Wednesday, June 29, 2011

«Չգիտես` կորուստ ունե՞ս, թե՞ ոչ»

Հունիսի 29-ը Հայաստանի անհայտ կորած ազատամարտիկների օրն է


Համլետ Գալստյանը ռումբ ուներ թևի մեջ դրած,
ասում էր` դա իմ կյանքն է
Ուղիղ 19 տարի առաջ հունիսի 29-ին, Համլետ Գալստյանը «Արաբո» ջոկատի հետ մեկնեց պատերազմի դաշտ և այլևս չվերադարձավ: Նրա դուստրը` Լուսինեն, հիշում է, որ հոր մեկնելն այնքան հապճեպ էր, որ անգամ չհասցրեց հրաժեշտ տալ իրենց:

«Նման դեպք էլի էր եղել, երբ հայրս հրաշքով փրկվել էր: Մոտ երկու ամիս լուր չունեինք, ու հանկարծ հեռախոսը զանգում է, վերցնում եմ. իր ձայնն է: Այդ նույն հույսով սպասել եմ և այս անգամ»,-ասում է Լուսինեն:

Տասնյակ տարիներ Լուսինեին հորը փոխարինել է հույսը, որ նա ողջ է և մի օր անպայման տուն կվերադառնա:
«Իրավիճակ է եղել, երբ մտածել եմ գուցե այդ պահին իմանայինք, որ մահացել է, ավելի ճիշտ կլիներ: Չգիտես` կորուստ ունե՞ս, թե՞ ոչ: Հայրս անգամ գերեզման չունի»,- ցավով նշում է Լուսինեն:

Մոտ 3 տարի առաջ Համլետ Գալստյանի ընտանիքին հայտնեցին, որ «Արաբո» ջոկատի
ազատամարտիկների մեծ մասը զոհվել է դեռևս 19 տարի առաջ՝ Արցախի պաշտպանության առաջին մարտերում:

«Իրավիճակ է եղել, երբ մտածել եմ
գուցե այդ պահին իմանայինք, որ մահացել է,
 ավելի ճիշտ կլիներ»
«Ամեն անգամ գնալիս ասում էր` կամ կգամ, կամ կբերեմ: Մի բան հաստատ գիտեինք, որ նա գերի չի ընկնի. ռումբ ուներ թևի մեջ դրած, ասում էր` դա իմ կյանքն է,- հիշում է Լուսինեն, որն անձամբ էր պատրաստում հոր իրերը ճանապարհ դնելիս:

Լուսինեն շատ է հարցուփորձ արել, թե ինչ հանգամանքներում է հայրը կորել, մահացել եւ իր համար պարզել է. «Դա դավաճանություն է եղել, ջոկատին պարզապես գցել են շրջափակման մեջ»:


Նա հպարտությամբ և հիացմունքով է հիշում, թե ինչպես էին «Արաբո» ջոկատի տղաները ցանկացած իրավիճակից դուրս գալիս հաղթանակով. «Ամեն տեղ աստված նրանց օգնում էր, բայց այս վերջին անգամ… դա ճակատագիր էր»:

No comments:

Post a Comment