Tuesday, April 26, 2011

Երևանի ամենահին լուսանկարչատանը

Այստեղ մի անկյունում դրված է «Կոդակ» ֆիրմայի 2-րդ սերնդի 180-ամյա ֆոտոապարատը. իսկ նկարներով կարող ես ճամփորդել Երևանի անցյալով. մի նկարում Կարաբալան է ծաղիկ վաճառում, մյուսում այժմյան «Մոսկվա» կինոթատրոնի տեղում կանգնած Պողոս-Պետրոս եկեղեցին, մեկ ուրիշում էլ Հանրապետության հրապարակի նախկին ժամացույցը…

Երևանի ամենահին «Խանոյան» լուսանկարչատունը հիմնադրել է Վանից գաղթած լուսանկարիչ Գաբրիել Խանոյանը 1930թ-ին: Մինչ այդ Երևանում եղել են «անակնկալներ» կոչվող լուսանկարիչներ, որոնք այգիներում շրջել են և լուսանկարել ցանկացողներին:
 
«Պապիկը լուսանկարչություն սովորել է Կիսլովոդսկում հրեա լուսանկարիչ Պրովոդի մոտ: Ես ասում եմ պապիկ, բայց ինքը իմ պապիկը չէ, հորս քեռին է եղել»,- ասում է Արմեն Հարությունյանը, որին բոլորն էլ ճանաչում են որպես Խանոյան:

Նրա հայրը ևս լուսանկարիչ է` Օնիկ Հարությունյան, սակայն նրան ևս դիմում էին Խանոյան: «Երբ հարցնում էի` ինչո՞ւ են այդպես դիմում, ասում էր` կմեծանաս, կհասկանաս: Հիմա էլ ընկերներս են ինձ հաճախ ձեռ առնում, թե ինչու եմ ազգանունս փոխել, ասում եմ` կմեծանաք, կհասկանաք»,- պատմում է Արմենը:
  
Եթե նախկինում հայտնի լուսանկարիչներն ունեին իրենց գաղտնիքները, որոնք թաքցնում էին բոլորից, ապա հիմա լուսանկարչությունը դարձել է ընդլայնված սպառման միջոց. «Ամեն մեկը կարող է ապարատը գցել վզին և համարել, թե ինքը լուսանկարիչ է»,- ցավով ասում է Արմեն Խանոյանը:

Նա թեև միշտ գերադասել է ժապավենային ֆոտոխցիկները, սակայն ստիպված է շարժվել ժամանակին համընթաց. հաճախորդներ չկորցնելու համար ձեռք է բերել թվային ֆոտոխցիկ, բայց դժգոհ է. «Սա թամբալի ապարատ է, ժամանակի հետ պետք է քայլել, բայց ցավն այն է, որ պրոֆեսիոնալիզմը կորչում է»:

Եթե խորհրդային տարիներին լուսանկարչության մրցույթներին հայ լուսանկարիչները միշտ առաջին-երկրորդ տեղերն էին գրավում, ապա այժմ հայ լուսանկարչությունն անկում է ապրում: Համոզված է Արմենը. «Վերջերս մեկը մտավ լուսանկարչատուն, ասաց` ձեր մի հատ չխկոցն ի՞նչ արժե, ասացի, մենք չենք չխկացնում, լուսանկարում ենք ու այդպես էլ չլուսանկարեցի»:
Լուսանկարչատունը երկար տարիներ
գործել է Աբովյան 12 հասցեում

Լուսանկարչատունը մեկ անգամ չէ, որ օգնել է վերականգնել Երևանի կորցրած անցյալը. Երբ 1971թ.-ին Մայր թատրոնը այրվեց, բոլորը կարծում էին, թե արխիվը կորել է: Խանոյանները նվիրաբերեցին մայր թատրոնի իրենց մոտ եղած արխիվը:

Ամենահին նկարներից այստեղ Ավետիք Իսահակյանի 1940թ. արված դիմանկարն է: Հոր լուսանկարներից շատ հոգեհարազատ է Մարշալ Բաղրամյանի դիմանկարը, քանի որ ինքն անձամբ ներկա է եղել: «Ես նրան պատկերացնում էի հաղթանդամ, բայց ներս մտավ միջին հասակի մի մարդ: Երբ հայրս ինձ ներկայացրեց, կարմրեցի: Բաղրամյանը նայեց ինձ ու ասաց. «Երևում է` լավ տղա է, միանգամից կարմրեց»:

Բազում լուսանկարների մեջ Արմենի համար իր յուրահատուկ տեղն ունի 25 տարեկանում կատարած առաջին լուսանկարը առանց հոր օգնության: Երիտասարդ աղջկա լուսանկարը դրված է աշխատասեղանին մյուս հայտնի և անհայտ լուսանկարների հետ: «Պարզապես հաճախորդ էր, անունը Քրիստինե»,- հիշում է Արմենը:

Արմենը, թեև դեռ չի գտել իր կյանքի ուղեկցին, բայց համոզված է, որ դեռ ամեն ինչ առջևում է. պարզապես չի գտնում կին լուսանկարիչ կամ գոնե արվեստի մարդ: «Կամուսնանամ, երեխաներ կունենամ, նրանք էլ կշարունակվեն իմ գործը»,- համոզված է 48-ամյա լուսանկարիչը, ով 21 տարի է` մենակ է աշխատում այստեղ:

Տարիների ընթացքում Արմենը համոզվել է. հայրը ճիշտ էր ասում. լուսանկարչությունով կարելի է միայն յոլա գնալ: «Երբ ասում էի` ինչո՞ւ չես փոխում մասնագիտությունդ, ասում էր` բա անո՞ւնը: Հիմա նույնը ես եմ ասում»:

No comments:

Post a Comment