Wednesday, October 26, 2011

Մանուկների Դոն Կիխոտը


 Ով մտնում է դահլիճ, թատրոնը նրանն է...
Երևանի շենքերից մեկի բակում թաքնված է գույնզգույն մի հեքիաթ, մի կախարդական աշխարհ, որտեղ քեզ հետ կխոսի Պույ-պույ մկնիկը, իսկ պոչատ աղվեսը խորհուրդ կհարցնի: «Ագուլիս» տիկնիկային թատրոնը մի փոքրիկ 8 հոգանոց ընտանիք է, որի գլուխն է 86-ամյա դերասան Երվանդ Մանարյանը:
Նրա կյանքը մի մեծ թատրոն է. ծնողները թատերական գործիչներ են, զավակները ևս թատրոնին են, թոռներից մեկն անգամ իր թատրոնն ունի՝ Փոփոխությունների թատրոն, իսկ երկու թոռնուհիները դերասան են հենց «Ագուլիս» թատրոնում:

 -Ի՞նչ է թատրոնը Ձեզ համար:
-Դեռևս Խրիմյան հայրկին է ասել, որ ազգի համար ամենակարևորը թատրոնն է: Անգամ եկեղեցին տարբեր է լինում՝ առաքելական, կաթոլիկ… իսկ թատրոնն ազգություն և կրոն չի ճանաչում: Ով մտնում է դահլիճ, թատրոնը նրանն է. թատրոնը հանդիսատեսինն է:
Եկեղեցի գնում ես՝ հոգեպես մաքրվելու, քո վաղվա անելիքը, ճիշտ ճանապարհն ընտրելու համար: Այդ նույն բանը կատարվում է թատրոնում ավելի հետաքրքրաշարժ ձևերով: Դերասանը բեմում ինչ-որ քայլ է անում, դու էլ մտածում ես, որ դու էլ կարող ես:

-Ի տարբերություն այժմյան շատ թատրոնների՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան չի հովանավորվում պետության կողմից:
-Ես ինքս եմ հրաժարվել հովանավորչությունից, քանի որ ես եմ որոշում իմ թատրոնի դեմքը: Այնուամենայնիվ թատրոնը փող սիրող արվեստ է: Ներկայացում ստեղծելու համար անհրաժեշտ միջոցները դերասաններն են, իսկ դերասանն ուզում է վճարվել: Փող լինի և չլինի. հսկայական տարբերություն է: «Ագուլիս» թատրոնը 23 տարի գոյություն ունի և այդ 23 տարին էլ հազիվհազ կարողանում է ոտքի վրա կանգնել:

-21-րդ դարը համակարգչի դարն է, ինչքանո՞վ է արդիական այսօր տիկնիկային թատրոնը երեխաների համար:
-Երբ երեխային հենց սկզբից տիկնիկային թատրոն են բերում ծնողները, երեխան սիրում, կապվում է թատրոնի հետ: Իսկ եթե երեխային հեռուստացույցի, համակարգչի մոտ են նստեցնում, մուլտերն ու խաղերն է տեսնում, էլ սրտով չի կպնի թատրոնին: Հանդիսատեսը փոխվել է. նախկինում թատրոն գալիս էր տատիկը՝ իր հետ բերելով թոռներին, նույնիսկ հարևանի երեխաներին, իսկ այժմ մեկ երեխայի հետ գալիս է երկու-երեք մեծահասակ: Նույնիսկ չորս հոգու համար ենք խաղում. երեխան եկել է թատրոն, նրան հետ չես ուղարկի, պետք է խաղալ:

