Friday, August 30, 2013

Չորս օրում չորս երկիր կամ ինչո՞ւ ես Չընտրեցի կոշիկը

Չորս օրում չորս երկիր... երկրներ, որոնք իրենց ամեն ինչով հեռու են նման լինելուց Հայաստանին:
Լատվիա, երկիր, որն ամենականաչ երկիրն է, որ ես տեսել, որտեղ ամենաբարձր սարը 350մ էլ չկա, որտեղ գետերը այնքան հանդարտ են, կարծես աստված սիրահարված է եղել, երբ կերտել է նրանց: Հեծանիվն այստեղ զվարճանք չէ, այլ փոխադրամիջոց, գարեջրի գործարանները՝ տեսարժան վայրեր, իսկ ամառը՝ փառատոնների եղանակը: Այստեղ ևս կարելի է գտնել հայերին, որոնք իհարկե ունեն եկեղեցի, որտեղ մոմերի վրա ոսկյա տառերով գրված է Գրիգոր Լուսավորիչ, չհարցնեք՝ ինչու... գուցե, որ լավ լուսավորի՞:
Էստոնիա,  Տալինի «հին քաղաքի» յուրաքանչյուր ամրոցում, անկյունում կարելի է գտնել սրճարան և լիքը ժամանակակից «գիքորներ», որոնք կանչում են «էստի համեցեք»: Տարտու ուսանողական քաղաքում է գտնում Դորպատի հայտնի համալսարանը, հրեշտակի և սատանայի կամուրջները իրար հարևաններ են:
Դորպատի համալսարանը

Վալգա-Վալկա քաղաքը Լատվիա-Էստոնիա սահմանն է... 
այստեղ մարդիկ հարևանի տուն գնալիս վերցնում են անձնագիր, աշխատում են մի երկրում, ստանում եվրոներ, ծախսում այլ երկրում լատերով:
Շվեդիա,  Ստոկհոլմ շատ հեշտ է հասնել Բալթիկ ծովի երկրներից ցանկացածից... նավը մի գիշերվա մեջ քեզ հասցնում է արքայական մայրաքաղաք, որտեղ ձիավորների համար հատուկ ճանապարհային նշաններ կան, այստեղ լուսակիրը ունի չորս լույս- կապույտը հեծանվորդների համար է: Եվ ամենուրեք կարող ես տեսնել «բարի» տրոլների: 
Մինչ այդ ես «բարդ» իրադրության մեջ էի. գնել կոշիկ, թե տեսնել Ստոկհոլմը... հա, շատ բարդ էր :)) 
Ռուսաստան, Մոսկվան ձգտում է նմանվել Եվրոպային, սակայն դա նրան չի հաջողվում: Կրկին հայկական եկեղեցի, ահռելի, մեծ, հսկայական... 
Հայաստան...դու հինգերորդը չես, դու միակն ես...


Ամբողջ ամառ ես փնտրում էի ամառը... փնտրում էի իմ մեջ... արև, որ այրեր անցյալը:


Thursday, August 8, 2013

Առաջին թռիչքը նման է առաջին սիրո

Առաջին թռիչքը որքան սպասելի է, այնքան էլ անսպասելի միևնույն ժամանակ... ինչպես առաջին սերը:
Դու ամեն ինչ պատրաստում ես` նրան հանդիպելու համար, սպասում երկար, բայց «Նա գալիս է միշտ էլ ճամփաներով անհայտ – չքարտեզագրված, ինչպես ջուրն անձրևի կամ հալոցքի» և փոխում է ամեն ինչ... ինչպես առաջին սերը:
Եվ երբ դու արդեն զամբյուղում ես, և քո օդապարիկը պատրաստվում է կտրվել երկրից, ահա, ահա, հիմա, հիմա... դու կրկին բաց թողեցիր այն պահը և դու արդեն երկրի և երկնքի միջև ես... ինչպես առաջին սերը:
Առաջին թռիչքի ժամանակ չես զգում օդապարիկի արագությունը, որքան ես հեռու դու երկրից, դու արդեն օդապարիկում ես, դու դիպել ես երկնքին, և քեզ հետաքրքիր չէ հողեղեն ոչինչ... ինչպես առաջին սերը:
Դու երբեք չգիտես` որտեղ և երբ դու վայրէջք կկատարես, ամեն ինչ որոշում է բնությունը և ամենազոր քամին... ինչպես առաջին սերը:
Ամենավտանգավոր և ամենացավալի պահը կրկին գետնին դիպչելն է, երբ դու հասկանում ես, որ եկել է բաժանման պահը, որ ժամանակը վերջացել է... ինչպես առաջին սերը:
Չկան երկու միանման թռիչքներ... յուրաքանչյուր թռիչք առանձնահատուկ է և միակը քո կյանքում... ինչպես առաջին սերը:



FIRST FLIGHT IS LIKE FIRST LOVE…
The first flight is so expected and unexpected in the same time... like first love.
You are preparing anything for meeting it and waiting for it for a long time, but anyway it comes sudden and changes everything in your mind... like first love..
You are already in the basket and air balloon is going to rise from the land, you think you can guess when exactly it'll be launch, but it launches so soft and gentle that you don't feel that you are already between earth and sky... like first love.
During the first flight you don't feel the speed of the hot-air balloon, how far you are from the earth, it’s doesn't matter, you are already in the balloon far from everything earthly… like first love..
You never know where and when you will land, everything is decided by wind, by nature... like first love.
The most dangerous part is touching the ground and the most harmful when you realize your time is over... like first love.
There are no two similar flights. Every flight is unique... like first love.

