Friday, August 12, 2011

Պայքար կրպակների ապամոնտաժման դեմ


«Էլեկտրական սարքերի վերանորոգում» ցուցանակն ընկած է մայթին, որտեղ թափթփված են քարեր: Քարերը վերջակետ են դրել կրպակի կյանքին: Կրպակի ներսում արհեստավոր Հովհաննեսը և իր ընկերը հավաքում են տարբեր տեղ թափթփված իրերը և տեղավորում արկղների մեջ:
«Այսքան հախաճորդներից ապրանք ունենք այստեղ, ո՞նց պետք է տանք տերերին՝ չգիտեմ»,- ցույց տալով դարակներում դրված հեռախոսները՝ կարծես ինքն իրեն ասում է Հովհաննեսը:
Նա 8 տարի վերանորոգում է էլեկտրական տեխնիկա՝ հեռուստացույց, մագնիտաֆոն, հեռախոս:Այստեղ է Հովհաննեսի հաճախորդներից տիկին Ռիտա Ավետիսյանը. նա եկել է իր սարքած մագնիտաֆոնը վերցնելու. «Մագնիտաֆոնս ամեն տեղ տարել եմ սարքելու, չէին կարողանում գլուխ հանել, միայն այստեղ կարողացան սարքել: Հիմա չգիտեմ՝ ինչ պետք է անեմ, եթե էլի փչանա մագնիտաֆոնը: Կարգին, շնորհքով տղերք են, պրոֆեսիոնալ, հիմա ո՞ւր պետք է գնան, ի՞նչ է, գնա՞ն՝ ուրիշ ազգի համար աշխատելու»:Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի 5 կրպակներն են ապամոնտաժում:
Տեղ-տեղ մայթերին նստած ոչինչ չասող հայացքներ, թափթփված իրեր, վազվզող լրագրողներ... քիչ հետո էլ ոչինչ չի վկայի ոստիկանների և կրպակատերերի միջև առավոտից տեղի ունեցած բախումները, որի հետևանքով որոշ ժամանակ փակվել էր Փափազյան փողոցի երթևեկությունը, իսկ բախման մասնակիցները ստացան տարբեր քերծվածքներ:


No comments:

Post a Comment