Monday, August 15, 2011

Մոտոցիկլետով Հայաստան՝ հանուն հաշմանդամների




Հենց այս նպատակով են այս երկու երիտասարդները Լեհաստանից եկել Հայաստան, որպեսզի հաշմանդամների խնդիրները բարձրացվեն, և ամենակարևորը՝ փորձի փոխանակումն է երկու երկրների մասնագետների միջև:

Նրանցից մեկը՝ Արկադիուշ Տոնաշիակը, աշխատում է Լեհաստանի «Եղբայր Ալբերտի» անվան հիմնադրամում, որի ղեկավարը հայ կաթոլիկ եկեղեցու քահանա Թադեուշ Իսակովիչ-Զալեսկին է: Արկադիուշը զբաղվում է սահմանափակ կարողություններով մարդկանց իրավունքների հարցերով և երկար է փնտրել մոտոցիկլետ վարող հաշմանդամ Մաչեյ Բանաշեքին, որը համաձայնել է  Լեհաստանից մոտոցիկլետներով գալ Հայաստան:

Մաչեյը, ով չունի մի ոտք, ստացել է իր վարորդական իրավունքը հաշմանդամ դառնալուց հետո: «Շատ կարևոր է, որ Մաչեյը ինձ հետ է, քանի որ հաշմանդամները, նրան տեսնելով, ցանկանում են նմանվել նրան, լինել նրա նման ակտիվ»,- ասում է Արկադիուշը:

Երիտասարդները թեև ընդամենը մեկ շաբաթ են մնացել այստեղ, սակայն հանդիպել են բազմաթիվ կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են սահմանափակ կարողություներով տեր մարդկանց հետ, դրանցից է «Սկարպ» հկ-ն, որն ունի հաշմանդամների բասկետբոլի թիմ:

Հայաստանում լեհ տղաներին զարմացրել է 3 փաստ 

«Ինձ շատ զարմացրեց Երևանը, որը շատ մոդեռն քաղաք է: Մեր ղեկավարն անընդհատ ասում էր, թե այստեղ պայմանները լավը չեն: Ես անգամ գրեցի նրան, թե ինչու էր այդպես փնովում Երևանը: Ես շատ անգամներ եմ եղել փոքր հյուրանոցներում՝ հոսթելներում: Եվ Երևանի հոսթելը ինձ շատ զարմացրեց. իսկական եվրոպական ոճ է»,- նշում է Արկադիուշ Տոնաշիակը:

Իսկ Մաչեյ Բանաշեքին շատ են զարմացրել… հայ աղջիկները: «Լեհաստանում միշտ խոսվում է, որ լեհ աղջիկերը ամենագեղեցիկն են, սակայն այստեղ հասկացա, որ հայ աղջիկները շատ ավելի գեղեցիկ են»,- ասում է Մաչեյը, որը ամուսնացած է և երեխա ունի:

Սակայն նրանց երկուսին ամենից շատ զարմացրել է, որ Երևանում այսօր մեծ տեմպով իրականացվող շինարարության ընթացքում հաշվի չեն առնվում նաև սահմանափակ կարողություններով տեր մարդկանց տեղաշարժման հարցերը:

No comments:

Post a Comment