Monday, June 17, 2013

Երազի և իրականության կամրջում

Հոգիս ծիածանվել է և պահանջում է գույներ... ես սկսում եմ հավաքել կյանքի պատառիկները և գունավորել... այն փոքրիկի ձեռքով, որն ապրել եմ:



Քանդված Կամրջի երազանքը... կամարվել կապույտ երկնքի ծիածանագույն հեքիաթում, երկու ամուր սյուների փխրուն երազանքը` դիպչել միմյանց, փլվում է կամրջի երազանքից: Ես կնկարեմ քո երազանքը ծիածանի բոլոր գույներով և կքայլեմ քո կամարով դեպի քո պատմած հեքիաթների աշխարհ...

Կիսախարխուլ դաշնամուրի երազանքը... լճակի կենտրոնում` բոլորի ուշադրության կենտրոնում, բազմել է դաշնամուրը, նա, ով իր մեկ ձայնով լռեցրել է հազարավոր հանդիսատեսների, նա, ում առաջ խոնարհվել են հայտնիներ... հիմա նա աղերսում է գեթ մեկ հնչյուն` կանգնած լճակի կենտրոնում: Ես կնկարեմ քո ձայնը, որ սփռվի ամբողջ նկարով և պայթի երկնքում...
Դատարկ պատուհանի երազանքը...դեռ փոքր էր, երբ սիրում էր բացել պատուհանը և դիտել անցորդներին: Պատուհանը նրա ընկերուհին էր, ում հետ քննարկում էր բոլոր հարցերը: Երիտասարդացավ, պատուհանը` նրա ամենամոտ ընկերուհին, միայն նա գիտեր, թե ում հետ է լուռ խոսում ամեն գիշեր` նրան գրկելու փոխարեն փարվելով պատուհանին...Այլևս չի կարողանում քայլել, նստում է պատուհանի դիմաց, բայց... նա այժմ նայում է միայն պատուհանին` իր հարազատ և միակ ընկերուհուն...


Քաղաքի երազանքը... կար-չկար մի քաղաք կար, բոլորը նրան մռայլ էին համարում և տխուր, քանի որ նա անընդատ արտասվում էր:  Քաղաքի բնակիչներն էլ նրա նման մռայլ էին և տխուր: անընդհատ տևող անձրևի տակ և անընդհատ դժգոհում` նայել գորշամպ երկնքին:  Դա տեսնելով և ոչինչ չկարողանալով անել` քաղաքն էլ ավելի էր տխրում:  Սակայն մի օր մի աղջնակ վերցրեց գունավոր մատիտները և սկսեց նկարել գույնզգույն երազ-անձրևանոցներ, և մարդիկ ժպտացին, և քաղաքը ժպտաց, և  ներկոտ մատներով աղջիկը ներկոտ ժպտաց...

Wednesday, April 24, 2013

Ջահերով երթը (Մեծ Եղեռն 98)



Լույսերի գետ, որ հոսում է վեր...


Առաջ դեպի հաղթական ողբը...




Պարզապես տեսախցիկը չկարողացավ անտարբեր մնալ երեկոյացող Երևանին..



Այս աղջիկը փոխեց իր եռագույնը այս ջահի հետ... դեռ չգիտեր գլխի գալիքը:


Եվ չզարմանաք, որ արդեն Ծիծեռնակաբերդին մոտենալիս նման մթություն է... պարզապես կազմակերպիչները ավելի լավ բան չէին մտածել, բացի ջահերն ու մոմերը հանգցնել և գցել աղբարկղը...



Sunday, April 7, 2013

Րաֆֆի.... հետաքրքրե՞ց

Դպրոցական տարիների յուրաքանչյուր աշակերտի համար «պատիժ» հանդիսացող «Սամվել» կամ «Խաչագողի հիշատակարան» վեպերի  հեղինակը հույսը կորցրել էր, որ երբևէ կունենա երկրորդ վերածնունդ...


Monday, March 25, 2013

Բողբոջ հավատը

Ծաղկազարդ... շատ սիրելի տոն է դարձել, դա վկայում են եկեղեցիների չորսկողմ կուտակված վաճառողները, որոնք պոկռտել են ուռենիների նոր բողբոջած ճյուղերը և վաճառում են մեռած գարունը` ավետել կամ գուժելով գարուն...


