Wednesday, June 22, 2011

Նոր ռեկորդ

«Ճիշտն ասած` այս անգամ շատ դժվար գնաց, 200-ից հետո սկսեց կողքս ծակել, բայց ձեռքերս դիմացան»,- պատմում է մարմնամարզիկ Դավիթ Ֆահրադյանը` խոստովանելով, որ երկար ժամանակ չէր մարզվել:

Դավիթ Ֆահրադյանը սահմանեց իր հերթական ռեկորդը, այս անգամ նա պարզապես թարմացրեց իր նախորդ ռեկորդը` 350 մեծ անընդմեջ պտույտները հասցնելով 450-ի:

«Ինձ համար սա բարոյական հաղթանակ է, քանի որ միայն իմը չէ, ընդհանուր մեր ազգի հաղթանակն է»,- ռեկորդը սահմանելուց անմիջապես հետո լրագրողների հետ կիսվեց Դավիթ Ֆահրադյանը:


Ի դեպ, Դավիթը ևս մեկ անգամ սահմանեց ռեկորդ՝ կատարելով 670 պտույտ:

Գինես ռեկորդների գրքում գրանցված նախորդ ռեկորդը դիտեք այստեղ
Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն այսօր մարդաշատ էր. շատերն էին եկել տեսնելու իրենց հայրենակցի հերթական ռեկորդը:
Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս Դավիթ Ֆահրադյանը պայմանագիր ունի «Գինեսի գրքի» հանձնաժողովի հետ, որի համաձայն կարող է տեսանյութն ուղարկելով թարմացնել ռեկորդը:

Դավիթ Ֆահրադյանի մարզիչ Գագիկ Քեշիշյանը բավարարված է, բայց նշում է, որ եղանակը խանգարեց ավելի շատ պտույտներ կատարելու համար. «Հաջողությունը կախված է երկուսից. մարզիկը պետք է բնական տվյալներ ունենա, մարզիչն էլ կարողանա ճիշտ ճանապարհով տանի մարզիկին»,- ասում է վաստակավոր մարզիչը:

11-ամյա Նարեկ Զարգարյանը մարզադպրոցի մյուս սաների հետ անթարթ հետևում էր Դավիթ Ֆահրադյանի պտույտներին. «Չեմ կարող Դավիթի նման ռեկորդ անել, բայց ուզում եմ դառնալ աշխարհի չեմպիոն»,- ասում է Նարեկը:

Հիշեցնենք, որ Դավիթ Ֆահրադյանն արդեն երկու անգամ «Գինեսի գրքի» տնօրինության կողմից ստացել է հավաստագիր: 2010թ. նոյեմբերի 13-ին պտտաձողի վրա մեկ ձեռքով 76 պտույտի համար, իսկ առաջին ռեկորդը նա սահմանել է 2009թ. հունիսի 21-ին, երբ պտտաձողի վրա կատարել էր 350 մեծ պտույտ:

No comments:

Post a Comment