Monday, March 28, 2011

Հայտարարությունների վերջն եկել է????



Երևան քաղաքի բոլոր հենասյուներին շերտ-շերտ փակցված հայտարարություններով կարելի է կարդալ քաղաքի «պատմությունը»: Միայն հենասյուները չեն. հայտարարություններ փակցված են պատերին, լուսակիրների և երթևեկության նշանների վրա:
«Դրանք քաղաքը կեղտոտում են, հատուկ տեղեր պետք է հատկացվեն: Ոնց որ կանգառները սիրուն սարքել են, մարդ կարդում է, բան է հասկանում: Համ էլ երբ պոկում են, հետքերը մնում է, տգեղ է»,- ասում է Եփրեմ Մատինյանը:

Էլմազ Գլջյանն էլ հավելեց. «Անիմաստ են, գոնե հայրենասիրական բաներ լինեին, մեկ-մեկ նույնիսկ տառասխալով են գրում: Կուսակցություններն են ինչ-որ բաներ գրում. դա բարություն չի տարածում, այլ չարիք: Պետությունը պետք է լուծում տա, օրինակ` թույլ չտա»:
Մեկն էլ ավելացրեց. «Պարզապես զզվելի է, եթե մի տեղ լիներ, լավ կլիներ, թե չէ սաղ քաղաքը, որտեղ նայում ես, կպցրած է»:
Այս խնդիրը լուծվելու է այս տարվա ընթացքում: Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական, Երևանի գլխավոր դիզայներ Վարդան Վարդանյանը:
«Հենասյուների վրա փակցված հայտարարությունների խնդիրը կա ամբողջ աշխարհում. տարբեր քաղաքներ տարբեր լուծումներ են փնտրում: Երևանում որոշվել է բոլոր հենասյուները 1.82 մ բարձրությամբ երեսապատել պլաստիկ շերտով, որը մայթի կողմից կունենա տարածք հայտարարությունների փակցնելու համար»,- հայտնեց Վարդան Վարդանյանը:
Ծրագիրն արդեն հաստատվել է, և այժմ լուծվում են ֆինանսական խնդիրները: «Որոշվել է բոլոր հենասյուների պլաստիկ մասի վերևում գովազդ տեղադրել, ի դեպ արդեն կան ցանկացողներ: Դրանով մենք կկոմպենսացնենք և կառուցման, և ընթացիկ սպասարկման ծախսերը: Դա կբերի նաև նրան, որ սպասարկող կազմակերպությունը ավելի հետևողական կլինի»,- նշեց Երևանի գլխավոր դիզայները:

Ինչ վերաբերում է պատերին, ստորերկրյա անցումներին փակցված հայտարարություններին և թղթիկներին, ապա քաղաքապետարանը կփորձի պարբերաբար մաքրել (դեռ պարզ չէ, թե ինչպիսի հաճախականությամբ). որոշ վայրերում կտեղադրվեն հայտարարությունների ցուցատախտակներ: 
Հենասյուների վրա հայտարարությունների համար տարածքներ տրամադրելուց հետո քաղաքապետարանը կմաքրի մնացած բոլոր տեղերում փակցված հայտարարությունները: «Ունենալով հայտարարությունների համար հատուկ վայրեր` մենք էլ արդեն կարող ենք պահանջողական դիրք ընդունել»,- հայտնեց Վարդան Վարդանյանը:



No comments:

Post a Comment