Tuesday, March 22, 2011

Զագսի պատերին. Ա+Մ=Ս, մի անկյունում էլ գրված է «էշ»

Երևանի Կենտրոնի ՔԱԿԳ-ի
սանհանգույցում լավ օրերից մնացած
 շամպայնի շիշն է
Ա+Մ=Ս 18.02.08, Ա+Դ=Ս 2007թ., Արման, Հերմինե 04.12.07, Ա+Ա=Զ, մի անկյունում էլ գրված է «էշ»... ոչ, սա սովորական բակի սովորական պատ չէ, այլ Վանաձորի քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԱԿԳ)  տարածքային բաժնում կամ «հայերեն ասած» զագսում հերթ կանգնածների համար զբաղմունքն է, մինչև հերթը կհասնի իրենց:
Որևէ տեղեկանք ստանալու համար քաղաքացիները ստիպված են ժամերով սպասել ՔԱԿԳ տարածքային բաժիններում, Էլեկտրոնային ընդհանուր բազայի բացակայության պատճառով աշխատակիցները տեղեկություն գտնելու համար դեռ ստիպված են օգտվել տարիների ընթացքում կուտակված հաստափոր մատյաններից:
«Անցած տարվանից գրանցումները կատարվում են էլեկտրոնային տարբերակով. դա հնարավորություն կտա հետագայում ստեղծել միասնական էլեկտրոնային բազա»,- հայտնեց Արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության պետի տեղակալ Արգամ Ստեփանյանը:
Խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում: Քաղաքացիների կյանքի կարևոր իրադարձություններն արձանագրող ՔԱԿԳ տարածքային բաժինների շենքային պայմանները հիմնականում անմխիթար են: Երևանի Կենտրոն համայնքի ՔԱԿԳ-ի շենքը երևում է դեռ հեռվից իր անշուք տեսքով: Ներքին հարդարանքը ոչնչով չի զիջում արտաքինին: Խորհրդային շունչը պահպանվում է ամենուրեք. սեղաններին դրված են հաստափոր մատյաններ, պատին` Խորհրդային Հայաստանի քանդակված գերբ: Իսկ սանհանգույցն ընդհանրապես չի աշխատում:
«Ցավոք, դրա համար քիչ բան է արվում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, բայց այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվել և ներկայացվել են նախարարություն»,- հայտնեց Արգամ Ստեփանյանը` առկա խնդիրների ցուցակը եզրափակելով աշխատակիցների ցածր աշխատավարձով, որն այս տարի դեռ չեն ստացել:
Ամուսնության գրանցումը 7 օրում
Արգամ Ստեփանյան
Հայաստանում զույգերն իրենց ամուսնությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԱԿԳ) տարածքային բաժիններում կամ  զագսում արձանագրելու մասին հիշում են միայն անհրաժեշտության դեպքում: Պատճառներից մեկն էլ այն է, որ գործող օրենսդրության համաձայն` դիմումը ներկայացնելուց հետո նրանք ստիպված են սպասել 1-3 ամիս:
«Սա օրենսդրական խնդիր է, և արդեն քայլեր են կատարվել: Ամենայն հավանականությամբ, այս տարի կընդունվի օրենք, որը թույլ կտա ամուսնությունը ձևակերպել յոթ աշխատանքային օրում»,- հայտնեց Արգամ Ստեփանյանը:
Վերջին տարիներին ամուսնական պայմանագրեր
ընդհանրապես չեն կնքվել
Իրենց ամուսնությունը վկայականով ամրագրելուց որոշ զույգեր խուսափում են, էլ ուր մնաց մտածեն ամուսնական պայմանագրերի մասին: Ինչպես նշում է Արգամ Ստեփանյանը, ամուսնական պայմանագրեր հիմնականում կնքում են օտարերկրացիների հետ իրենց կյանքը կապողները:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում ամուսնական պայմանագրեր ընդհանրապես չեն կնքվել: Դա կարելի է կապել ազգային առանձնահատկության հետ, բայց պատճառը նաև իրենց իրավունքների մասին տեղյակ չլինելն է»,- նշում է Արգամ Ստեփանյանը:

No comments:

Post a Comment