Saturday, March 19, 2011

«Զարուհին խնդրել էր, որ չզանգեմ իրեն, քանի որ զանգերի պատճառով իրեն ծեծում են»




Դեռևս անցած տարվա սեպտեմբերին 20-ամյա Զարուհի Պետրոսյանը կենդանի էր, սակայն ոչ երջանիկ... Նա ցանկանում էր իր երեքամյա դստեր հետ ապրել առանձին՝ հեռու իր ամուսնուց և սկեսրոջից, որոնք անխնա ծեծում էին իրեն:
Վերջերս Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող նրա ամուսնու` Յանիս Սարկիոսովի դատավարությունը:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի մասնակիցները դատարանի առջև ցուցապաստառներով իրենց բողոքն էին արտահայտում:
Դատական նիստն արդեն մի քանի անգամ հետաձգվել է, սակայն այս անգամ Յանիս Սարկիսովի նոր դատապաշտպան Ժորա Հարությունյանի բոլոր ջանքերին հակառակ դատարանը չհետաձգեց նիստը:
Նիստի ամբողջ ընթացքում ամբաստնյալը թաքցնում էր դեմքը և պահանջում, որ նիստը անցկացվի դռնփակ, սակայն դատարանը մերժեց պահանջը:
«Դատական նիստը պետք է դռնփակ շարունակվի, քանի որ այն շոշափում է ընտանեկան հարցերը, արտամուսնական կապերը: Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, ապա նրանք ամեն կերպ խախտել են անմեղության կանխավարկածը»,- հայտնեց դատապաշտպանը:
Յանիս Սարկիսովն ամեն կերպ փորձում էր անհարգալից վերաբերմունք ցուցաբերել դատարանի նկատմամբ, որպեսզի նրան դուրս բերեն դահլիճից: «Պաշտպանության կողմը դատարանի կողմից զրկված է պաշտպանության իրավունքից: Դատարանի որոշումները շահագրգիռ են»,- հայտարարեց նա:
Մինչեւ դատական նիստի ավարտը ի նշան բողոքի` Յանիս Սարկիսովն ու նրա դատապաշտպանը լռություն պահպանեցին: Քանի որ ամբաստանյալ Սարկիսովը հրաժարվեց ցուցմունք տալուց, ընթերցվեց նրա նախաքննական ցուցմունքները, որոնցում նա նշում է, որ Զարուհին թույն խմելով ինքնասպանություն է գործել, քանի որ դավաճանել է ամուսնուն քոլեջի փոխտնօրեն Դ.Հակոբյանի հետ:
Որպես վկա` հանդես եկավ հարևան Հայկուշ Պապոյանը. «Շատ շնորհքով, նամուսով աղջիկ էր, մենակ շուտ-շուտ գլխացավեր էր ունենում: Մեր տունը կպած է իրենց տանը. գոռգոռոցներ շատ են լսվել, մի անգամ էլ պատին խփելու ձայներ էին գալիս, մտածեցինք, որ խեղճ աղջկա գլուխն են պատով տալիս, քանի որ իր ձայն էր բարձր լսվում»:
Մյուս վկան` Զարուհի Պետրոսյանի մտերիմ ընկերուհի 20-ամյա Ասյա Զախարյանն էլ նշեց. «Զարուհին խնդրել էր, որ չզանգեմ իրեն, քանի որ զանգերի պատճառով իրեն ծեծում են»,- ավելացնելով, որ Զարուհին մերժել էր ոստիկանությանը դիմելու իր առաջարկը. «Իմ երեխու հերն է»:
Ի դեպ, Զարուհու աղջիկը այժմ մանկատանն է և քրոջ ընտանիքն արդեն լուծում է խնամակալության հարցերը: Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 28-ին, ժամը 12-ին:

No comments:

Post a Comment