Հայ մարդուն հատուկ բնավորություն ունեմ,
իսկ հայը պարտություն չի հանդուրժում
-Երեխաները բարդ հանդիսատե՞ս են:
-Ավելի պահանջկոտ են… Դժվար է երեխաների հետ: Աշխարհով մեկ այս մասշտաբի փոքր թատրոններն են ընդունելի, որտեղ երեխան դառնում է ընթացքի մասնակիցը, տիկնիկներն անընդհատ հարցեր են ուղղում դահլիճին: Եվ նույնն էլ հանդիսատեսը եթե ինչ-որ բան ասաց, դերասանը պետք է պատասխանի, չի կարելի է անպատասխան թողնել և շարունակել քո տեքստը, այդպես չեղավ…Թատրոնի աշխարհում ամեն ինչ տեղի է ունենում քո ներկայությամբ:

-Ինչո՞ւ է այսօր թատրոնը կորցրել իր նախկին կարևորությունը:
-Թատրոնները պարզապես ձևացնում են, թե կատարում են իրենց դերը: Միայն տեխնիկական մասն է մնացել, իսկ առաքելությունը կորել է: Թատրոնը մարդկանց մտքերի իշխողը պետք է լինի, և երբ մեր թատրոններն այս հարցում սկսում են մի քիչ կաղալ, նրանց հետաքրքրությունը խիստ ընկնում է: Դրա համար էլ այս 20 տարվա թատրոնը որոշ ժամանակ անց կմոռացվի:

-Ո՞ր դերը կցանկանայիք խաղալ, որ այդպես էլ չի հաջողվել:
-Դոն Կիխոտը. նրա նման պայքարում եմ այս թատրոնում, քանի որ մանկական թատրոնի պատասխանատվությունը շատ բարձր է: Եթե ինչ-որ բան այնպես չի ստացվում, մեծահասակին կարող ես բացատրել, բայց երեխային չես կարող: Նա քո ասածները չի հասկանա, նա միայն մի բան գիտի, եկել է մկնիկին նայելու, իսկ մկնիկը չկա: Նրա համար դա մեծ վիշտ է:

-Արդեն կես դար է՝ ամուսնացած եք, ինչպիսի՞ ամուսին եք:
-Մի անշնորհք բան եմ արել կնոջս՝ Մերիի նկատմամբ, որի համար չեմ ներում ինձ. նա հարսի շոր չի հագել: Կնոջ համար դա… Ցավոք ուղղել այլևս հնարավոր չէ: Մայրս հաճախ էր ասում կնոջս. որ մի բան ուզում ես նրանից, կարող է ամիսներով մոռանալ: Հետո մեկ էլ հանկարծ կբերի:
Ինքս ինձ դժվար եմ ճանաչում, չգիտեմ՝ ինչպիսին եմ: Իմ կարծիքով հայ մարդուն շատ հատուկ բնավորություն ունեմ, իսկ հայ մարդը պարտություն հանդուրժել չի կարողանում:

-Եղե՞լ է այնպիսի բան, որ զղջաք:
-Մեծ հաշվով՝ ոչ, ես շատ հանգիստ եմ իմ այսօրվա վիճակի մեջ: Ամենամեծ զղջումը կարող էր լինել, թե ինչու եկա Հայաստան, բայց դա երբեք չի եղել: Հայրենիքը ես շատ առարկայական եմ ընդունում, այս հողերի և իմ գեների միջև ինչ-որ աներևույթ կապ կա, և չես կարող դա հաշվի չառնել: Հայրենիքը լքող մարդը գտնվում է ակամա որբի կարգավիճակում:

-Դուք ձեզ համարո՞ւմ եք երջանիկ մարդ:
-Այո, շատ: Երբ երեխաները գալիս են ներկայացումից հետո շնորհակալություն են հայտնում, դա ամենաանկեղծ բանն է, այդտեղ ոչ մի խարդախություն չկա, անկեղծ երեխայի անկեղծ վերաբերմունքն է իմ նկատմամբ. «Ես գնում եմ Երվանդ պապիկի թատրոն»:

