Thursday, March 17, 2011

Լիան ինքնասպանության պատճառ չուներ...


Սպիտակ վարդեր, սպիտակ մոմ, որ լուսավորում էր Լիայի ժպտացող դիմանկարը, շուրջը հավաքված էին սևազգեստ կուրսեցիները, ոմանք նստած, ոմանք անհանգիստ քայլում էին այս ու այն կողմ... ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի միջանցքում այսօր հիշում էին նույն ֆակուլտերի երրորդ կուրսի ուսանողուհի 19-ամյա Լիա Հակոբյանին, ով մարտի 12-ին մեծ քանակի դեղահաբեր ընդունելով` ինքնասպանություն էր գործել:
«Այսօր ամեն մեկս լսարան մտնելուց աջ ու ձախ ենք նայում: Շատ ենք, բայց կորուստն էլ է շատ մեծ: Լիան ոչ մի պատճառ չուներ, կուրսի 80 հոգիս էլ կարող ենք հավաստել, որ..., այսինքն` արդեն 79-ը...»,- խոսքը կիսատ թողեց համակուրսեցին` Գոռը:
Կուրսեցիները ասում են, որ Լիան խնդիր չուներ ոչ ընտանիքի, ոչ շրջապատի հետ: Կուրսի կազմակերպած խնջույքներին նա ամենաակտիվներից էր, հումորով, տրամադրություն ապահովող:
Ցանկանում էր դառնալ փաստաբան կամ դատավոր. անվճար հիմունքներով աշխատում էր դատարանում: «Համեստ էր, խելացի, միշտ կենսուրախ, չկար ինքնասպանին բնորոշ տրտմությունը: Ընկեր ուներ. միշտ իրար կողքի էին նստում»,- ասում է ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Տիգրան Սիմոնյանը:
Հարազատներին և մտերիմներին ավելի շատ վրդովեցնում է այն փաստը, որ լրատվամիջոցներում հրապարակվել է, թե Լիան նույն օրը ինքնասպան եղած Միքայել Վասիլյանի ընկերուհին է:
Լիայի ընկերը մեկ ուրիշն էր, իր համակուրսեցին, ում հետ նստում էին մի նստարանին: «Վերջին օրը դասի էինք, նույն Լիան էր. ժպիտը` դեմքին, իր ընկերոջ կողքին... Կենսախինդ, մարդամոտ և այդպես մինչև վերջին պահը, տրամադրության անկում չի եղել: Այդպես էլ կհիշենք...»,- պատմում է համակուրսեցի Էդգարը:
Իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը դեպքի հաջորդ օրը այցելել է Լիայենց տուն, որտեղ զրուցել է ծնողների, Լիայի կուրսեցիների հետ. «Ընկերն էլ էր այնտեղ, տղայի ծնողներն էլ: Ցանկանում եմ հասկանալ, թե որն է պատճառը, բայց չեմ կարողանում,- ասում է Գագիկ Ղազինյանը.- Անգամ ինքնասպանությունից առաջ գրված նամակի մեջ նա չի նշում ինչ-որ պատճառ: Այդ անորոշությունն ավելի է խորացնում կորուստը»:
Նրանք նստում էին մի նստարանին, իսկ հիմա տղան նստելու է մենակ... 


No comments:

Post a Comment