Thursday, February 17, 2011

Սոս Սարգսյան.«Ինձ միշտ խանգարել է իմ միջի լոռեցու փափկությունը»

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ինչպես նաև ինստիտուտին կից Համազգային թատրոնում նրան պարզապես անվանում են «պապ». նա այս երկու հաստատությունների` այս մեծ ընտանիքի մեծն է, պապը
Հոկտեմբերի 24-ին լրանում է հայ մեծ դերասան Սոս Սարգսյանի 81-ամյակը, և նա պատրաստվում է այն նշել, ինչպես միշտ, ընկերների շրջապատում:
«Սիրում եմ իմ ծննդյան օրը, որովհետև մարդիկ ինձ հիշում են, իսկ մարդիկ էս աշխարհում ինձ համար ամենակարևորն են, մանավանդ իմ ընկերներն ինձ համար շատ սիրելի ու թանկ է: Հավաքվում ենք, խոսում ենք, լավ բան է»:
Ինչպես ինքն է ասում, 80 տարին որ անցնում ես, հետո հեշտ է:
«Մինչև այդ մարդը չի մտածում, թե ինչքան կապրի: Իսկ այս տարիքում արդեն սկսում եմ նման հարցեր տալ ինձՀույս ունեմ, որ մի տասը տարի կապրեմ, քանի որ ինձ համար շատ հետաքրքիր է ապրելը, շա¯տԱյնքան նոր բաներ կա, մարդկությունն այնքան մեծ թափով է առաջ գնում, որ մտածում ես` յարաբ էլ ինչ է լինելու»
90-ական թվականներին Սոս Սարգսյանը հիմնեց նոր թատրոն` Համազգային, և այժմ էլ թատրոնի ղեկավարն է և, կարելի է ասել, դեմքը:
«Թատրոնը չպետք է փոխվի, թատրոնում նորարությունները փուչ բաներ են, անցողիկ: Այստեղ կարևորը մարդն է: Ինչից է սկսվել թատրոնը. մարդը դերասանին ասել է, հլա բարձրացի բեմ ու ինձ ցույց տուր` ինչ տեսակ եմ: Արվեստը հեքիաթ է, իսկ մարդիկ սկսել են չհավատալ հեքիաթներին, և դա սոսկալի բան է, կործանման ճանապարհ: Թատրոն էլ է հեքիաթ, և ցավոք մենք` հայերս էլ ենք կորցնում հեքիաթին հավատալու միամտությունը»:
Երևանի և մարզերի հանդիսատեսի տարբերությունը մեծ է` ի օգուտ մարզերի: Այստեղ դեռ պահպանվում են արժեքներ:
«Լոռին տարբերվում է իր մաքրությամբ, ազնվությամբ, անարատությամբ: Որքան էլ զարմանալի լինի, իր կրթվածությամբ. աչքաբաց, լայն աշխարհահայացք ունեն: Լոռեցիները չեն կորցնի իրենց միամտությունը, հեքիաթին հավատալը»:
Նրա համար վատ թատրոն պարզապես չկա:
«Թատրոնը ինքը վատ չի լինել չի կարող, որովհետև այն ինքնին  գաղտնիք է, խորհուրդ: Ցավոք, քիչ գումարներ է հատկացվում մեր թատրոններին, 40 հազար դրամ ստացող դերասանը չի կարող Օթելլո խաղալ. անհնարին բան է: Բայց պետք է պահել այն ու սպասել լավ օրերի, քանի որ թատրոնը շատ է պետք ազգին, ժողովրդին»:
Ծննդավայրը յուրաքնաչյուր մարդու կյանքում թողնում է իր կնիքը: Այն անտարբեր չի անցել նաև Սոս Սարգսյանի կողքով:
«Ինձ միշտ խանգարել է իմ մեջի լոռեցու փափկությունը, ներողամտությունը: Ես միամիտ մարդ եմ, լավ բաների եմ հավատում: Թեև կյանքում շատ դեպքեր են եղել, որոնց համար զղջացել եմ: Հաճախ եմ կրկնում Թումանյանի խոսքերը. իմ կյանքի համար կարծես լինի գրած.
Ինչքա¯ն ցավ եմ տեսել ես,
Ինչքա¯ն դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը լավ եմ տեսել ես»:
Գրեթե ամեն տարի գնում է իր ծննդավայրը, որտեղ, ցավոք, ամենահարազատը դարձել է ծնողների գերեզմանը:
«Շրջում եմ փողոցներով, ու ոչ մի հին ծանոթ, ընկեր, բարեկամ չկաՀարազատը մնացել են մեկ էլ Արջասարը, ձորերը: Գնում եմ այդ ձորերը, գտնում այն տեղերը, որտեղ փոքր ժամանակ գյոլ էինք սարքում, լողանումԱյնտեղ այնքան բան կա հիշելուՄանկությունից թանկ բան չկա: Եթե երկար ժամանակ չեմ գնում, սրտիս մեջ կարոտ է ծնվում»:
Ու սկսում է աշխատել մանկության ջրաղացը: Հիշողությունից պոկվում են մանկական հուշերը:
«Երեխա ժամանակ իմ ամենամեծ ուրախությունն այն էր, որ տատս հեքիաթ էր պատմում: Այն ժամանակ հեռուստացույց չկար, իմ հեռուստացույցը տատս էրՄանկության երազանքներ շատ եմ ունեցել, բայց ամենամեծ երազանքներս չեն իրականացել: Օրինակ` մանկությունից երազում էի տղա ունենալ, բայց չունեցա: Աղջիկներ լավ են, բայց դե մարդը մի տղա գոնե պետք է ունենա. մենք վեց եղբայր ենք եղել»:
Իր կյանքի ամենագլխավոր դերը համարում է Ձորի Միրոն: Խորհրդային միության ժամանակ այդ ֆիլմն ազգային առաջին բողոքն էր թուրքերի դեմ: Միրոն հայոց կինոմատոգրաֆիայում առաջին մարդն էր, որ զենքը ձեռքին պաշտպանում էր իր տունը, իր ընտանիքը: Այդպիսի կերպար չի եղել մինչև այդ: Այդ ֆիլմը երկու անգամ Մոսկվայի գլխավոր հեռուստաալիքով ցույց է տրվել: Եվ դա առաջացրել էր Թուրքայի դժգոհությունը:
«Իմ մեջ կուտակված էր իմ ազգի դարդը, և Միրոն խառնվեց ինձ` դարձնելով ավելի կարծր, պահանջկոտ: Դա իմ ամենամեծ ասելիքն էր, և ինձ թվում է, ասելիքը տեղ հասավ: Ես այդ դերի վրա չեմ աշխատել, այն պարզապես իմ մեջից ծնվեց»: 

No comments:

Post a Comment