Thursday, March 10, 2011

Վառարանը՝ արհեստանոցի և տան պատնեշ






Փայտե ծուռումուռ աստիճաններին նստած ձյունն ավելի էր դժվարացնում բարձրանալը։ Տնակի հարթակում դրված էին պլաստամասե շշերով լի պարկը, մի մեծ տաշտ, որտեղ ջուրը սառույց էր դարձել։ Մեկ սենյականոց տնակը բաժանված է երեք մասի. ննջարանը հյուրասենյակից` վարագույրով, իսկ հյուրասենյակը տանտիրոջ` կոշկակար Արթուր Քամարյանի արհեստանոցից` փայտի վառարանով։
Արհեստանոցի կողքի թախտին, որը գիշերը ծառայում է որպես մահճակալ, գործիքների, կոշիկների կողքին դրված է բջջային հեռախոսը, որը տան միակ հեռախոսն է։ Այն Արթուրի հորեղբոր տղայի նվերն է։ 40-ամյա կոշկակարին հեռախոսն անհրաժեշտ է միայն SMS-ի համար, քանի որ նա Հայաստանի այն 3500 մարդկանցից մեկն է, որոնք ունեն իրենց` ժեստերի լեզուն։
Վառարանը՝ արհեստանոցի և տան պատնեշ
Արթուր Քամարյանը սովորել է Երևանի խուլ ու համրերի հատուկ դպրոցում։ Տատի հետ էր ապրում։ 9-րդ դասարանում, երբ տատը մահացել է, փախել է Վանաձոր` կիսատ թողնելով ուսումը։
«Այնտեղ վատ էր. լավ չէին կերակրում»,- ասում է Արթուրը։
Սկզբում մանր առևտրով է զբաղվել, մինչև խուլ ու համր վարպետը նրան կոշկակարություն է սովորեցրել։ Ոչ մի հիմնարկ աշխատանքի չէր ընդունում…
1985 թվականից Արթուրն աշխատում էր Վանաձորի Կոշիկի ֆաբրիկայում։ Անկախացումից հետո` 1991թ., երբ այլևս չէր գործում ֆաբրիկան, սկսեց տանը աշխատել։
Այդ ընթացքում`1989թ., Արթուրը ամուսնացել էր Մարիամ Երթումյանի հետ։
Երկրաշարժից հետո Մարիամը Մեծ Պառնիից եկել էր Վանաձոր` քրոջ տուն։ Արթուրի ծնողները հավանել էին աղջկան և հորդորել որդուն ամուսնանալ։ Ընտանիք կազմելու մեջ մեծ դեր էր ունեցել նաև այն, որ թե՛ իրենց որդին, թե՛ աղջիկը լավ չէին լսում։
«Առաջին անգամ սպիտակ մեխակներ եմ նվիրել»,- հիշում է Արթուրը։


Արդեն 20 տարի է` ընտանիքը բնակվում է տնակում։ Այստեղ խոհանոցը սեղանի կողքի նավթավառն է և ափսեներով լի երկու թասերը։ Բաղնիքից և զուգարանից օգտվելու համար ընտանիքը գնում է Արթուրի ծնողների բնակարանը, որի շենքի բակում է գտնվում տնակը։
Առաջին հարկում գտնվող այդ բնակարանի պատշգամբը տնակի դիմաց է։ Այնտեղ դրված էին պլաստամասե շշերով չորս տոպրակ։
«Սրանցով ենք տանը ջուր օգտագործում։ Երբ լցնում եմ, կանչում եմ մերոնց, որ գան պատշգամբից վերցնեն»,- ասում է 17-ամյա Զավենը։
Զավենը Արթուրի ու Մարիամի մեծ որդին է, որն անցած տարի է ավարտել դպրոցը։ Զավենն ունի 15-ամյա եղբայր` Կարենը, ու 9-ամյա քույր` Աստղիկը։ Նրանք սովորում են թիվ 18 միջնակարգ դպրոցում։ Ի տարբերություն ծնողների` երեխաները լսողության հետ կապված խնդիր չունեն։ Նրանք են ծնողների հիմնական թարգմանիչները։
Զավենը և 9-րդ դասարանցի Կարենը երկաթ են հավաքում, հանձնում, բեռնակրություն են անում։ Այդ գումարով նրանք հոգում են ընտանիքի և դպրոցի ծախսերը։
«Եղբայրս 12 դասագրքից միայն երկուսն ունի»,- ասում է Զավենը։
Այս ամառ սարերում են եղել. հնձած խոտն էին դիզում։ «Չկարողացանք ներկա լինել ծնողներիս ծննդյան օրերին»,- գլուխը խոնարհելով` ասաց Զավենը։
Արհեստանոցի և տան բաժանման գիծ հանդիսացող վառարանի փայտը ևս հայթայթում են տղաները։
Վառարանի մի կողմում գետնին դրված է կարի մեքենան և մի քանի կիսադատարկ  շշեր, իսկ մյուս կողմում կոշկակարի արհեստանոցին հատուկ տարբեր սարքեր են և մի քանի զույգ կիսաքանդ կոշիկ։ Փոքրիկ պահարանում կողք կողքի շարված են գործիքները։ Պահարանը հենված է հյուրասենյակում դրված մահճակալին, որին նստած Աստղիկը` տան փոքրը, հեռուստացույցով սերիալ է նայում։
Արթուրը ևս նայում է հեռուստացույց` Լոռու մարզի լուրերը։ Երեխաներն են թարգմանում։ «Ուզում եմ իմանալ, թե ինչ օգնություն է մեզ հասնելու»,-ասում է Արթուրը։
Իր գործի համար անհրաժեշտ պարագաները նա ապառիկով ձեռք է բերում մոտիկ խանութից մինչև թոշակ ստանալը։
Քիչ չեն կոշկակարները Խնձորուտ թաղամասում, որտեղ բնակվում է ընտանիքը։ «Պատվերներ քիչ են լինում, օրական 3 զույգ, եղել են օրեր, երբ ընդհանրապես պատվեր չի եղել»,- պատմում է Արթուրը։
Շատ են հաճախորդները, որոնք ապառիկով են պատվերներ տալիս մինչև աշխատավարձ կամ թոշակ ստանալը։
Երբ պատվեր չի ունենում, երեկոն անց է կացնում Հայաստանի խուլերի միության Լոռու մարզի գրասենյակում։ Այնտեղ հավաքվում են միության մյուս անդամները, զրուցում են, նարդի են խաղում։
Վերջին տվյալներով 150 խուլ ու համր է ապրում Լոռու մարզում։ Այդ ցուցանիշով մարզը գրավում է երկրորդ տեղը Հայաստանում` Երևանից հետո։ Ըստ Հայաստանի խուլերի միավորման Լոռու մարզի նախագահ Գագիկ Սերոբյանի` Լոռիում միայն 25-ը աշխատանք ունեն։ Արթուրն այն 9 հոգուց մեկն է, ով ունի կոշկակարի մասնագիտություն։

1 comment: