Tuesday, April 5, 2011

2 ինֆո կենտրոն՝ ամբողջ Հայաստանում


Երևանի միակ ինֆորմացիոն կենտրոնը
տարվա սկզբից դադարեցրել է իր գործունեությունը

Հայաստանում այժմ լիարժեք գործում է ընդամենը 2 տուրիստական ինֆորմացիոն կենտրոն, մինչդեռ ՀՀ կառավարությունը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ արվում է հնարավոր ամեն ինչ` զբոսաշրջությունը զարգացնելու համար:
Այդ երկու ինֆորմացիոն կենտրոնները գտնվում են Դիլիջանում և Գառնիում: Երևանի միակ ինֆորմացիոն կենտրոնն էլ այս տարվա սկզբից դադարեցրել է իր գործունեությունը:
«Ինֆորմացիոն կենտրոնի փակման պատճառներից մեկն էլ այն է, որ տարածքը վարձակալությամբ էր գտնվում: Այժմ բանակցություններ են տարվում կառավարության հետ, որպեսզի այս տարվա ընթացքում կենտրոնը տեղակայվի Հանրապետության հրապարակում: Սակայն կոնկրետ պարզ չէ, թե դա երբ կլինի»,- հայտնեց Ազգային մրցունակության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զառա Ամատունին:
Ի դեպ, Երևանի ինֆորմացիոն կենտրոնի սպասարկման գումարը տարեկան կազմել է 26-28 մլն դրամ: Այժմ կենտրոնը փաստացի գործում է օնլայն տարբերակով` armeniainfo.am կայքում:

Այժմ հիմնադրամի համար առաջնահերթ խնդիրներից է Տաթևի վանքի շրջակայքում ինֆորմացիոն կենտրոնի բացումն է, որը նախատեսվում է այս տարի: «Նորավանք, Ջերմուկ, Տաթևի վանք... այժմ մեր ուժերն ու միջոցներն ուղղված են հարավային միջանցքի զարգացմանը: Սակայն դա չի նշանակում, որ մենք անտեսում ենք մյուս վայրերը»,- ասում է Զառա Ամատունին:
Փորձեցի ճշտել մեր երկիր այցելած օտարերկրացիներից, թե ինչպես են նրանք գտնում ինֆորմացիա նման պայմաններում:
Հայաստանի հյուրերից մեկը հայտնեց, որ եթե իմանար` որտեղ է գտնվում ինֆո կենտրոնը, մեծ հաճույքով կգնար այնտեղ` Հայաստանի մասին ինֆորմացիա գտնելու համար: «Ես օդանավակայանում ձեռք եմ բերել գիրք, որով և առաջնորդվում եմ»,- հայտնեց նա:
«Ինֆո կենտրոնները հիմնականում լինում են կենտրոնական մասերում, օդանավակայանում: Հայաստանի ինֆո կենտրոնը պետք է լինի հենց Հանրապետության հրապարակում, որպեսզի ցանկացած արտասահմանցի կարողանա գտնել անհրաժեշտ ինֆորմացիա: Ընդհանրապես ինֆո կենտրոնները պետք է լինեն, եթե պետությունը ցանկանում է, որ զբոսաշրջիկները բացահայտեն տվյալ երկիրը»,- ասում է հարցվածներից մեկը, ով ընդամենը մի օր է Հայաստանում:
Իսկ Մեծ Բրիտանիայից ժամանած երկու ընկերները, որոնք արդեն մի շաբաթ է Հայաստանում էին, մեր երկրի մասին պատմող գիրք ձեռք էին բերել Վրաստանից. «Չենք գտել ոչ մի ինֆո կենտրոն, բայց այն շատ օգտակար կլիներ մասնավորապես քարտեզների, ինչպես նաև Երևանից դուրս գալու համար»,- ասում է նրանցից մեկը, իսկ ընկերն էլ հավելում է. «Ինֆորմացիան ընդհանրապես շատ կարևոր է, մանավանդ օտար երկրում»:


No comments:

Post a Comment