Tuesday, March 1, 2011

«Ոչ ոք ստեղծված չէ պատերազմի համար». Աֆղանստան


Հրաչյա և Մեխակ
Որդիներին բանակ ուղարկելուց 3 ամիս հետո մայրը` Գիլնար Աղաբաբյանը, նամակ ստացավ. «Մեզ տանում են Աֆղանստան, որի՞ս կուզես, որ տանեն»։ Պատասխանեց. «Երկուսդ էլ գնացեք, Աստված ձեզ հետ. իրար թև ու թիկունք կլինեք»։

Թռիչք դեպի անհայտություն

1985 թվականն էր. Հրաչյա և Մեխակ Խաչիկյան եղբայրներին և էլի մոտ 30 հոգու ինքնաթիռը տանում էր դեպի մի նոր աշխարհ։ Ինքնաթիռում ողևորներին ասել էին, որ զինվորների հետ չշփվեն։ Երբ հարցնում էին, թե ուր է գնում ինքնաթիռը, ասում էին` չգիտենք։
Ինքնաթիռը նրանց տարավ Թուրքմենիա, որտեղ 3 ամիս պատրաստվեցին պատերազմին։


Առաջին ծուղակը


Երկու եղբայրներով խոշոր տրամագծի գնդացիր էին կրակում, սակայն երբեք չեն կանգնել մի գնդացիրի մոտ. դա նրանց կանոններից մեկն էր։
Կիրճով էին անցնում։ Արդեն մոտ էին զորամասին և անհավանական էր, որ կհարձակվեն։

Պայթեցրին առաջին և վերջին մեքենան, ծուղակի մեջ էին։ Ընդհանրապես երբ հարձակում է լինում, բոլորը թաքնվում են մեքենաների տակ և սպասում գնդացիրների պատասխան կրակոցին։
Եղբայրները մի պահ չգիտեին, ինչ անել, բայց երբ տեսան, որ բոլորը իրենց են սպասում, ու սկսեցին կրակել գնդացիրներից։ Ռադիստներն արդեն հասցրել էին հաղորդել հարձակման մասին. 5-10րոպեից ուղղաթիռները եկան օգնության։

Աֆղանները...

Մեխակը 2 աֆղանի հետ
«Մի նկար ունեմ աֆղան առևտրականների հետ։ Նրանք ֆոտոապարատ չէին տեսել։ Ու երբ նկարողը դրեց աչքին, նրանք վախեցած ուզում էին փախչել։ Երկու ձեռքով թևանցուկ արեցի, որ նկարվենք»,- հիշում է Մեխակը և ավելացնում. «Մինչև այժմ իմ զինվորական հագուստի գրպանում կա մի գրիչ, որ վերցրել եմ մի աֆղանցուց 1986թ. իմ ծննդյան օրը»։
Աֆղան կին չենք տեսել. եթե զինվորը կնոջ չադրան բարձրացներ, նույն վայրկյանում կխփեին։ Բայց մի դպրոց կար, որտեղ բարձր պատերով պարսպատված էր. այնտեղ մինչև 14տ. աֆղան աղջիկներ էին առանց չադրայի։ Դե, մենք էլ մեքենայով այդ մասով անցնելիս բարձրանում էինք մեքենայի վրա, որ նայեինք պարսպի վրայից։

10 օր սոված

Մի օպերացիայի ժամանակ սնունդը պետք է ուղղաթիռով ուղարկեին, սակայն աֆղանները հասկացել էին, թե որտեղից է գալիս ուղղաթիռը, և պայթեցնում էին։ Մոտ տասը օր ուտելիք չունեինք։
Մեքենայի հատակից մի կտոր չոր հաց գտանք, սղոցով սկսեցինք կտրել, մյուսները ձեռքի ափերը պահել էին, որ փշուրները չթափվեն։ Մեխակն էլ մի հատ սոխ գտավ։ Մի տասը հոգով կերանք այդքանը։

Մեխակը ականապատված դաշտի կենտրոնում

Գետի մոտ ձուկ ու խեցգետին էին տղաները բռնում, բայց 20 հոգով մի փոքր մասում կանգնած։ Մտածեցի, թե ինչո՞ւ են այդքան ազատ դաշտը թողած կանգնել այդ փոքր տեղը ու որոշեցի գնալ ավելի վերև, այնտեղ հաստատ ավելի շատ կլինի։ Ու առանց նկատելու, որ այդտեղ մեծ ցուցանակով գրված է «Ականներ», շարժվեցի առաջ։ 15-20 մետր  գնացի. մեկ էլ Հրաչը գոռաց` չշարժվես, ոչ մի քայլ չանես։ Վախից քարացա. Հրաչն ասում է` շրջվիր ու նայիր եկած ոտնահետքիդ ուշադիր, որ ական չլինի ու առաջ արի։ Այդպես քայլ առ քայլ շարժվում էի. նայում էի դաշտին ու ավազից լավ չէի կարողանում լավ նայել։ Այդպես մի կերպ դուրս եկա իմ ոտնահետքերով։

