Monday, September 28, 2015

Աթոռի սերը

-Դու ո՞վ ես:
Աթոռը ցնցվեց, ինչպես թե ինքը ո՞վ է, ինքը՝ նորին մեծություն ԱԹՈՌ-ը, որ միշտ բոլորի կենտրոնում է, նա, ում ձգտում են հասնել բոլորը, ով սիրում է հպարտանալ, թե քանիսն են իր պատճառով պայքարել, անգամ զոհվել...Եվ հիմա ինչ-որ կահույք, փայտի մի կտոր իրեն հարցնում է՝ ո՞վ է:
Աթոռը արհամարհում էր սեղանին:
Բայց աթոռն այնպես էր կարկամել, որ չէր կարողանում պատասխանել, մտքերը խառնվել էին և խառնել իրեն, հիմա նրա գլխում միայն մի մեծ «Դու ո՞վ ես» էր պտտվում, և այդ գլխապտույտից սրտխառնոց էր առաջացել: Նա ուզում էր փախչել, բայց չորացել էին ոտքերը, նա ուզում էր պատասխանել, բայց մեխված էր լեզուն...
Աթոռը տանել չէր կարողանում նույնիսկ չնչին մրցակցությունը, իր սառը հայացքով վերացնում էր ցանկացածին, ով կփորձեր ոտք ձգել իր տեղին... իսկ հիմա այս խղճուկ փայտի կտորը, այս սեղանի հեգնանքով լի աչքերը նրան ստիպում էին լռել:
Աթոռը ատում էր սեղանին:
Եկան մարդիկ, խառնեցին աթոռի նենգադավ ծրագրերը՝ ինչպես ոչնչացնել իր նորելուկ մրցակցին, այդ սեղանին: Նրանք հարմարեցրին ամեն ինչ իրենց ուզածով. նստեցին աթոռին, առաջ քաշեցին սեղանը... Աթոռը, ծանրության տակ ճկռելով, հպարտությամբ ցույց էր տալիս սեղանին. տես՝ ես ինչքան անհրաժեշտ եմ, իսկ դու...  իսկ սեղանը փայլում էր, նրա ապակեպատ երեսը արտացոլում էր նրա անթափանց սիրտը և դարձնում նրան էլ ավելի զմայլելի:
Աթոռը, մոռացած ճկռված ծանրությունը, հմայված նայում էր նրա՝ ամուր գրկի կարոտ ոլորապտույտ ոտքերին, որոնց փարվելը այնքան անհասանելի էր թվում աթոռին: Նա փորձեց ձգվել դեպի սեղանը, ահա, ահա, հիմա կդիպչի, մի փոքր էլ... փլվեց ծնկաչոք աթոռը, փշրվեց սեղանի՝ ամուր գրկի կարոտ ոլորապտույտ ոտքերի առջև...
Աթոռը սիրում էր սեղանին:

Հ.Գ. Սեղանը լռում էր. նա սովոր չէր խոսելու աթոռների հետ:

No comments:

Post a Comment