Wednesday, December 7, 2011

Ստվարաթղթե արկղում կյանքի առաջին օրվանից մինչև հիմա

Նրա հեռախոսահամարն է 07-12-88. իր ծննդյան օրն է: Միհրանը ծնվել է Վանաձորում ուղիղ 23 տարի առաջ, երբ բոլոր տներում լալիս էին հարազատների կորստի համար, Միհրանենց տանը…

Պատմում է Միհրանի մայրը` Սոնա Մարկոսյանը
Երկրաշարժի ժամանակ տանն էինք. սպասեցինք, որ վերջանա, նոր դուրս եկանք բակ: Մեկ էլ զգացի` վատ եմ: Հայրս դուրս եկավ փողոց, ոստիկանական մեքենայով ինձ տարան ծննդատուն: Առաջին հարկում էի: Շուրջբոլորս փլատակներից մազապուրծ եղած վիրավորներ էին. ծնողներս չէին թույլ տալիս շուրջ նայել:


Երբ երեխան ծնվեց, մի քանի չթե շոր տվեցին ու ասացին, որ ավելի լավ կլինի` տանենք այդտեղից: Դրսում տղաս սկսեց լաց լինել, հայրս իր վերարկուն հանեց, փաթաթեցինք մեջը: Դիմացի շենքերից մեկից մի ժիգուլի կանգնեցրեց ու մեզ տարան Լագեր թաղամաս` բարեկամի տուն: Այնտեղ` բակում, հարևաններով խարույկ էին վառել, 40-50 հոգի կլինեին:


Երբ ներս մտանք, եղբորս կնկա հայրը մոտեցավ մեզ, համբուրեց տղայիս ու ասաց. «Որ ինքը ծնվեց, ուրեմն Աստված ուզում է ասել, որ հային մեռնել չկա, մի վհատվեք, մեր կյանքը դեռ կշարունակվի»:


Որդիս ծնված օրից ապրում է
 ստվարաթղթե արկղում
Հեռուստացույցի արկղ գտանք, անկողին պատրաստեցինք. երեք օր տղաս բացօթյա մնաց այդ արկղում` խարույկի մոտ: Ամուսինս Ռուսաստանում էր, եկավ 3 օր հետո, մենք տեղափոխվեցինք ալյուրի դատարկ խանութ և այնտեղ ապրեցինք 2 ամիս, մինչև կառուցվեց մեր տնակը, որտեղ ապրում ենք առ այսօր… Որդիս ծնված օրից ապրում է ստվարաթղթե արկղում:


Միհրանի` Միրոյի անունը դրել է պապը «Ձորի Միրո» ֆիլմի պատճառով. «Նա Ձորի Միրո էր, դու էլ կլինես «Ժաժքի» Միրո»:


Միհրանի ծննդյան 1-ամյակի ժամանակ տոնելու ոչ մի հնարավորություն  չկար, խանութում կլոր հացեր էին ծախում, մեկը առա, վրան կրեմ քսեցի, մոմ դրեցի, որ Միրոն փչի, ուրախանա: Հարևանները շատ վատ ընդունեցին. ամեն տեղ լաց է, ողբ, իսկ դուք ուրախանում եք...


Ես մեղավոր չեմ, որ Աստված կամեցավ` այդ բազում զոհերի մեջ լինի մի ուրախություն իմ տանը: Մի՞թե իմ տղան մեղավոր է, որ այդ օրն է ծնվել, ինչո՞ւ պետք է տուժի իր ամբողջ կյանքում: Այդ օրը շատերն են կորցրել իրենց զավակներին, բայց իմ ընտանիքում տղա է ծնվել, ինչպե՞ս կարող էի չուրախանալ:


Երբ փոքր էր, անցնում էինք դեռևս կիսաքանդ Մշակույթի պալատի կողքով, ասում էի. «Տես, Միրո, մեր քաղաքի ամենասիրուն շենքն է, քանդվել է, երբ դու ծնվել ես, ասում էր` ե՞ս եմ մեղավոր»: Հետո էլ ասում էր, որ մեծանամ, պետք է կառուցեմ:

2 comments:

  1. Լավ պատմություն էր... մի տեսակ բարի, տխուր, բայց միեւնույն ժամանակ ուրախ... :)

    ReplyDelete
  2. Բավական է, ինչքան սգացինք, այս օրը պետք է նաև այլ տեսանկյունից դիտել...

    ReplyDelete