Իսկական անգլիացին և իսկական անգլիական մեքենան |
Դուռը փակ էր, իսկ ապակե դռան հետևից երևում էր միայն դատարկությունը: Երկուսով էինք` ես և Սան Սալվադորից մի աղջիկ` Քենին: Հիշեցինք, որ մեզ ուղարկած նամակներից մեկում կար նաև դռանը կոդը: Գտանք. դուռը բացվեց: Նախասրահի վերջում դրված էին երկու փոքրիկ պահարաններ, որոնց մեջ գտնվում էին մեր բանալիները. համենայն դեպս այդպես էր ասում նամակը: Մեկ այլ կոդ, և մենք արդեն վերելակով (որը շատ էր տարբերվում մեր շենքերում աշխատող վերելակներից) բարձրանում ենք մեր սենյակները: Քենին գնաց իր սենյակը, իսկ ես մտա իմը:
Բնակարանն ուներ երեք սենյակ, ես ընտրեցի նրանցից մեկը, դրեցի ճամպրուկս և ուղղակի թևաթափ նստեցի մահճակալիս, քանի որ սենյակումս աթոռ չկար: Ուզում էի ինչ-որ մի բան ասել, կարևոր չէր` ինչ... ուզում էի պատմել առաջին տպավորությունս, անցած երկար ճանապարհի մասին, բայց մարդ չկար...
Լոնդոնի լաբիրինթոս մետրոյի
կայաններից մեկում
|
Թեմզան և Բիգ Բենը
|
Մի քանի րոպե բնակարանն ուսումնասիրելուց հետո դուրս եկա և շարժվեցի պատահական ուղղությամբ: Իմ առաջին զբոսանքը Լոնդոնում. մտքումս խառնաշփոթ է` ինչպե՞ս կընդունեն անգլիացիները ինձ նման օտարերկացուն. անընդհատ հիշում եմ վարորդի հետ զրույցը.
-Որտեղի՞ց եք:
-Հայաստանից (from Armenia):
-Ամ... Ամերիկայում է գտնվո՞ւմ:
-Ոչ, Ռուսաստանի և Թուրքիայի կողքին:
-Իսկ ի՞նչ լեզվով եք խոսում Ձեր երկրում:
-Հայերեն:
-Դա ռուսերե՞նն է...
Հեռախոսի քարտը գնելուց հետո մի նոր խնդրի առջև կանգնեցի, բջջայինս պետք է լիցքավորել, սակայն այստեղի վարդակները հարմարված չեն մեր էլեկտրական սարքերի համար:
Տնեցիներին տեղյակ պահելով, որ ամեն ինչ նորմալ է` զանգեցի Մեծ Բրիտանիայում ապրող ընկերուհուս. մենք պետք է հանդիպեինք. պայմանավորվեցինք մետրոյի ինչ-որ մի կանգառի մոտ:
Երբ մոտեցա մետրոյի կայանին, զգացի, որ բախտս չի բերել. միայն մի ավտոմատ է, որի օգնությամբ պետք է գնել տոմսը: Դուրս գալիս մեկ անգամ ևս ստուգվում է տոմսի իսկությունը. պարզվեց, որ ես ճիշտ տոմս չեմ վերցրել. ահով հիշեցի, որ դրա համար տուգանքը կազմում է 20 ֆունտ (10.000դրամ): Ստուգողին բացատրեցի, որ առաջին անգամ եմ մետրոյում: Նա ասաց, որ ես պետք է վճարեմ տոմսի գինը: Մոտեցա մետրոյի աշխատակցին: Նա զարմացած նայում էր ինձ և էլ ավելի զարմացավ, երբ մեկնեցի նրան գումարը: Ժպտալով նայեց և ասաց` պետք չէ վճարել, գնացեք...
Աշխատանքն ավարտված է,
հաշվում ենք փողերը
|
Կենդանի արձաններ,
որոնք շարժվում են փողի զնգոցից
|
Ասում են` անգլիացիները սառը մարդիկ են. «Անգլիացի շատ ծանոթներ ունեմ, բայց ընկեր` ընդհանրապես»,- պատմում էր ուզբեկ մի տղա` Խուրշիդը, որն արդեն մի տարի է` սովորում է Լոնդոնում:
Գուցե ես երկար ժամանակ չեմ մնացել Լոնդոնում կամ գուցե չեմ փնտրել ոչ մեկի ընկերությունը, բայց... հիշում եմ` երեխեքով կանգնած էինք մայթին և բոլորով նայում էինք Լոնդոնի քարտեզին` որոշելու, թե ուր պետք է գնանք: Անցորդներից մի քանիսը մոտեցան և հարցրեցին, թե արդյոք մենք չենք մոլորվել և կարիք ունե՞նք օգնության: Երբ խնդրեցի մի կնոջ ինձ լուսանկարել հայտնի Թաուերի կամուրջի մոտ, նա ոչ միայն սիրով համաձայնեց, այլև առաջարկեց մի քանի վայրերում ևս նկարել:
Ի դեպ, Լոնդոնում լուսանկարվել կարելի է համարյա յուրաքանչյուր շենքի դիմաց. թագավորական շքեղության շենքերի կողքին վեր են խոյանում բարձրահարկերը` 21-րդ դարի «խորհրդանիշերը»:
«Թոմսոն Ռոյթերս» լրատվական գործակալությունը, որը կազմակերպել էր այս սեմինարը, երկու անգամ մասնակիցներիս հրավիրեց ռեստորան` չինական և իսպանական: Չդիմացա և հարցրի` իսկ անգլիական չկա՞: Ասացին` կա, ընդամենը մի քանիսը, բայց շատ թանկ են: Իսկ անգլիական ազգային ուտեստը, պարզվեց, կարմրացրած միսն է:
Փողոցներից մեկում
|
Կարմիր ավտոբուսը |
Զուր չեն ասում, որ Լոնդոնն աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկն է: Սենդվիչը, որն ամենաէժան և արագ կշտացնող միջոցն էր, արժեր մոտ 3 ֆունտ (մոտ 1500 դրամ):
Ռոջերը` մեր դասախոսը, ասում էր, որ Լոնդոնը գեղեցկացնում են նաև տարբեր ազգերի ներկայացուցիչները: Ցավոք չկարողացա գտնել գոնե մի հայի և ասել` բարև, ո՞նց ես: Ինդոնեզիայից ժամանած աղջկան` Իկային (որի հետ մտերմացանք), սովորեցրել էի մի քանի բառ: Շատ տանջվեցի «շնորհակալություն» բառի վրա, որը ի վերջո ստիպված փոխարինեցի «ապրեսով»:
Իսկ ժամանալուս հենց առաջին օրը նրանից նամակ ստացա, որն սկսվում էր` «Բարև, Մանե...»
Shat gexecik hodvac er.. Shnorhakal em evs mek angam Londonov shrjelu hamar....)))
ReplyDeleteAnonymous@ chi asum, es em asum...:-)
ReplyDelete