Tuesday, June 21, 2011

«Սա սկիզբն է, սպասեք երթուղայինների թանկացմանը»


Թեև միայն այսօր է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը լրագրողներին հայտնել, որ հուլիսի 1-ից թանկանալու է մետրոյի սակագինը` դառնալով 100 դրամ` այժմյան 50դրամի փոխարեն, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն սկսել է «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» արշավ, որտեղ հավաքվել են հազարից ավելի մասնակիցներ:

Ի դեպ, մասնակիցները նաև իրենց բողոքն են արտահայտում անմիջապես Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում:

Արման Գևորգյանը կոչ է անում պարզապես հեռացնել քաղաքապետին` պատճառաբանելով, որ նա աշխատում է ոչ թե ժողովրդի, այլ ոմանց պահանջները իրականացնելու համար:

«Մետրոյից հիմնականում օգտվում են մեծահասակները ու ուսանողները, իսկ գինը թանկացնելով, նա անմիջապես դիպչում է հենց այս խավին։ Հարմար ժամանակ է գտել թանկացնելու, երբ ուսանողներն արդեն վերջացնում են ուսումնական տարին ու դիմադրություն չեն կարող ցուցաբերել։ Իսկ սեպտեմբերին արդեն ուշ կլինի»,- գրում է Արմանը:

Մարիամը համաձայն է թանկացման, սակայն կա մեկ «եթե». «Թանկացման շնորհիվ կկառուցվեն նոր կայաններ` Մալաթիա-Սեբաստիա, Զեյթուն, Ռայկոմ, Նոր Նորքի զանգվածներ, ԱվանԲայց ես համոզված եմ, որ քաղաքապետարանը նման ծրագրեր չունի»:

Մինչդեռ Անահիտ Մանուկյանը նշում է, որ բազմաթիվ երկրներում է մետրոյի ժետոնը բավականին թանկ Հայաստանից. «Մոսկվայում 28 ռուբլի է, այսինքն` մոտավորապես 370 դրամ` մոտ 7 անգամ թանկ, քան մեզ մոտ, բայց այնտեղի աշխատավարձը հաստատ 7 անգամ բարձր չէ»:
Բողոքը` բողոք, բայց քաղաքացիները «հաշտված» փնտրում են վիճակից դուրս գալու ուղղություններ:

«Վաղը մի 500 հատ ժետոն աչքիս առնեմ: Մեկ է մետրոյով եմ ամեն օր դասի գնում գալիս»,-ասում է Մերի Պրազյանը:

Հովիկ Հովհաննիսյանն էլ առաջարկում է ալտերնատիվ միջոց. «Ասում են` որոշ "չզարգացած" երկրներում հեծանիվը ծառայում է որպես փոխադրամիջոց: Ասում եմ` կարող է հպարտություններս դնենք մի կողմ, մենք էլ հեծանիվին անցնենք»:

Իսկ Արմինե Գեղամյանն արդեն նախապատրաստում է մյուսներին. «Սա սկիզբն է, սպասեք երթուղայինների թանկացմանը»:

1 comment:

  1. Զուտ տնտեսագիտական վերլուծական մասով պետք է ասել, որ ոչ միշտ է թանկացումն ունենում բացասական նշանակություն: Տեսական մոդելով` գնի բարձրձացումը կբերի հասույթի աճին, որից կաճեն նաև այլևայլ հարկատեսակներն ու ամորտիզացին, ինչու չէ, նաև` ինովացիոն հատկացումները: Արդյունքում կունենանք նոր կայարաններ, հարմարավետ վագոններ, ստորերկրյա տրանսպորտացիայի առավել խիտ ցանց և երթևեկության թեթեևացում: Այդ հարկատեսակներից աճ կունենան նաև սոցիալական նպաստներն ու նվազագույն աշխատավարձի չափը: Այս ամենը բնականաբար ունենում է փոխադարձ էֆեկտ: Իսկ թե արդյոք հայ իրականության մեջ ինչպես կարտահայտվի այս թանկացումը, կերևա առաջիկայում: Ինքս ֆորմալ առումով չեմ քննադատում քաղաքապետի ձեռնարկը, սակայն սոցիալ-տնտեսական հարթակում արդեն կան բավականին լուրջ բայցեր...

    ReplyDelete