
«Վեց օր ոտքով անձրևին եկել ենք, հասել Հայաստան, գետերով, ջրերով, թրջվել ենք, խարույկ ենք վառել, որ տաքանանք, ով ինչ ուտելիք ուներ, կիսվել ենք»,- 77-ամյա Նորա Բաբայանը արցունքն աչքերին հիշում է, ինչպես է 19 տարի առաջ իր երեխաների հետ փախել է Ադրբեջանի Շահումյան շրջանից:
Նորա տատիկի պատմելով` այնտեղ ունեցել են երկու հարկանի տուն, մեծ այգիներ, որ նա մինչև հիմա էլ մանրամասն հիշում է. «Սաղ թողել եմ, եկել, 40 տարվա ստեղծածս...»:
Այժմ երեխաները Ռուսաստանում են, իսկ ինքը թոռան և 1.5 տարեկան ծոռի հետ բնակվում է Երևանի ծայրամասում` Էրեբունի համայնքում տեղակայված հանրակացարանում: Շենքը մի քանի ամիս առաջ 4-րդ կարգի վթարային է ճանաչվել: Տան պատերին արդեն նկատվում են հսկայական ճեղքեր:

Ռուզաննայի ամուսինը մեկ տարի առաջ մահացել է, և նա այժմ տան միակ աշխատողն է, սակայն առայժմ արձակուրդում է, քանի որ աղջիկը փոքր է:
Շենքային վթարային վիճակին գումարվում են նաև կոմունալ պայմանները. գազ, քաղաքային հեռախոս չկա, իսկ ջուրը 3 օրը մեկ է լինում:
Այս շենքում բնակվող 60 ադրբեջանահայ ընտանիքներին պետությունն առաջարկել է տեղափոխվել Մասիսի շրջանի Դարբնի գյուղ: «Ճիշտ է` այնտեղ շենքային պայմանները լավ են, բայց մոտակայքում մանկապարտեզ, դպրոց, խանութ չկա»,-ասում է Ռուզաննան և հավելում, որ Երևանում աշխատանք ունենալու դեպքում ընդհանրապես հարմար չէ գյուղը:
Իսկ հեռանալ Հայաստանից Ռուզաննան չի էլ մտածում. «Թեև հայրս ռուս է, մայրս բնակվում է Ռուսաստանում, բայց ես ցանկանում եմ մնալ այստեղ, քանի որ Հայաստանն ինձ շատ հարազատ է»:
No comments:
Post a Comment