Sunday, December 25, 2011

Արդեն երկու աղջիկ ուներ, և երրորդն անհրաժեշտ չէր...

 Արդեն երկու աղջիկ ուներ, և
երրորդ աղջիկն անհրաժեշտ չէր...
Դու չեղար ոչինչ,
Գուցե լինեիր իմ ուզած բալիկ,
Լինեիր շեկլիկ, սպիտակ կամ թմբլիկ…
Ներիր, իմ բալիկ, ներիր, որ չեղար,
Որ չթողեցի՝ լինես, իմ բալիկ,
Իմ անմեղ փոքրիկ,
Որի մեղքը լոկ… աղջնակ լինելն էր
Ներիր ինձ, ներիր:

«Դա հեշտ վճիռ չէր»,- նույնիսկ այսօր՝ 16 տարի հետո, Գայանեն մի պահ ընկճվում է՝ հիշելով 1996 թվականի հուլիսի 15-ը:
Արդեն գիտեր, որ իր սրտի հետ միասին տրոփում է մեկ այլ սիրտ, պարզապես աղջկա: Արդեն երկու աղջիկ ուներ, և երրորդ աղջիկն անհրաժեշտ չէր:
Հինգ բժշկի մոտ էին գնացել, բոլորն ասել էին՝ աղջիկ է, և բոլորն ասում էին՝ հանկարծ չընդհատես: Անգամ ամուսինը, ով երկար տարիներ երազում էր որդի ունենալ, ընկրկեց. «Աստված այսպես է կամեցել, մեզ սա է տվել, ուրեմն…»

«Բայց ես արդեն որոշել էի, մանավանդ շատ վտանգավոր էր ձգձգումը, արդեն 4 ամսական էր աղջիկս...
Մեկ ժամից պետք է գնայինք հիվանդանոց, տանն էի: Անգամ չէի ցանկանում հաց ուտել. կարծես խաբում էի երեխային, կերակրում էի, որ հետո տանեմ… սպանելու: Նստած գրկել էի որովայնս ու խոսում էի մահացած սկեսրոջս նկարի հետ. «Դու որ լինեիր, ես նման բան չէի կարող անել: Տանում եմ, տանում եմ՝ կտրտեն: Մեկը չկա, որ ինձ համոզի, ես մենակ քո դեմ չէի կարող բան ասել»:

Ու գնացին, սկզբում բժիշկը հրաժարվում էր, քանի որ ուշացրել էին, բայց վերջում համոզվեց:
«Երբ նարկոզից արթնանում էի, լսեցի թե ինչպես են բժիշկները քննարկում՝ ինչ լավ բալա էր, բա թաթիկները… Մտածում էի, որ այլևս երեխա չեմ ունենա, քանի որ հանցանք եմ գործել: Չի կարելի, դա սխալ քայլ է»:

Չանցած երեք ամիս՝ Գայանեն հասկացավ, որ կրկին հղի է: Եվ երբ ցանկանում էր կրկին գնալ ստուգելու երեխայի սեռը, արդեն բոլորն էին դեմ, ստիպում էին անպայման պահել երեխային, թեկուզ աղջիկ լինի:

«Ես կտրականապես մերժեցի այդ միտքն անգամ. մեղք էի գործել նախորդի հանդեպ, ինչպես կարող էի աղջիկ ունենալ այդքանից հետո»:
Ստուգումները հաստատեցին, երեխան տղա է:

Գայանեն համոզված է. պետք է հնարավորություն տրվի ծնողներին ստուգելու երեխայի սեռը մինչև ծննդաբերելը, եթե նրանք ցանկանում են. «Եթե չլիներ սեռը ստուգելու հնարավորություն, ես երբեք որդի չէի ունենա, իսկ մենք միշտ ցանկացել ենք ունենալ երկու աղջիկ և մեկ տղա»:

Նա խոստացել էր սկեսրայրին. տղա է ունենալու: Տղա թոռ ունենալը սկեսրայրի համար դարձել էր երազանք (յոթ աղջիկ թոռ ուներ): Այդ խոսակցությունից մեկ շաբաթ հետո սկեսրայրը անակնկալ մահացավ, և Գայանեն բարեկամների մոտ խոստացավ. սկեսրայրը կունենա տղա թոռ, թեկուզ հետմահու…

«Որդուս ծնունդը կյանքիս ամենաերջանիկ օրն է եղել, թեև մահվան դուռն էի հասել (ծննդաբերությունից հետո բարդություններ են առաջացել): Ես կյանքին կառչած մարդ չեմ, և երբ ամբողջ գիշեր արնահոսում էի, մտածում էի, որ նպատակս իրագործել եմ, ամուսինս որդի ունի, թեկուզ իմ կյանքի գնով»:

Գայանեի որդին արդեն 14 տարեկան է և կրում է մահացած պապիկի անունը:

No comments:

Post a Comment