Wednesday, April 20, 2011

Հայաստանում վերելակը էքստրիմ սպորտաձև է


Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակները կարելի է դասել էսքտրիմ սպորտի տեսակների շարքում: Լսեցի վերջերս մի խոսակցության ժամանակ: Հարցումները ևս մեկ անգամ հաստատեցին դա:

«Շատ վատ, անմխիթար վիճակում են, օրինակ` Կիևյան փողոցի վրա գտնվող շենքի վերելակը անընդհատ ճռռում էր, այնպիսի ձայներ էր հանում… մինչև հիմա էլ այդպես է»,- ավելացնում է մեկ այլ քաղաքացի:

Ա.Թամանյանի արձանի հարևանությամբ բնակվող քաղաքացիներից մեկը հավաստեց, որ թեև իրենց շենքի վերելակը կարգին վիճակում է, բայց և այնպես ընդհանուր առմամբ վերելակների վիճակը լավ չէ, տեսքը հաճելի չէ, պոկոտած և կեղտոտ է:

Իսկ անցորդներից մեկն էլ վատատեսորեն կանխատեսեց. «Պետք է մի հատ վերելակ ընկնի ջարդվի, որ նոր սարքեն, էն էլ հենց այդ վերելակը. սա Հայաստանն է»:

Ինչպես հայտնեց Արտակարգ իրավիճակների Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների և ճոպանուղիների տեխանվտանգության փորձաքննության բաժնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը, վերելակների փորձաքննության ժամանակ մասնագետները զիջողաբար են վերաբերվում վերելակների արտաքին տեսքին` խցիկին, հորանի դռներին, լուսավորությանը, աշխատելիս առաջացած թույլատրելի աղմուկին, ավելի մեծ ուշադրություն է դարձվում անվտանգությանը:

Այնուամենայնիվ Երևանում ապրիլի 1-ի դրությամբ գրանցված 3796 վերելակներից ամենամյա պարտադիր տեխզննության ենթարկվել են մոտ 500 վերելակներից 40-ն արդեն ստացել է տեխանվտանգության բացասական եզրակացություն:

«Այսօրվա դրությամբ Երևան քաղաքի վերելակների ընդհանուր վիճակը կարելի է համարել բավարար, սակայն տեխնիկական սպասարկման վիճակը`ոչ բավարար»,- ասում է Լուսինե Հովհաննիսյանը:

Այսօր առաջնային խնդիր է նաև այն, որ գիշերային ժամերին վերելակների սպասարկում չի իրականացվում: Եվ երբ մարդը մնում է վերելակում, մինչ փրկարարների գալը, նա կամ ինքնուրույն է դուրս գալիս, կամ նրան օգնում են հարևան-բարեկամները:

Կենտրոն համայնքային վերելակների սպասարկման հերթապահ Ծաղիկ Սարգսյանը հայտնեց, որ իրոք չկա գիշերային սպասարկում, սակայն երբ մարդ մնում վերելակում, ապա ինքն է օգնում, որ դուրս գա:

«Ավելի լավ է մարդը մնա վերելակում մի ժամ, մինչև էլեկտրամեխանիկը գա, քան ինքնուրույն քայլեր ձեռնարկի: Հենց այդպիսի դեպքերում են լինում դժբախտ պատահարները»,- ասում է գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը:

Վերջին 5 տարիների ընթացքում գրանցվել է ընդամենը վերելակի վթարի 9 և ամբարձիչի 18 դեպք: 2010թ.-ին ամբարձիչների 7 արտադրական պատահար, իսկ այս տարի արդեն 5 տեխնածին վթարի դեպք է արձանագրվել, մինչդեռ վերելակների  արտադրական պատահարներ անցած տարվանից տեղի չի ունեցել:

Ինչ վերաբերում է վերելակների աշխատանքի խափանմանը, ապա դա սովորական երևույթ է ցանկացած աշխատող մեխանիզմի համար, նշում են մասնագետները:

Կենտրոն համայնքային վերելակների սպասարկման հերթապահ Ծաղիկ Սարգսյանը հայտնեց, որ իրենք սպասարկում են շուրջ 300 վերելակ, և օրական լինում է վերելակի խափանման մոտ 10-12 դեպք. «Անբարեխիղճ վերաբերմունքը ևս վնասում է աշխատանքը, պատահում է` վառում են կոճակները, գողանում են ճոպանները»:

Ի դեպ, 2007-2008թթ. Երևանի քաղաքապետարանը իրականացրել է 2000-ից ավելի վերելակների վերանորոգում և մոտ 35 վերելակների փոխարինում նորերով; Սակայն ինչպես նշում է Լուսինե Հովհաննիսյանը, այս ծրագիրը թեև բարելավել է իրավիճակը, սակայն նմանատիպ ծրագիր պետք է պարբերաբար անցկացվի:

No comments:

Post a Comment