Monday, May 30, 2011

ASALA-ԱՍԱԼԱ. Նրանց նպատակն էր ազատագրված հայրենիք ունենալը


«Ահաբեկչությունը չեմ ընդունում, բայց հայ տղաներին պետք է հասկանալ»,- գրել է իսպանացի լրագրող Խոսե Գուրիարան, ով երկար տարիներ ուսումնասիրել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ կամ ԱՍԱԼԱ) գործողությունները:
ԱՍԱԼԱ-ն  իր գործունեության ժամանակ իրականացրել է բազմաթիվ գործողություններ ընդդեմ թուրք գործիչների՝ ցանկանալով միջազգային ասպարեզում բարձրաձայնել հայկական հարցը:
ԱՍԱԼԱ-ի տղաներից շատերն են այժմ Հայաստանում. Նրանցից մեկն էլ Վարուժան Կարապետյանն է, ով 2001թ. է ազատագրվել բանտից:

Կորցրած մանկություն
1965թ. Մեծ Եղեռնի 50-ամյակը. 11-ամյա Վարուժանը Սիրիայի հազարավոր հայերի հետ միասին գնացել էր Դեր-Զոր: Ժողովուրդը լալիս էր, ողբում…
«Ինձ համար զարմանալի թվաց, որ լացի փոխարեն գոնե մեկը չգտնվեց, որ եղունգի կտրելիք հաներ կամ մի փոքրիկ դանակ և ասեր՝ գնանք վրեժ լուծելու»,- հիշում է Վարուժանը:
Այդ օրը նա կորցրեց իր մանկությունը: Անցան տարիներ, և նպատակն ավելի հստակ դարձավ. «Եթե չենք պայքարելու, էլ ինչու հայ մնանք: Եթե հայ ենք մնալու, ուրեմն նպատակ ունենք՝ ՎԵՐԱԴԱՐՁ»:

Վիճակը նետված է
1972թ.-ին ռադիոն հաղորդեց. «ԱՄՆ-ի Սանտա-Բարբարա քաղաքում 77-ամյա Գուրգեն Յանիկյանն սպանել է թուրք հյուպատոսին»: «Դե, եկ երիտասարդ ու մի ամաչի… Մենք ընկերներով իրար երես չէինք կարողանում նայել»,- պատմում է Վարուժանը:
1975թ. Մեծ Եղեռնի 60-ամյակ: Հայոց հարցը բարձրացնելու բոլոր խաղաղ միջոցները ձեռնարկվել էին՝ թերթերով, ցույցերով, լացով, ողբով… Մնում էր միայն մեկը՝ զինյալ պայքար:
Եվ սկսվեց… «Փող չունեինք. Մեկ հոր խանութից էր փող ճարել, մյուսը քրոջ զարդն էր վաճառել, գնեցինք որը մի հրացան, մի ատրճանակ ու սկսեցինք գործել»:
Հետագայում այս ամենը վերածվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի:

Նպատակն էր ազատագրված հայրենիք ունենալը
Տասը տարուց ավելի տևած զինյալ պայքարում զոհվեց 39 մարտիկ, նրանց բոլորի նպատակն էր ունենալ ազատագրված հայրենիք. «Չի կարելի կրակի հետ խաղալ առանց վառվելու,- համոզված է Վարուժանը:- Թեև երբ մենք «քարկոծում» էինք հարևանի ապակին, ապահովված էինք, որ մեզ չեն հասցնի պատասխան հարված. մենք ապակի, տուն չունեինք»:
Հայաստանի անկախացումից հետո Վարուժանը առաջիններից էր, ով բանտից հաղորդագրությամբ հանդես եկավ. «ԴՐՍԻ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ՎԵՐՋԱՑԱՎ»:
«Հայկական հարցն արդեն պետք է լուծվի հաղթանակած բանակի կողմից,- երազով ասում է Վարուժանը և հավելում:- Պետք է ժամանակին կանգ առնել: Եթե ինչ-որ մեկն իմ արած գործն այսօր անի, առաջինը ես եմ նրան դատապարտելու, այսօր մենք էլ «ապակի» ունենք»:

Մեկն ամենամեծ հաղթանակներից
1983թ. Ֆրանսիայի «Օրլի» օդանավականի գործողության հետևանքով զոհվեց 8 մարդ, հիսունհինգը վիրավորվեց: Կազմակերպիչներից մեկն էլ Վարուժանն էր, ով դատապարտվեց ցմահ բանտարկության:
«Երբ 11տ. էի, հայ ժողովուրդն էր լալիս, իսկ երբ դատարանում լսում էի դատավճիռս, տեղերով փոխվել էինք. լացողը թուրքն էր, իսկ ես հպարտ կանգնած էի: Ի՜նչ էր այդ պահին ցմահ բանտարկությունը… Ամենամեծ հաղթանակներից մեկն էր»:
Վարուժան Կարապետյանն իր երազ-նկարի հետ

Իրական երազ
18 տարի ֆրանսիական «Գլերվո» բանտում… «Բանտն ազգություն և սահման չունի, կարծես արծվին դնես ոսկի վանդակի մեջ»,- ասում է Վարուժանը, ով իր անվանը («արու թռչուն») հավատարիմ տունը կառուցել է լեռներում՝ Դիլիջանի Սասնա սարում. «18 տարի ամեն գիշեր երազում փախչում էի բանտից: Երազում էի տուն ունենալ լեռներում. Մտքումս արդեն նախագծել էի ամեն ինչ»:
Բանտարկված տարիներին Վարուժանի նկարած և փորագրած նկարներն այժմ փակցված են իր տան պատերին, մի անկյունում էլ տեղ է գտել փայտե մի սնդուկ՝ իր մեջ հավերժ պահելով անթիվ նամակներ, որոնք Վարուժանը ստացել է բանտի տարիներին:
Մարմնավորվեց երազը. այժմ Վարուժանն ընտանիքով (ունի երեք երեխա՝ երկու որդի և դուստր) ապրում է իր երազների տանը, որի լուսամուտից երևում է դեռևս բանտում նկարած երազ տեսարանը՝ եղևնիներ, ձյունապատ սարեր, հեռվում՝ եկեղեցին:

No comments:

Post a Comment