Showing posts with label Լիբանան. Show all posts
Showing posts with label Լիբանան. Show all posts

Monday, May 12, 2014

«Ինձ կըսեն՝ դու դրամը չես գտած քո գործերում, այլ հաճույքը» լիբանանահայ ոսկերիչ

Ոսկերչությունը դժվար արհեստ է, արհեստ, որտեղ առանց արվեստի չես կարող, թեև շատերը կբավարարվեն միայն արհեստով: «Աշխարհում շատ վարպետներ կան, որոնք միայն ոսկի մետաղով կզբաղվեն, բայց դա ոսկերչություն չի: Դիզայն գծել, չգիտեն՝ ճիշտ չափանիշները, որպեսզի գեղեցիկ ըլլա գործը: Շատ-շատերը չգիտեն այդ գաղտնիքները: Վարպետս ինձ սովրեցրեց արվեստի չափանիշներու օրենքը»,-համոզված է 25 տարվա ոսկերիչը, լիբանանահայ Սարգիս Պարսումյանը:

Լիբանանում, Սիրիայում հայերը հիմնականում զբաղվում են արհեստով, և նրանց մեջ մեծ պահանջարկ ունի ոսկերչությունը: 64-ամյա ոսկերիչ Սարգիս Պարսումյանը ապրում և աշխատում է Լիբանանում: Նա և իր եղբայրը ունեն ընտանեկան բիզնես. դեռևս քառորդ դար հիմնել են «Բեգոր» ոսկերչական ընկերությունը:  

Սարգիս Պարսումյանը սկսել է զբաղվել ոսկերչության արվեստով 19 տարեկանից: «Պստիկ տարիքից ձեռքի աշխատանքն ինձ ձգում էր: Պատանի տարիքս երբ վերջացավ, ընկերներս ինձ խրատեցին ոսկերչության մեջ մտնեմ, քանի որ մեջն արվեստ կա»,- պատմում է արդեն կայացած ոսկերիչը: 

Նա սովորել է Սիրիայում ապրող վարպետ Անդրանիկ Բալասանյանի մոտ:  Սարգիսը մինչև հիմա էլ երախտագիտությամբ է հիշում իր վարպետին. «Երբ որ ես ու ինքը կրակով ձուլում էինք ոսկին, եկավ ձեռքս բռնեց, ու սկսեց ինձ հետ աշխատել, կարծես իր մեջինն անցուցեց իմ մեջ: Շատ սիրեցի, վարպետս շատ զորեղ, տաղանդավոր եղած էր, որ ճիշտը սովրեցա»:
Երկու տարի սովորեց, սակայն հոր մահից հետո Սարգիսն ստիպված էր ինքնուրույն աշխատել: Հենց այդ ժամանակ էլ վարպետը թիկունք կանգնեց և պատվերներ տալով օգնեց, որ Սարգիսն ինքնուրույն եկամուտ աշխատի. «Միշտ կըսեր ինձ՝ դու շատ մեծ անուն կունենաս: Ես էլ իր վերջին աշակերտն եմ եղել, քանի որ իր տարիքը բավական հասունցած էր: Նա հայ էր, ծայրահեղ հայ էր, ես էլ թերևս մի քիչ ավելի»:

Մի քանի տարի հետո Սարգիսը տեղափոխվեց Սիրիայից Լիբանան, որտեղ էլ սկսեց իր սեփական գործը: Լիբանանում շատ ոսկերիչ հայեր կան, բայց Սարգիսի խոսքերով. «Ներկայիս նոր սերունդը չի մտներ այս արհեստին, պատանիներին չի ձգում ոսկերչությունը, քանի որ լավ պայմաններ չկան դրամ շահելու: Հիմնականում գնում են աշխատելու մեքենաների կայանատեղիում, անվտանգության աշխատակիցներ»:

Վարպետ Սարգիսի մոտ յուրաքանչյուր զարդ եզակի է, երկրորդը չունի՝ անձրևանոց ականջօղեր, թիթեռի տեսքով զարդեր: «Արվեստ շինելը գուլպա գործել չի: Մեր գործում ճաշակ ենք ստեղծում: Գործ կա, որ կարող է մի տարի աշխատեմ, թողնեմ մի կողմ մի շաբաթ, հետո վերցնեմ, տեսնեմ թերությունները, ուղղեմ: Բծախնդիր լինելը շատ կարևոր է մեր գործում»,-ասում է Սարգիսը:


Սարգիսը և աշխարհի տարբեր երկրների ոսկերիչները մասնակցում էին Հայաստանում կազմակերպված ոսկերիչների ցուցահանդեսին: «Հայաստանում նման ցուցահանդեսներ պետք է շատ իրականացվեն, որպեսզի աշխարհին ցուցադրենք, որ Երևանում աղվոր ապրանքներ կցուցադրվեն: Ցուցահանդեսները տալիս են այլ երկրների մասնագետների հետ շփումը: Վերջերս մի իտալացի ոսկերչի հետ էի հանդիպել, երբ նայեց իմ գործերն ասաց՝ դու դրամը չես գտած քո գործերում, այլ հաճույքը»,-հպարտությամբ ասում է վարպետը:

Ոսկերիչը չի սիրում զարդ կրել, բայց… «Որոշած էի, որ երկու մատանի պետք է շինեի, ամեն մեկի վրա մի ծիծեռնակ, որ նույնը լինեն. մեկը՝ իմ, մյուսը կնոջս համար: 20 տարի ամուսնացած եմ, բայց դեռ տակավին պիտի ընեմ»: