկապարտեզ, դպրոց, խանութ չկա»,-ասում է Ռուզաննան և հավելում, որ Երևանում աշխատանք ունենալու դեպքում ընդհանրապես հարմար չէ գյուղը:


Իսկ հեռանալ Հայաստանից Ռուզաննան չի էլ մտածում. «Թեև հայրս ռուս է, մայրս բնակվում է Ռուսաստանում, բայց ես ցանկանում եմ մնալ այստեղ, քանի որ Հայաստանն ինձ շատ հարազատ է»:

No comments:

Post a Comment