«Բարև մամ ջան, լավ ենք, հաջող»

Նամակներ ուղարկելիս մայրը ուրց, դաղձ, աղացած սուրճ, անգամ փող էր ուղարկում։
«Հենց բացում էինք ծրարը, սուրճի հոտն ընկնում էր, զինվորները հավաքվում էին։ Ստիպված մի երեք լիտրանոց բանկում լցնում էինք այդ երկու գդալ սուրճը ու բոլորով խմում»,-ծիծաղելով պատմում է Հրաչյան։
            Մայրն ամեն օր որդիներից նամակներ ստանում էր։ Եղբայրներն ամիսը մեկ, երբ լինում էին զորամասում, 15-20 նամակ էին գրում տարբեր ամսաթվերով, բայց նույն բովանդակությամբ` «Բարև մամ ջան, լավ ենք, հաջող»։ Ու խնդրում, որ զորամասի զինվորները պարբերաբար գցեն փոստարկղ։

Վերադարձ հայրենիք

Վերջին օրը կանչեցին և ասացին` քսան րոպեից պատրաստ եղեք, գնում եք հայրենիք։ Ի՞նչ 20, տասը րոպեից պատրաստ կանգնած էինք։
Մեզ տարան օդանավակայան, բայց 20 ժամ ինքնաթիռ չկար, արդեն ասացին հետ գնացեք զորամաս։ Այդ ժամանակ բեռնատար ինքնաթիռ էր եկել Տաշքենդից, սպասում էր` բանվորները բեռը դատարկեն, որ հետ վերադառնա։
Բեռնաթափենք ինքնաթիռը և տեղավորվեցինք հատակին։ Օդաչուներն ասացին, քանի դեռ կարմիր լույսը վառվում է, Աֆղանստանի սահմանում ենք։ Մեզնից առաջ մի ինքնաթիռ էին պայթեցրել։ Սպասում էինք. կարմիր լույսը հանգավ, ու վառվեցին ինքնաթիռի լույսերը։ Այնպիսի ուրախություն էր, բոլորը գրակախառնվում էին:
…Մայրն այդ օրը աշխատանքի էր` մանկավարժական ինստիտուտի բուֆետում։ Երկար դասամիջոցն էր, և բուֆետը լիքն էր ուսանողներով։ Սկուտեղով ուսանողին ուտելիք տալիս նկատեց որդիներին. «Սկուտեղն ընկնում էր ձեռքիցս, ուշաթափվեցի։ Երբ ուշքի եկա, կոնֆետներ բաժանեցի բոլոր ուսանողներին»։
Հայրը ևս աշխատավայրում էր. առանց նախազգուշացնելու եղբայրները գնացին նաև հոր մոտ։ Որդիներին տեսնելով հայրը գրկեց նրանց և որոշ ժամանակ լուռ կանգնել էր։

20 տարի հետո


«Եթե հնարավորություն լիներ, որպես տուրիստ կգնայի։ Հեռուստացույցով երբ ցույց են տալիս այդ կողմերը, ամեն գործ թողած սկսում եմ նայել, որ գտնեմ ծանոթ վայրեր, փողոցներ...»,-խոստովանում է Մեխակը։
Այժմ Հրաչիկ Խաչիկյանը, որը նաև անցել է Ղարաբաղյան պատերազմը, աշխատում է թիվ 3 միջնակարգ դպրոցում որպես զինղեկ, իսկ Մեխակ Խաչիկյանն ունի սեփական բիզնեսը։
Նրանք ստացել են մեդալներ` զինվորական ծառայության համար, աֆղան ժողովրդի կողմից։

Ոչ ոք ստեղծված չէ պատերազմի համար

Կա մի խոսք. ով կտիրի Աֆղանստանին, կտիրի ամբողջ Միջին Ասիան։ Գուցե հենց դա է պատճառը, որ 200 տարի շարունակ բոլոր գերտերությունները ձգտել են գրավել այդ տարածքները։ Երբեք չդադարող պատերազմները ստեղծեցին էությամբ զինվոր ազգություն։ Աֆղանները ծնվում են զինվոր և մեռնում իբրև զինվոր։
ԽՍՀՄ-ի հետ Աֆղանստանի պատերազմը սկսել է 1979թ. և տևել է 10 տարի։ Հայաստանից 4000 զինվոր է մասնակցել պատերազմին, որից 98-ը զոհվել է։

Այժմ էլ Աֆղանստանը գտնվում է ԱՄՆ-ի տիրապետության տակ։ Իզուր չեն ասել, որ Աֆղանստանի պատերազմը բոլորի համար սկիզբ ունեցել է, բայց վերջ չունի...

1 comment: