Բոլորն իրենց կյանքում սպասում են կանաչ լույսի, իսկ նրան պետք էր կարմիր լույսը…Նա կանգնում էր մայթին և սպասում, թե երբ վերջապես կհայտնվի կարմիր լույսը, և կկանգեն մեքենաները… Նրա անհամբեր աչքերը փնտրում էին ուրիշ աչքեր, հոգատար, ավելի ճիշտ` խղճահար աչքեր…
Մեկ ոտքը քարշ տալով` նա մոտեցավ առաջին մեքենային, անհամարձակ մեկնեց ձեռքը, իսկ վարորդը նույնիսկ չնայեց նրան… «Երևի շտապում է»,- իսկույն արդարացում գտավ նա և շարժվեց առաջ (չէր կարելի վայրկյան իսկ կորցնել): Հաջորդ վարորդը նույնպես չնայեց նրան: «Հիմա բոլորն էլ շտապում են»,- նորից արդարացրեց նա: Կարմիրը փոխվեց կանաչի. ինքն այլևս փողոցի տերը չէր…
Կամաց շարժվեց դեպի մայթը, բայց այս անգամ նա չէր հասնելու այդքան ցանկալի մայթին…Անթացուպներից մեկն ընկավ, և նա քարացած կանգնեց. մեկ նայում էր հենակին, մեկ` մեքենային, որը շարժվում էր դեպի իրեն. «Նա անպայման…»:
…Նա ընկած էր գետնին` իր հենակի մոտ. ինքը անթացուպից թույլ գտնվեց: Հենակը քաշեց իրեն ներքև:
Արյան մեջ նա տեսավ կարմիր լույսը…Քմծիծաղը շուրթերին` ինչպես վայել է արքաներին, նա մահացավ: Նա արքա էր, փողոցի արքա:
Իսկ կարմիր լույսը շողում էր արյանը հատուկ դաժանությամբ, նրա արյամբ…
No comments:
Post a Comment