Մարտի 30-ը հողի պաշտպանության օրն է, իսկ Հայաստանում հողերի 1/3-ը (30%) էրոզացված է, ինչը բերում է հողերի անապատացմանը, այսինքն գյուղատնտեսության համար այլևս պիտանի չեն: Ամենացավալին այն է, որ այդ տարածքներն այլևս հնարավոր չէ վերականգնել:
Այս մասին հայտնեց Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) ուսումնամեթոդական բաժնի մասնագետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Մկրտչյանը:
Հողի էրոզիան կամ հողերի ողողամաշումը հողի մեջ գտնվող հումուսի օրգանական նյութերի տեղափոխումն է մի վայրից մյուսը ջրային կաթիլների միջոցով:
Ամենաշատն էրոզացված են այն հողատարածքները, որոնք գյուղատնտեսության համար ամենաշատն օգտագործվում են: Հայաստանում այդ տարածքները հիմնականում Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Արագածոտնի, Շիրակի մարզերն են:
«Արարատյան դաշտում գերինտենսիվ օգտագործում է: Ցանքաշրջանառությունը պետք է փոխվի, որը մեզ մոտ չի պահպանվում: Եթե նույն հողի վրա մի քանի տարի անընդմեջ նույն մշակաբույսը ցանվի, տարեց տարի բերքատվությունն կիջնի»,- ասում է աշխարհագրագետը:
«Մեր գյուղացին տեղեկացված չէ, թե ինչպիսի պարարտանյութ է իրեն պետք, և շատ հաճախ այնպիսի նյութեր է օգտագործում պարարտացման համար, որ ընդհանրապես անհրաժեշտ չի»,- այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտնեց «Հայ անտառ» հկ-ի ղեկավար Նազելի Վարդանյանը:
Ըստ նրա` գյուղատնտեսական ասոցացիաների ֆեդերացիայի կազմում ստեղծվել է հատուկ լաբորատորիա, որպեսզի պարզվի հողի պարունակությունը ըստ քիմիական տարրերի: Գյուղացին կոնկրետ կիմանա, թե ինչն է պակաս իր հողում և ինչպիսի պարարտանյութ է պետք և որ կուլտուրայի համար:
«Այժմ Հայաստանում համատարած սելիտրայի օգտագործում է. Ինչը բնականաբար սխալ է. տարիներ շարունակ ազոտային այդ պարարտանյութը տրվում է հողին, որը բնականաբար հագեցած կլինի»,- նշեց Նազելի Վարդանյանը:
Հայաստանում մշակահողերի տարեկան միջին հաշվով 3-4%-ը էրոզանում է: «Այս տեմպերով եթե շարունակվի, մոտ 50 տարի հետ Հայաստանում վարելահող չի մնա»,- նշում է Գագիկ Մկրտչյանը:
Էրոզիայի պայքարը պետք է մի քանի ուղղություններ
Ըստ մասնագետի` հողերի էրոզիայի պայքարը պետք է մի քանի ուղղությամբ տարվի: Դրանցից մեկը հողերի շիթային ոռոգումն է, ոչ թե առվակների տեսքով:
Առվակներում ջուրը քշում տանում է նաև հողը և նրա մեջ օգտակար օրգանական նյութերը, ինչպես նաև հաշվարկված է, որ այդ ձևով ոռոգման ժամանակ ջրի 70%-ը վատնվում է: Իսկ շիթային ոռոգման ժամանակ, երբ ցնցուղի նման ջուրը թափվում է հողերին, թույլ է տալիս խուսափել այդ ամենից:
Հողերի էրոզացմանը նպաստում են նաև հողատարածքների վարելու ձևը: Բենզինի խնայման համար տրակտորները վարում են ոչ խորը և ուղղաձիգ ակոսներով: Սակայն անհրաժեշտ է հորիզոնական վար և մինչև 20սմ խորությամբ, որպեսզի անձրևի ջուրը հոսելով չէրոզացնի վարելահողը:
Հայաստանի գետերը հիմնականում դուրս են գալիս Ադրբեջան և Վրաստան և իրենց հետ դուրս են տանում անձրևաջրերի հետևանքով գետեր թափված հողաշերտը և իր մեջ գտնվող օգտակար նյութերը:
Ադրբեջանում և Վրաստանում հենց սահմանի վրա ցանցեր են տեղադրում գետի հունի վրա, հողի օգտակար ծավալը որսում են և օգտագործում են իրենց հողերը բերրիացնելու համար:
Հաշվարկած է, որ Հայաստանից տարեկան մոտ 10մլրդ տոննա օգտակար հողային զանգված է դուրս գալիս գետերի միջոցով:
Հայաստանին դիմանում են միայն գիհին և արաքսյան կաղնին
Մարզերում տարբեր վայրերում մեծ քանակությամբ եղևնի և սոճի են տնկել, սակայն շատ արագ չորանում են: Հայաստանի նման չորային տարածքներում դիմանում են միայն գիհին և արաքսյան կաղնին:
Ի դեպ, 1900թ.-ին Հայաստանի այժմյան տարածքի 21%-ը (այսինքն 1/5-ը), եղել է անտառածածկ, 1980թ.-ին` անտառածածկ է եղել 11%-ը, իսկ հիմա պաշտոնական տվյալներով ընդամենը 8%-ն է անտառածածկ, սակայն իրականում այդ թիվն արդեն հասնում է 7%-ի:
No comments:
Post a Comment