-80 տարին վաղուց արդեն անցյալում է, ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար այդ տարիքը:
-Օգնել մարդկանց, որ նրանք բնության հետ հակասության մեջ չլինեն: Այժմ սոսկում եմ այն մտքից, որ հանկարծ Հայաստանից դուրս գամ ու… կա տարրական թվաբանություն, ես ավելի մոտ եմ վերջին, քան երիտասարդները:

էն «մանգաղավոր մարդը» սպասում է,
թե երբ ես պարապ լինելու, ու հոպ…
-Երազանքներ ունե՞ք:
-Այո, շատ, ստեղծագործական երազանքներն այնքան շատ են, որ անգամ ծիծաղելի է: Դրանք կարող են բավականացնել մի ամբողջ ստեղծագործական կյանքի համար: Ամենացավալին այն է, որ այս տարիքում չեմ կարողանում ստեղծագործել, շուտ եմ հոգնում: Ամեն պահ զբաղված եմ, և լավ է, որ այդ ամենը կա, թե չէ շատ շուտ ծերությունը կհաղթի մարդուս: Տարիքն անմիջապես կբամփի գլխիդ, վերջացավ: Միշտ պետք է զգոն լինես, և իմանաս, որ դու պարտավորություններ ունես կատարելու: Թե չէ էն «մանգաղավոր մարդը» սպասում է, թե երբ ես պարապ լինելու, ու հոպ…

Երվանդ Մանարյանն ինքն էլ է ընդունում, որ չափազանց շատ է խոսում թատրոնի մասին և ինչի մասին էլ զրուցում է, ամեն ինչ ավարտվում է թատրոնով:

Monday, October 10, 2011

Մանկության վկան


Փոքրիկ տղան օրորվում էր ճոճանակին: Առաջ-հետ, առաջ-հետ:
Անթարթ նայում եմ: Առաջ-հետ, առաջ-հետ:
Ձանձրացա:
Երեխան ժպտաց ի պատասխան իմ ոչ ժպիտին:
Փակեցի աչքերս:
Չեմ ուզում մեծանալ:
Առաջ-հետ, առաջ-հետ:
Ճոճանակը օրորում է իմ մանկությունը:



Saturday, October 8, 2011

Գինու տոնը


ԳԻՆՈՒ ՏՈՆԸ
Հոկտեմբերի 8-ին Վայոց ձորի մարզում գինեհամ տոնախմբություն է: Բնակիչները տոնում են խաղողի բերքի հավաքում: Արենի գյուղում մեծ տոնախմբությամբ են նշում այսօրը, գյուղացիները հյուրասիրում են հյուրերին իրենց քաշած գինիների տեսականիով և անպայման անմահական մաճառով:
Գյուղի կենտրոնում՝ բեմի կողքին, ամբողջությամբ տարածվում է արբեցնող գինու բույրը. գետնին դրված մեծ տակառում տրորվում է խաղողը: Եվ եթե բեմից եկող ուրախ երաժշտությունը չլինի, եթե ինչ-որ հնարքով հնարավոր լիներ այդ պահին ստիպել գինի համտեսողներին և տանտերերին լռեցնել, հնարավոր կլիներ լսել... գինու ձայնը:
Վայոց ձորում յուրաքանչյուր ընտանիք ի ծնե գինեգործ է. ամեն մեկից կարելի է լսել մի հետաքրքիր խորհուրդ գինու մասին:

«Մաճառն անպայման կսառեցնեք, նոր կբացեք»,- զգուշացրեց գյուղացի մի կին, որը շատ ամուր սեղմեց պոլիէթիլենային շիշը մինչև այն փակելը:
Իսկ Արենիում հայտնի գինեգործ Հայկ Ոսկանյան (Ով հայտնի է Վալոդ անունով) բացատրեց, թե ինչու գինին անպայման պետք է պահել հորիզոնական վիճակով. «Այդ դեպքում գինին շփվում է շշի խցանի հետ և թաց պահում այն: Խցանը միշտ խոնավ լինելով ավելի է ուռչում և ամուր պահում գինի»:

















