Թեև Գյումրիի
այս թաղամասում բոլորը գիտեն Ժամկոչյանների տան տեղը, այնուամենայնիվ, անմիջապես կարելի
է հասկանալ, որ մոտենում ես վարպետի տանը, երբ դռան հետևից լսվում է մուրճի հարվածների
ձայնը. Հասկանում ես, որ ճիշտ հասցեով ես եկել. սա հայտնի մուշուրբա սարքող վարպետ
Էդիկի տունն է: Մուրճի հարվածների ձայնը չի խանգարում կողքի սենյակում քնած թոռանը՝
փոքրիկ Վահեին: «Հետաքրքիր երեխա է. մուրճի ձայնից չի արթնանում, իսկ եթե բարձր խոսինք,
կզարթնի»,- շշուկով ասում է պապը՝ շարունակելով թխթխկոցը:
Մուշուրբայի գաղտնիքը
Մուշուրբան
պղնձից պատրաստված բաժակ է, որը կլկլան է դարձրել վարպետ Էդիկի հայրը Սուրեն Ժամկոչյանը:
«Ներսում այնպես է հարմարեցված, որ երբ ջուրը լցվում է, օդը մեջն է մնում, և խմելիս
պղպջակներ է առաջանում ու լսվում է կլկլոցի ձայնը: Կլկլոց չի եղել, էս հայրիկս է հայտնաբերել.
քթի ծակ է ունեցել, էսի իրա շնորհքն է: Ես ոչ մի բան չեմ ավելացրել, ոչ մի բան, չկա
էլի էդ քթի ծակը»,- գյումրեցուն հատուկ հումորով պատմում է վարպետ Էդիկը:
Գործիքները երկար պատմություն ունեն
Վարպետի արհեստանոցը
տան նախաշեմն է, դազգահը սովորական փայտե կոճղը, իսկ գործիքները երկար պատմություն ունեն:
«Պղնձագործությունը
եղել է մեր պապական արհեստը, այս մկրատը, այս մուրճերը, բոլորը Էրզրումից բերած են:
Միայն այսքանն է ինձ հասել, մնացածը թողել են Էրզրումում, ծանր են եղել: Տարբեր գործիքներ
են բերվել, պղնձից տարբեր չափսերի ամաններ են սարքել»,- ցույց տալով հսկայական մետաղյա
մկրատը՝ պատմում է վարպետ Էդիկը:
Նրա հայրը
երկար տարիներ պղնձից ամանեղեն էր սարքում Գյումրիում, մինչև սկսվեց ալյումինե, էմալե
ամանեղենի դարաշրջանը: Եվ քանի որ դրանք ավելի էժան էին, պղնձագործությունը որպես արհեստ
մղվեց երկրորդ պլան:
«Մինչև հիմա
էլ Մերձավոր արևելքում կա պղնձագործությունը, իսկ հենց այս մուշուրբայից չկա. սա միակն
է»,- հպարտորեն պատմում է 66-ամյա Էդուարդ Ժամկոչյանը, ով արդեն 35 տարի սարքում է
տարբեր չափերի մուշուրբաներ ամենատարբեր մարդկանց համար:
Առաջին մուշուրբան- առաջին սերը
Այնուամենայնիվ
ինչպես առաջին սերը, նա միշտ հիշում է իր առաջին մուշուրբան: 31 տարեկան էր, աշխատում
էր Գյումրիի Սառնարանային կոմպրեսորների գործարանում՝ հղկող հաստոցների վրա: «Ես ժամանակ
չունեի մուշուրբա սարքելու. Աշխատանքն էր, հետո ընկերական շրջապատը, չէի մտածում արհեստի
մասին»,- հիշում է վարպետ Էդիկը:
1976թ. գործարանը
երկու ամիս պարապուրդ ունեցավ, իսկ ընտանիքին պահելու համար գումար էր անհրաժեշտ: Հայրն
արդեն թոշակի էր գնացել և տնային պայմաններում պատրաստում էր պղնձե իրեր, որոնց թվում
նաև մուշուրբան:
«Սկսեցի հորս
օգնել: Դե աչքս տեսել էր մինչ այդ, երկու շաբաթից արդեն պատրաստում էի: Առաջինը հիշում
եմ. էն չէր, ինչ-որ հիմի, հիմի աչքերս խփած կենեմ… Հորս պատվերն էր, մեկ օրում սարքեցի.
