-Ոչ, ես ցանկանում էի դառնալ աստղագետ կամ բալետի պարուհի:
-Հանգամանքնե՞րը ստիպեցին դառնալ երգչուհի:
-Որովհետև արվեստի մեջ եմ մեծացել, փոքր հասակից երգում էի. վերցնում էի օծանելիքի մի սրվակ և սկսում էի բերանս բացուխուփ անել, հետո արդեն սկսեցի ինքս երգել: Եղան առաջին ծափահարությունները. իսկ դրանք կախարդական էին: Գոյություն ունի ծափահարության լեզու. միայն արտիստը գիտի այդ լեզուն:
-Ի՞նչ է պետք, որպեսզի Ձեզ համարեք ամենաերջանիկ մարդը:
-Ես չեմ ուզում ինձ համարել ամենաերջանիկ մարդը, քանի որ կարծում եմ` ամենաերջանիկ իրեն համարում է հիմար մարդը: Յուրաքանչյուր կնոջ պետք է իրենից ուժեղ տղամարդ, իսկ հիմա չկան նման տղամարդիկ, քանի որ կինը մեծ ուժ է:
-Ասում են՝ կինը ուժեղ է, քանի որ նրա ուժը իր թուլության մեջ է, համամի՞տ եք:
-Դրանք «ստից» արտահայտություններ են: Կինը իսկապես ուժեղ է, բայց ավելի ուժեղ է, երբ լռում է այդ մասին:
-Կա՞ մի վայր, ուր գնում եք, երբ տխուր եք լինում:
-Այո, իմ սենյակը: Ցավոք սրտի, մասնագիտության բերումով ես իրավունք չունեմ իմ տխրությունը ցույց տալու: Դա պետք չէ ժողովրդին, նա առանց ինձ էլ շատ դարդ ունի, ինչո՞ւ իմ հոգսն էլ պարտադրեմ նրան: Երբ տխուր եմ լինում, ես տեղ ունեմ գնալու` ես գնում եմ «իմ մեջ»: Դա դուք չեք տեսնի:
-Ցանկացած արտիստ պնդում է, որ իր համար ամենալավ տեղը բեմն է, երբ նա երգում է, իսկ Ձեզ համար ո՞րն է:
-Ինչպիսի՞ բեմ նկատի ունեք: Ես երգել եմ խրամատներում. դրանք իմ կյանքի ամենահուզիչ բեմերն են եղել: Ես դուրս էի գալիս երաժշտական դպրոցի ավերակներում տղեքի համար երգելու իմ ամենաթանկ հագուստով: Դա իմ սկզբունքն է. ես երբեք ոչ մի համերգի մատների արանքով չեմ նայում: Եթե երգում եմ, ուրեմն իմ ամբողջ փայլով և իմ կարողությունների ներածին չափով:
-Սնահավա՞տ եք:
-Ոչ, ինձ ոչինչ չի կարող վախեցնել. աստված ինձ հետ է: Թեև ունեմ թալիսման, սկզբունքներ, որոնց միշտ հետևում եմ:
-Եղե՞լ է դեպք, որ հակառակվեք Ձեր սկզբունքներին:
-Մի բան կա աշխարհում, որի համար ես դեմ կգնամ իմ սկզբունքերին ` իմ տղան, որը շուտով կլինի 6տ.: Ինձ կհասկանան միայն մայրերը:
-Հոբբի ունե՞ք:
-Այո, մոմեր եմ հավաքում: Աշխարհի տարբեր տեղերից մոմեր եմ բերել: Հիմա նոր հոբբի եմ գտել. ծաղիկներ եմ աճեցնում պատշգամբում: Մերոնք կարող են ասել, թե ինչպես եմ ես այդ սերմերի հետ խոսում` համոզելով, որ դուրս գան: Ու համոզեցի` մի քանի հատը արդեն դուրս են եկել: Պաչիկ եմ արել...
-Ի՞նչ ծաղիկ եք սիրում:
-Սիրում եմ աշխարհի բոլոր ծաղիկները: Չեմ սիրում, երբ դաշտային ծաղիկները քաղում են: Այդ պատճառով էլ մեզ կարծես պատժում են իրենց սուր բույրով. նրանք գեղեցիկ են դաշտում, երբ պարում են քամու երաժշտության տակ:
-Իսկ ի՞նչ ծաղիկ եք սիրում նվեր ստանալ:
-Ծիրանագույն վարդեր:
-Ամենահետաքրքիր նվերը, որ ստացել եք:
-Շատ նվերներ են եղել: Ամեն տարիքում ստացած յուրաքանչյուր նվեր ինձ համար թանկ է և հաճելի` անկախ նրա արժեքից: Իսկ թե կոնկրետ ինչեր եմ ստացել, նռան ծառը, որ նվիրել են իմ ընկերները… իմ փիսիկը, որը հիմա տանը ինձ է սպասում: Մի հրաշք է` պարսկական, համարյա վարդագույն մի գնդիկ է:
No comments:
Post a Comment