Friday, May 20, 2011

«Լոռի» հանքային ջուր. լինե՞լ, թե՞ չլինել


  Վանաձորի ընկերությունները հրաժարվում են  արտադրել «Լոռի» հանքային ջուր 
           
«Լոռին» համարվում է «փափուկ ջուր»

Ամառային հանգիստը անցկացնելու համար շատերն են ընտրում Ջերմուկը, Արզնին, Հանքավանը, որոնք հարուստ են բուժիչ հանքային ջրերի աղբյուրներով: Վանաձորը ևս ունի իր հանքային ջուրը` «Լոռին», որի անունը Հայաստանի մյուս հանքային ջրերի հետ համեմատած շատ չի գովազդվում:

Ի տարբերություն Հայաստանի մյուս հանքային ջրերի` «Լոռի» հանքային ջուրը սառն է` 16-17 աստիճան, և միջին հանքայնության է: «Լոռի» հանքային ջուրը ածխաթթվային, քլորիդ-սուլֆատ-հիդրոկարբոնատային, կալցիում, մագնիում նատրիի ջուր է, որը հարուստ  է կենսաբանական արժեքավոր միկրոտարրերով: Այս հանքային ջրի առավելությունը նրա բաղադրության մեջ կատիոնների (դրական) և անիոնների (բացասական) այնպիսի հարաբերակցությունն է, որ օգտագործելիս մարդու օրգանիզմին վնաս չի տալիս:

«Եթե մարդու մոտ տվյալ միկրոէլեմենտը նորմայի մեջ է, «Լոռին»  այն այնքան չի ավելացնում, որ վնասի օրգանիզմին: Այդ պատճառով «Լոռին» համարվում է «փափուկ ջուր» և կարելի է օգտագործել նաև որպես սեղանի ջուր: Ի տարբերություն «Լոռի» հանքային ջրի` խորդուրդ չեմ տա հաճախակի խմել «Ջերմուկը»»,- նշեց «Վանաձոր ԱՍԱՐ» առողջարանի թերապևտ Հռիփսիմե Շարբաթյանը, որտեղ «Լոռի»  հանքային ջուրը օգտագործվում է բուժական նպատակներով:
           
Դեռևս 1978-1979թթ. Վանաձորում հորատվել է «Լոռի»  հանքային ջրի հորատանցքը: Այժմ կա երկու հորատանցք: «Լոռի 1-ը» ավելի հարուստ է CO2-ով, այն պատկանել է Վանաձորի գարեջրի և ոչ ալկոհոլային խմիչքների գործարանին, որը տարիներ շարունակ շշալցրել է հանքային ջուրը, սակայն մի քանի տարի է` դադարեցրել է իր գործունեությունը: «Լոռի 2» հորատանցքն ավելի քիչ CO2 է պարունակում, սակայն ավելի հարուստ է հանքային աղերով և մատակարարում է «Վանաձոր ԱՍԱՐ» առողջարանին:

Փոքր լինելը մեծ խնդիրներ է ստեղծում ընկերության համար

Վանաձորի հարկային տեսչության տվյալներով այժմ ընդամենը 3 ընկերություն է զբաղվում «Լոռի» հանքային ջրի արտադրությամբ` «Մալխասյան եղբայրներ», «Բարովիչ» և «Դինմեր» ՍՊԸ-ները: Սակայն Վանաձորի խանութներում կարելի է գտնել միայն «Դինմեր» ՍՊԸ-ի արտադրած «Լոռի»  հանքային ջուրը, թեև ընկերության տնօրեն Արտակ Սարգսյանի հավաստմամբ ընկերությունում ձմեռվանից դադարեցվել է «Լոռի» հանքային ջրի արտադրությունը:
           
Ընկերությունում «Լոռի»  հանքային ջուրը արտադրել են ամսական 2000-3000 շիշ, որը մատակարարվել է միայն Լոռու մարզին: «Դինմեր» ՍՊԸ-ը հանքային ջուրը ձեռք է բերել քաղաքի «թթու ջուր» հանքային ջրի աղբյուրից («Լոռի 1» հորատանցք), որից կարող են օգտվել բոլոր ցանկացողները:

ՍՊԸ-ի փոքր լինելը մեծ խնդիրներ է ստեղծել ընկերության համար: «Այս տարվա սկզբից չկարողացանք վճարել հանքային ջրի շշալցման համար նախատեսված գումարները, այդ իսկ պատճառով ստիպված դադարեցրինք արտադրությունը»,- հայտնում է Արտակ Սարգսյանը` հավելելով, որ այժմ ընկերությունն արտադրում է լիմոնադի 7 տեսակ:

Տարեկան վճարը կազմում է 5 մլն. դրամ

Ըստ պետական տուրքի մասին ՀՀ օրենքի հոդված 19-ի` հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքափորի արդյունաբերական օգտագործման (շահագործման) համար տարեկան վճարը կազմում է 5 մլն. դրամ, իսկ առողջական նպատակով` 500 հազ. դրամ: Բացի այս, ընկերությունը պետք է վճարի բնօգտագործման վճար. արդյունաբերական նպատակով օգտագործելիս յուրաքանչյուր 1խմ-ի համար վճարվում է 3750 դրամ, իսկ բուժական նպատակներով` 1 խմ-ի համար 200 դրամ:

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժինը հայտնում է, որ Վանաձորում գտնվող հանքային ջրի հորանցքը պատկանում է Երևանում գրանցված կազմակերպությանը, քանի որ վերոհիշյալ վճարները չեն գանձնվում տեղի տեսչության բաժնում: Սակայն նշել, թե կոնկրետ որ կազմակերպությանն է պատկանում, բաժնի աշխատակիցները չկարողացան ասել:
             
Ինչ վերաբերում է մյուս երկու ընկերություններին, ապա «Մալխասյան եղբայրներ» ՍՊԸ-ը այժմ չի գործում, իսկ «Բարովիչ» ՍՊԸ-ի տնօրենն ընդհանրապես ժխտեց այն փաստը, որ իրենք արտադրում են հանքային ջուր:
           

No comments:

Post a Comment