Thursday, March 31, 2011

Մետրոյի քարտ ստանալու «գաղտնաբառը»

Ի դեպ
Նյութը հրապարակելուց հետո «Բարեկամություն» մետրոյի կայանում, գանձապահի պատուհանին դրած են մետրոյի քարտերը: Երբ ցանկացա գնել, պարզվեց, որ 500 դրամի (10 ժետոնի գումար) փոխարեն պետք է վճարեմ 1500 դրամ. 1000 դրամը քարտի օգտագործման գումարն է: Եվ երբ հետ վերադարձնելիս գումարը հետ կտրվի: 


«գաղտնաբառն» ասելուց մի քանի րոպե հետո
 ինձ տվեցին «բաղձալի» քարտը
 Արդեն կես տարի է` չեմ կարողանում ձեռք բերել մետրոյի էլեկտրոնային քարտ. միշտ նույն պատասխանը. մետրոյի կայանների գանձապահները հայտնում են, որ քարտերը վաղուց վերջացել են:

Մինչ հարցազրույցի գնալը մետրոյի կայաններից մեկում, երբ ինձ ևս մեկ անգամ ասացին, որ քարտ չկա, ես այդ մասին հեռախոսով հայտնեցի «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸմամլո քարտուղար Նինել Վարդանյանին: Նա ինձ ասաց «գաղտնաբառը». «Ասացեք, որ ընկեր Չախոյանն է ասել»:

Դրանից հետո աշխատակիցների դեմքերն ավելի մտահոգվեցին. մի քանի րոպեից ինձ տվեցին «բաղձալի» քարտը: Իսկ երբ ես հարցրի, թե որտեղից քարտը և ինչու երեկ չկար, նրանցից մեկը պատախանեց. «Ստացել ենք, բայց շատ քիչ` 17 հատ»:

Հարցազրույցս «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Փայլակ Յայլոյանի հետ էր. Նա ամենայն լրջությամբ ինձ հայտնեց, որ նման խնդիր չկա:

Անգամ իմ ներկայությամբ կապ հաստատեց երթևեկության գծով իր տեղակալին, որը ևս մեկ անգամ հաստատեց, որ չկա այդպիսի կայան, որտեղից հնարավոր չէ քարտ վերցնել: 

Իսկ երբ ես հայտնեցի, որ հենց նոր «Բարեկամություն» կայանում ճշտել եմ, որ քարտ չեն տալիս, տեղակալը պատասխանեց. «Այնտեղ մինիմում 7-8 հատ կա»:

Փայլակ Յայլոյանը դա համարեց աշխատակիցների անպատասխանատվության և ոչ բարեխիղճ աշխատանքի արդյունք:

Փորձեցի այնուամենայնիվ ճշտել, թե միայն ինձ հետ է նման դեպքեր պատահում. հացրեցի անցորդներին, թե արդյոք նրանք ևս ունեցել են այդ խնդիրը: Հիմնականում մեր քաղաքացիներն օգտվում են ժետոններից և չեն էլ ցանկանում քարտ ունենալ:

«Մեկ ամիս առաջ կորցրեցի քարտս և ուզում էի նորը վերցնել «Մարշալ Բաղրամյան» կայանից, բայց ասացին, որ դեռ չեն տալիս»,- հայտնեց Իրինա Խոսրովյան:

«1-2 տարի առաջ վերցրել եմ քարտը, այն ժամանակ նույնիսկ ստիպում էին, որ վերցնեմ, բոլորին տվեցին: Իսկ հիմա հակառակը, սեպտեմբերին դպրոցական աղջկաս համար ուզում էի քարտ վերցնել, բայց չկար»,- ավելացրեց Գայանե Եղիազարյանը:

Ի դեպ 2009թ. մարտի 1-ից ներդրվել են 50 հազար էլեկտրոնային քարտեր, որոնցից 49 հազարը, ըստ  Փայլակ Յայլոյանի, արդեն տրվել է քաղաքացիներին:

2 comments:

  1. yap ! it happened to me as well ! So thanks for the keyword ! hope Mr/Mrs Chakhoyan words are still actual :)

    ReplyDelete
  2. :) don't forget to say you are a journalist

    ReplyDelete