Monday, October 3, 2011

Համբերության թասը

«Սասունցի Դավիթ» արձանը համարվում է Երևանի խորհրդանիշներից մեկը, սակայն քչերը գիտեն, թե ինչ է նշանակում վեր խոյացած Քուռկիկ Ջալալի սմբակների տակ դրված մետաղյա թասը, որից թափվող ջուրն էլ լցնում է ավազանը:
Դա համբերության թասն է. հայը դիմում է հարձակման, միայն այն դեպքում, երբ համբերության թասը լցված է և արդեն թափվում է:

Saturday, October 1, 2011

А вот и Кировакан…

Ինչպես ստեղծվեց «А вот и Кировакан…» երգը.  պատմում է Սամվել Խալաթյանը:

«80-ականներին շնորհալի երաժիշտների մի խումբ հավաքվում էին Գուգարքի շրջանային կուլտուրայի տանը` միհարկանի, նամահոտ տեղ էր:Հաճախ մեզ հյուր էր գալիս ռեժիսոր Միրոն Չուլակյանը: Նա սիրում էր խմել, տղաներն էլ. այնպես որ փորձերը վերջում վեր էին ածվում գինարբուքի: 
Մի անգամ էլ նստած էինք, բոլորիս քեֆը լավ էր: Մեկ էլ տղաներից մեկը` Գրիշիկը (Գառնիկ Մխիթարյան), սինթեզատորի վրա նվագեց երգի առաջին տողի երաժշտությունը:
Միրոնն ասաց. ՙА вот и Кировакан…՚ ու բաժակը լցրեց: Ես էլ շարունակեցի. ՙА вот и Հուշարձան՚: Ու այդպես… Միրոնը խմեց ու գինուն նկատի ունենալով ասաց. ՙИдем կամաց-կամաց՚: Ես էլ որ դիմացեցի եմ, ասացի. ՙИ наконец Դիմաց՚, հանգը բռնացրի:
Գրիշիկն էլ սինթեզատորով շարունակեց: Միրոնն ասաց` եկեք երգ դարձնենք: Ես ու Միրոնը թղթի վրա սկսեցինք կիսահայերեն, կիսառուսերեն գրել:
Մի քանի օր հետո հավաքվեցինք, Չեսլավը (Համլետ Ալավերդյանը) և Միրոնը ասացին` այս երգն էլ մտցնենք կասետի մեջ: Ու կատարեցին ՙА вот и Кировакан…՚ երգը»:


«А вот и Կիրովական…»

А вот и Կիրովական,
А вот и Հուշարձան,
Идем կամաց-կամաց,
И наконец Դիմաց:

В переди не большой парк,
А позади քարհանք,
В парке скамеек пять,
Ночью идем гулять.

А кругом тишина
И один машина,
Хочется Բանգլադեշ,
Забыл там один вещь.


И что поделать нам
Этот Կիրովական,
Солнышко не видать,
Дождик идет опять.

Вот уже мы прошли
Հարյուր квартира-նոց,
Дальше Սամվելանոց,
Лучше խինակալանոց:

Կերանք-խմեցինք, Ո՜ՒԽ,
А внизу մառախուղ,
Ընդուր որ Химзавод
Прямо в центре город.




Но ве же я клянусь,
Что не забуду я
Կոնգո и Երրորդ մաս,
Լագեր и Ջունգլի-я.

И что поделать нам
Этот Կիրովական,
Солнышко не видать,
Дождик идет опять.

Как будто мало было,
Բազումն էլ новый село,
Этот что Եղափլո,
Հարալո՜-հարալո՜:




Там, где был վզվզնյակ,
Давным-давно сквозняк,
Արվեստագետ-ы там
Встречались по утрам.

Турбазы нет равней
Этот дом для гостей,
Город им кажется
Малой Швейцарией.

И что поделать нам
Этот Կիրովական,
Солнышко не видать,
Дождик идет опять.