Մարդկանց հերթեր եկեղեցիների մոտ, որոնք ցանկանում են ստանալ «օրհնված» պսակներ, վաճառողներ, որոնք տակից տալիս են նույն այդ «օրհնված» ուռենու պսակները...
Մարդիկ... որոնք հիշում են. պետք է այրել նախորդ տարվա պսակը, թե չէ հաջողություն չի բերի.. պետք է կախել նորը հին պսակի մեխից, որ դարձել է յուրօրինակ վկա մեռած-ծաղկած ուռենու օրըստօրե մումիականացմանը..
Ծաղկազարդը յուրաքանչյուր եկեղեցու կողքին է... ծաղկասպանները` կուտակված...

Իսկ այս փոքրիկի ափի մեջ այնքան մեծ հավատ կա, որ անշունչ ճյուղը ցանկանում է ապրել` հանուն նրա:
Ասֆալտի մեջ նա գտել էր ճեղք և ամուր բռնել ճյուղից...ինչպես տղայի մայրն ամուր բռնում էր իր ձեռքը, քանի դեռ չէր կարողանում քայլել: Բայց ճյուղը չէր կարողանում քայլել, նա ամուր չէր կանգնում իր մի ոտքի վրա...
Տղան նայեց շուրջը և տեսավ հաստաբուն ծառի վերջին շունչ-կոճղը, որի ճաքճքած մարմնից նա հող տեսավ... միտքը կայծակեց. ահա, ահա թե ինչն է այս հսկային պահել կանգուն. հողը...
Նա սկսեց կոճղից հող տանել փոքրիկ ճյուղին ոտքի կանգնեցնելու համար...


Անվերջ կտաներ հողը, միայն թե ճյուղը դառնար իր նման` սեփական ոտքի վրա կանգնած: Սակայն հայտնվեցին մեծերը, որոնք ամեն ինչ գիտեն այս աշխարհում և գիտեն, որ ասֆալտի այդ ճեղքի մեջ այդ չորացած ճյուղը երբեք ծառ չի դառնա: Եվ ասացին, ասացին ճշմարտությունը` ցույց տալով իրենց առավելությունը տղայի նկատմամբ, որ նա դեռ փոքր է և ոչինչ չի հասկանում, որ նա դեռ... 
Տղան փախավ այդ տեղից, փախավ ինչպես փախչում են, երբ տեսնում են, թե ինչպես են սպանում, իսկ այստեղ սպանվել էր հավատը` նորածիլ, բողբոջած հավատը...

Tuesday, March 5, 2013

Գյումրին` անցյալի և ապագայի մեջտեղում

Պարզապես մի օր արթնանալ, նստել գնացք և հասնել Գյումրի, տեսնել հին ու նոր ընկերներին, քայլել Գյումրիի հին ու նոր փողոցներով, ավելի շատ հին, քան թե նոր :) և երեկոյան վերադառնալ նույն գնացքով, գրեթե նույն մարդկանցով լեցուն, բայց կարծես ինչ-որ բան փոխված է... 


1988թ. Երկրաշարժի վերքերը երևում են հենց հրապարակում, որտեղ մարզպետարան-քաղաքապետարանի նորակառույց շենքի կողքին Գյումրիի սուրբ Աստվածածին կիսակառույց եկեղեցին է.  որը կառուցված է Անիի Մայր տաճարի կրկնօրինակով, և ավերվել է երկրաշարժի ժամանակ:


Կայարանի շենքի առաստաղն ավելի հիշեցնում էր եկեղեցու...


Կիսաքանդ շենքի պատուհաններից «նայում են» նշանավոր հայ արվեստագետները:

Ռուսական եկեղեցին, որին գյումրեցիները կըսեն «ՊԼՊԼԱՆ ԺԱՄ»:


Պլպլանի ներսն ամբողջությամբ նկարազարդարում է գյումրեցի նկարիչը:


 «Մայր Հայաստանը» ձեռքին ջահ է պահում, կողքին` Սև Ղուլն է` ամրոցը:

Սա էլ այգին :)

Անուշի և Սարոյի հուշարձանն է.... Սարոն «ժայռի վրայի քարն է», իսկ Անուշը` աղբյուր-կուժը:


 Շինարարների պալատը

Ժամացույց, որ ցույց է տալիս հորոսկոպի նշանները:)

Գյումրիի մեջտեղում, կանաչ վագոն-վանդակի մեջ, պառկած է առյուծը...

 Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը..

Գուսաններ Ջիվանին և Շերամը

 Թատերական հրապարակը, որտեղ հանրահավաքներն են...

Այս թոնրատանն է ծնվել Ավետիք Իսահակյանը...


 Շիրազի քրոջ թոռը` Նարինեն, թանգարանների լավագույն գիդն է: «Շիրազին երբ տուն են տվել, ասել է, լավ է` գոնե Վարպետի տան մոտ է, որ իր մոտ գան, կարող է ինձ մոտ էլ մտնեն»:

Աղավնային սեր «աստծո օրհնությամբ»:)

Մեր կորստի և գտածի համար...



 Ժամանակի մեքենան :)))
Վերադարձանք տուն, 21-րդ դար.... ափսոս...