հիմա էլ մի հատը 7 ժամում եմ պատրաստում»,- պատմում է վարպետ Էդիկը՝ չդադարելով մուրճել
հերթական մուշուրբան: Հետո մի պահ դադարեցրեց՝ կարծես հիշեց այդ ճակատագրական օրը.
«Հորս ուրախությանը չափ չկար, ինչ որ ես հիմա էսպես ուրախացել եմ, երբ որ Վահանս պատրաստե
գը»:
Պապ-հայր-թոռ
Տղան՝ 29-ամյա
Վահանը, այժմ օգնում է հորը, կոկվածքը տալիս է, որից հետո ժամեր շարունակ հայրը սկսում
է մուրճով ծեծել մուշուրբան՝ բերելով նրան իդեալական վիճակի: «Մի քանի տարի առաջ շատ
ծանր հիվանդացա, հրաշքով եմ կենդանի մնացել, և հիմա որդիս չի թողնում, որ շատ աշխատեմ»,-
մի պահ տխրում է վարպետը:
3 տարի առաջ տեղի ունեցավ այդ դժբախտությունը, և հենց դա էլ
եղավ ճակատագրական Ժամկոչյանների ընտանիքում և նրանց պապենական արհեստի համար:
«Հայրս առողջական
խնդիրներով հիվանդանոցում պառկած էր, ես էի մնացել տանը, ես պետք է հարց լուծեի, այլ
տարբերակ չկար, չէի աշխատում... Նստա, սկսեցի սարքել, սարքում էի, զանգում հորս, հարցնում
էի, թե ինչըղ էնեմ, ինչըղ չենեմ, հիվանդանոցում պառկած պապան ուղղություն տվեց, սարքի:
Էդ օրը տարա հիվանդանոց, նայեց, ըսավ՝ լավ է,- հիշում է Վահան Ժամկոչյանը՝ վարպետ Էդիկի
որդին:- Մինչև էդ շատ երկար տարիներ օգնել եմ փոքր հասակից 11-12տ.-ից: Ծնվել-չեմ ծնվել
ես այս արհեստի ամեն ինչը տեսել եմ, հարազատ է ինձ համար:
Կարելի է ասել, որ իմ կյանքի
ամենակարևոր պահերից մեկն է, շրջադարձային»:
Վահանը համոզված
է. պետք է շարունակի հոր գործը մինչև վերջ, իսկ եթե արդեն նրա որդին չցանկանա շարունակել…
«Տխուր փաստ կլինի ինձ համար, բայց չեմ ստիպի, գուցե երկրորդ որդի կունենամ, ով կշարունակի…,-
համոզված է Վահանը, ով տան երկրորդ որդին է: -Մեր պապական արհեստն է, հասել է ինձի,
ես որ թողեմ, էդիկ ամոթ է, ճիշտ չէ լինի: Այսօր մեր ընտանիքի գոյատևման աղբյուրն է,
հերս ուրախ է, պապս որ կենդանի լիներ, ինքն էլ կուրախանա, այդ ամենը թույլ չի տա չշարունակել.
ափսոսանքը շատ է»:
Վարպետ Էդիկը
ցավով նշում է, որ մեռնող արհեստ է, սակայն աշակերտների մասին չի էլ մտածում. «Բոլորովին
ցանկություն էլ չունեմ: Ինձ շատ են առաջարկել աշակերտներ պահել. էսիգ իմս է, ինչի կվերցնեն…»
Նա չի սիրում
նաև վերավաճառությունը. մուշուրբա կարելի է գնել միայն վարպետի տանից. «Չեմ սիրե ինչ-որ տեղ վաճառել. ես քրտինք
եմ թափել, դրել եմ 8000 դրամ, նրանք ոչ մի բան չեն ըրե, դրել են 15000: Բան չեղած տեղը
փոխ կաշխատեն… սիրուն չէ»:
Մուշուրբաները հիմնականում պատրաստվում են լուտունից է, ինչպես նաև
արծաթից, պղնձից: «Երբ մի քիչ իմ ուզածով չի լինում, քիչըմ կտխրիմ, չնայած հաճախորդը չի հասկընա, որտեղն է սխալ, բայց իմ տրամադրությունս կընկնի: Արծաթների վրա հատկապես կուրախանամ, սիրուն է»,-
ասում է վարպետը:
Ամենահիշվող մուշուրբան պատրաստել է երեխաների՝ մեծ որդու և
դստեր համար. «Թնդանոթի արկից եմ պատրաստել. դա սվարկի տեղ չունի, լրիվ կլոր է»:
«Մունդառ Էդիկ»
Վարպետ Էդիկը չորս եղբայրներից ամենափոքրն է. նա է մնացել հոր
հետ ապրելու, դրա համար էլ իրեն է փոխանցվել արհեստը:
Իր մասին միշտ ասում է. «Լավով շատ կուրախանամ, վատով կտխրեմ, իմ բնավորությունս էդպես է, երբ մի վատ բան է կըլնե, ամիսներով միջիցս դուրս չի գա: Հեչ մեկին վատ բան չեմ կամեցել, չեմ ըրե, երբեք, կարող է մի հատըմ չատալ (ռագատկա) խոսք ըսեն, շատ շուտ կազդվեմ: Փոքր ժամանակ ընկերներս ինձ կըսեին «մունդառ Էդիկ», վազել եմ մորս մոտ, ասել՝ բա ես մունդառ եմ»:
Բացի արհեստը սիրում է նաև... «Մարդը արվեստից, հումորից, երաժշտությունից հեռու որ եղավ, էդիկ մարդ չէ, կոպիտ, անտաշ բեռ է երկրագնդիս վրա: Ես դասական երաժշտություն եմ լսում, ոչ բոլորը, որովհետև չեմ հասկնա, բայց որը կհասկնամ, շատ դուր կգա»: Վարպետը խոստովանում է. կինը՝ Անահիտը, շատ հարցերում է աջակցում իրեն.
«43 տարի իրար հետ ենք ապրել, քիչ չէ, երևի մի քսան տարի էլ կձգենք էլի... Ոչ շատին կուրախանամ, ոչ էլ քչին կտխրեմ: Իմ տունս էս է, շատ չեմ ուզել... լավ է»:
Արհեստը ոսկե ապարանջան է
«Շատ տխուր է Գյումրիի վիճակը, թեև այսքան տարիների ընթացքում շատ բան է փոխվել, քանդված շենքերը վերականգնվել են,- խորհում է վարպետը: -Որպես վարպետաց քաղաք՝ Գյումրին դեռ շարունակում է մնալ. կան ուժեղ վարպետներ, էն որ ավագ սերունդն է: Ենթադրենք՝ էն վարպետը, որ խառատ է աշխատել, երեք աղջիկ ունի, վերջ, իրենից հետո էդ ձևի վարպետ էլ չի կրնա պատրաստի, աշակերտ չի վերցնի, շատ-շատերը չեն վերցնի: Իհարկե չկորելու համար արժե, որ աշակերտ գոնե վերցնեն…»:
Այն երիտասարդներին, ովքեր աշխատանք են փնտրում, վարպետ Էդիկը
խորհուրդ է տալիս. «Արհեստը ոսկե ապարանջան է, թող սովորեն, իսկ եթե ունեն իրենց արհեստը, թող շարունակեն: Ինչպես ասում են, որ արհեստավորը մինչև կեսօր է սոված, մինչ այդ դիմանում է»:
Մուշուրբան դարձել է Գյումրիի խորհրդանիշներից մեկը. մի քանի
տարի շարունակ քաղաքում անց է կացվում «Ոսկե մուշուրբա» մրցանակաբաշխություն, որի ժամանակ ոսկեջրած մուշուրբաներ
են տրվում տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած ընկերություններին, մարդկանց:
Բոլոր մուշուրբաների վրա կարելի է տեսնել վարպետ Էդիկի «ֆիրմային նշանը»՝ «ԺԷՍ» (Ժամկոչյան Էդիկ Սուրենի):
Նրա համբավը վաղուց դուրս է եկել հարազատ քաղաքից. «Վազգեն Առաջին, Արմեն Ջիգարխանյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, կան էլի...»,- թվարկում
է իր պատվիրատուներին վարպետ Էդիկը:
Հասարակության կողմից նման մեծ ուշադրությունը ներքուստ ուրախություն է պարգևում վարպետին. «Կուրախանամ, որ կգնահատին չարչարանքս, մարդու դեմքին կնայեմ, եթե ուրախ ժպիտով կնայե, լավ կզգամ ինձի, որ արածս գործը կգնահատեն»:
No comments:
Post a Comment